HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԱրմենՏել» ՓԲԸ-ում զարտուղի կապուղի ստեղծելու գործով մեղադրվող ՌԴ քաղաքացին դիմում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին

«ԱրմենՏել» ՓԲԸ-ում զարտուղի կապուղի ստեղծելու գործով մեղադրվող Տեխնիկական բլոկի նախկին տնօրեն, ՌԴ քաղաքացի Վլադիմիր Սաչկովը բողոք-նամակով դիմել է նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Սաչկովը գիտակցում է, որ դատական համակարգը Հայաստանում դե յուրե անկախ է, և որևէ մեկն իրավունք չունի միջամտել դատավորների գործերին, այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանին դիմելով՝ հույս ունի, որ Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններով պայմանավորված պետք է փոփոխվեն նաև որոշ սկզբունքներ, այդ թվում՝ անկախ դատաքննության իրավունքի ապահովումը, որը Հայաստանում դեռևս շատ է կաղում:

Վլադիմիր Սաչկովը հաշվարկել է, որ իր գործով դատաքննություն իրականացնելու 2,5 տարվա ընթացքում 80 դատական նիստ է նշանակվել, որից կայացել է ընդամենը 29-ը: Նա հատ-հատ գրանցել է այդ նիստերը և հետաձգման պատճառները, որտեղից երևում է, որ նիստերը հիմնականում չեն կայացել նիստը նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանի պատճառով. նա կամ արձակուրդում է եղել, կամ խորհրդակցության սենյակում: Հաճախ բացակայել է նաև ռուսերենի թարգմանիչը կամ դատախազը:

Վլադիմիր Սաչկովը նշել է, որ ինքը դատապրոցեսը ձգձգելու և ողջամիտ ժամկետում այն իրականացնելու հարցով դիմել է նաև ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին, Դատական դեպարտամենտի ղեկավար Կ. Փոլադյանին, Արդարադատության խորհրդին, Մարդու իրավունքների պաշտպանին, սակայն որևէ մեկից որևէ արձագանք մինչ օրս չի ստացել: Չի փոխվել նաև դատաքննության ընթացքը:

«Միջազգային իրավունքով, որը Հայաստանի օրենսդրության մաս է կազմում, ամրագրված է ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքը: Այս դեպքում որևէ դատական նիստ չի հետաձգվել պաշտպանական կողմի պատճառով: Բոլոր նիստերը հետաձգվել են «կոմպետենտ իշխանությունների» գործողությունների հետևանքով»,- նշել է Սաչկովը:

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ դատաքննության ընթացքը Հայաստանում չի սահմանափակվում ժամկետներով, որը նախադրյալ է ստեղծում դատավորների անգործության համար: Դատավորները տպավորություն են ստեղծում, որ աշխատում են, դատական նիստեր են նշանակում, սակայն չեն անցկացնում նիստերը: Դրա հետ մեկտեղ աշխատավարձ են ստանում և պետական միջոցներ և գումարները ծախսում:

Վլադիմիր Սաչկովը ուշադրություն է հրավիրել դատավորների ապարատի վրա և խնդրել է միջոցներ ձեռնարկել ողջամիտ ժամկետներում իր գործով արդար դատաքննության իրավունքի խախտումները վերացնելու համար:   

Հիշեցնենք. որ ըստ մեղադրանքի, «ԱրմենՏել» ՓԲԸ-ի որոշ պաշտոնյաների և նույն կազմակերպության հետ անուղղակիորեն կապված անձանցից կազմված խումբը ստեղծել է մի կապուղի, որի միջոցով արտերկրյա օպերատորներից ստացվող միջազգային զանգերը շրջանցել են ընկերության հաշվարկային համակարգը: Ընկերության հաշվարկային համակարգը շրջանցած կապուղին գործել է 2011-2013թթ.: Խմբի գործունեության արդյունքում վնաս է հասցվել թե´ ընկերությանը, թե´ համապատասխանաբար, պետությանը՝ հարկերի մասով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter