HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Սասնա ծռերի» գործով նիստը վերսկսվեց. քննվում են խափանման միջոցները փոխելու միջնորդությունները

«Սասնա ծռերի» գործով նիստը սկսվեց դատարանի դահլիճում հավաքված խմբի բարձր կոչերով, ծափահարություններով ու «Սասնա ծռեր» վանկարկումներով։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում նիստը` մոտ մեկուկես ամիս չկայանալուց հետո վերսկսվեց, նախագահում էր դատավոր Արշակ Վարդանյանը։

Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով նիստը քննում էր դատավոր Արթուր Օհանյանը, սակայն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով՝ մարտի 14-ին դադարեցվել են դատավորի լիազորությունները, իսկ գործը՝ մակագրվել դատավոր Արշակ Վարդանյանին:

Այսօր այս դատավորի եւ կողմերի մասնակցությամբ առաջին նիստն էր։ Նիստը սկսելուց առաջ դատավորը պարզեց ամբաստանյալների ինքնությունը՝ նշելով նաեւ նրանց դիրքորոշումը կատարվածի վերաբերյալ։ Ներկայացրեց նրանց նկատմամբ առաջադրված մեղադրանքները։

Մարտիրոս Հակոբյանի ինքնությունը ճշտելու ժամանակ, «Սասնա ծռեր» խմբի անդամը նորից անդրադարձավ, որ քրեակատարողական հիմնարկից տեղափոխելու ժամանակ մեքենայում չեն հանում ձեռքի շղթաները, որն անհարմարություն է պատճառում, դատավորը նշեց, որ հարցին հետո կանդրադառնան, երբ ավարտեն ինքնությունների ճշտումը, որին ի պատասխան՝ Մարտիրոս Հակոբյանը՝ Ձեդը, հայտնեց. «Աչքը տեսածից է վախենում, դրա համար նախօրոք եմ ասում»։

Իսկ երբ դատավորը ճշտեց Վարդան Գերավետյանի ինքնությունը եւ հրապարակեց նրան առաջադրված մեղադրանքը, «Սասնա ծռերի» անդամն ասաց, որ դուրս է եկել իշխանությունը յուրացնողների դեմ։

«Ես իմ սուրբ պարտքն եմ համարել դուրս գալ այդ համակարգի դեմ, ուզում եմ հիշեցնել նաեւ դատախազներին, որ հայրենիքը քառակուսի մետրերով չեն չափում, ես գտնում եմ, որ ամեն հայի սուրբ պարտքն էր ոտքի կանգնել եւ գնալ ու տրորել այդ իշխանությանը»,- ասաց Վարդան Գերավետյանը։ Մեղադրանքի վերաբերյալ էլ նշեց, որ մեղադրանքը շինծու է։

Դատավորը նշեց նաեւ, որ խմբի անդամներին դատական գործընթացի ընթացքում չի դիմի ամբաստանյալ բառով, այլ կդիմի ազգանուններով։

Դատավորը հրապարակեց դատարան մուտք եղած փաստաթղթերը, ինչպես նաեւ միջնորդությունները։

Միջնորդություններ` խափանման միջոցը փոխելու կամ ազատելու վերաբերյալ

Միջնորդություններ ներկայացրեց փաստաբան Դավիթ Գյուրջյանն իր պաշտպանյալ Արամ Հակոբյանին դատաբժշկական փորձաքննության ենթարկելու համար, իսկ մյուս միջնորդությունը Արամ Հակոբյանի եւ Վարդան Գերավետյանի խափանման միջոցը փոխելու մասին էր, փաստաբանը հայտնեց, որ մինչեւ դատավորի կողմից դատաքննությունը նշանակելը, որեւէ խափանման միջոց իր պաշտպանյալների վերաբերյալ չի եղել, ուստի միջնորդությունը ազատ արձակելու մասին է, քանի որ խափանման միջոց ընտրված կալանքը եղել է մինչդատավարական վարույթի ժամանակ։ Որպես այլընտրանքային պահանջ նշեց խափանման միջոցը փոխարինելը։

Փաստաբանը նշեց նաև, որ իշխանափոխության լույսի ներքո իրադրություն է փոխվել։

Արամ Հակոբյանի առողջական վիճակի վերաբերյալ փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալն ունի այնպիսի հիվանդություններ, որոնք կալանքի հետ համատեղելի չեն, եւ քրեակատարողական հիմնարկում այդ հիվանդությունների աստիճանը չի ճշտվել, իսկ համապատասխան դեղամիջոցներ քրեակատարողական հիմնարկում չկան։

«Մեր դատավորը ժողովուրդն է, եւ մենք հայ ժողովրդից թաքնվելու կարիք չունենք»,- հայտարարեց Վարդան Գերավետյանը եւ հավելեց, որ ազատության մեջ գտնվելով` չեն խուսափի գործի քննությունից. «Որքան շահագրգռված է արդարադատությունը, այդքան էլ շահագրգռված ենք մենք։ Հաշվի առնելով նոր իրավիճակը` բոլորս պետք է փորձենք վերականգնել մեր տնտեսությունը, «Սասնա ծռերը» չեն խուսափում պատասխանատվությունից»։

Սերգեյ Կյուրեղյանի եւ Տիգրան Մանուկյանի մասին նմանատիպ միջնորդություն ներկայացրեց նաեւ փաստաբան Մուշեղ Շուշանյանը եւ նշեց, որ իր պաշտպանյալներին կալանքի տակ պահելու որոշումը եղել է Սերժ Սարգսյանի քաղաքական որոշումը, իսկ դատարաններն իրավական տեսք են տվել քաղաքական որոշումներին։

«Մենք վստահ ենք, որ դատարաններն այլեւս կաշկանդվածություն չպետք է ունենան»,- հայտարարեց փաստաբան Մուշեղ Շուշանյանը եւ միջնորդեց վերացնել կալանքը, դրա փոխարեն նշանակել ստորագրությամբ չհեռանալու վերաբերյալ խափանման միջոց։

Փաստաբաններ Լիպարիտ Սիմոնյանը, Արմինե Ֆանյանը, Արայիկ Պապիկյանը, Հայարփի Սարգսյանը, Ինեսսա Պետրոսյանը, Հրանտ Գեւորգյանը, Հարություն Բաղդասարյանը եւ Լուսինե Սահակյանը նույնպես ներկայացրին միջնորդություն՝ իրենց պաշտպանյալներին ազատ արձակելու կամ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Արայիկ Պապիկյանն անդրադարձավ այն հարցին, որ դատական նիստերը հետաձգվել են, որպեսզի ուղեկցող գնդի աշխատակիցները պահպանեն «մի քանի անձանց անվտանգությունը», փաստաբանը կոչ արեց նաեւ մեղադրող կողմի դիրքորոշումը լսել միայն այն դեպքում, երբ նրանք եւս միանան ներկայացված միջնորդություններին։

Հարություն Բաղդասարյանը հիշեցրեց, որ կատարվածը ապստամբություն է, իսկ երկրում կատարված փոփոխությունը ցույց է տվել, որ իշխանությունը ժողովուրդն է։

Դատախազներ Հակոբ Ենոքյանը եւ Արթուր Չախոյանը չառարկեցին Արամ Հակոբյանին բժշկական փորձաքննության ենթարկելու մասին միջնորդությանը, սակայն նշեցին, որ մեղադրանքը քաղաքական չէ, ուստի խափանման միջոցը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունները ենթակա են մերժման։

Որոշումը կհրապարակվի այսօր` ժամը 17:45-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter