HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջելու պատճառով ծեծի ենթարկված երիտասարդները բողոքի ակցիա են իրականացնում

Քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնելու համար երեկ երեկոյան ծեծի ենթարկված 7 ցուցարար այս պահին Երեւանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում:

Նրանք ինչպես երեկ, այնպես էլ այսօր պահանջում են Երեւանի քաղաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը:

Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում նշեց երեկվա պատահարից տուժած Համբարձում Մուրադյանը, ժամը 21:00-ի սահմաններում, երբ յոթ հոգով բարձրանալիս են եղել Բաղրամյան պողոտայով եւ ճանապարհին հանդիպած քաղաքացիներին կոչ են արել այսօր առավոտյան 08:30-ին կրկին հավաքվել Երեւանի քաղաքապետարանի դիմաց, «Սաս» սուպերմարկետից քիչ ներքեւ «Շեվրոլետ Նիվա » մակնիշի 17 GO 707 համարանիշով մեքենայի հետեւի սրահից մի տղամարդ դուրս է եկել եւ հարձակվել Համբարձումի վրա: Նրա փոխանցմամբ՝ հարձակվողը ասել է՝ արա, դե զզվացրեցիք, եւ ջարդել նրա ձեռքի բարձրախոսը ու փախուստի դիմել:

50-ին մոտ այդ տղամարդը նաեւ հարձակվել է Էդգար Վարդանյանի վրա եւ հարվածել դեմքին, որի արդյունքում քթի սալջարդ է ստացել: «Գնում էի բռնեի նրան, որ չփախնի, ոստիկանություն գա, անձնական վիրավորում հասցրեց եւ հարվածեց դեմքիս: Հետո արդեն նստեց մեքենան եւ հեռացավ»,- նշեց Էդգարը:

Տղաները կարողացել են րոպեների ընթացքում փակել Բաղրամյան փողոցի այդ հատվածը եւ տեղում գտնվողների ուշադրությունը դեպքի վրա հրավիրել:

Ցուցարարները շտապօգնություն են կանչել եւ ոստիկանների: Նրանք հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվել, եւ Համբաձրումն ու Էդգարը գնացել են Արաբկիրի ոստիկանական բաժանմունք:

Չնայած վարորդը փախուստի է դիմել, սակայն ոստիկանները հայտնաբերել են այն մեքենան, որով նա եկել էր եւ տեղափոխել են Արաբկիրի ոստիկանական բաժանմունք: Այս պահին ոստիկանական բաժանմունքում դեպքի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում, եւ այսօր կեսօրին տղաները պետք է գնան դատաբժշկական փորձաքննության:

Տղաներն ասում են, որ պատրաստվում են այսօր փակել քաղաքապետարանի դիմացի փողոցները եւ աշխատանքային ժամի ավարտին արդեն կփակեն քաղաքապետարանի մուտքերը, որ աշխատակիցները չկարողանան դուրս գալ շենքից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter