
Կաթի մթերման ցածր գների պատճառով Լոռու ֆերմերները փակել են միջպետական ճանապարհը
Լոռու մարզի Լեռապատ և հարակից գյուղերի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը:
Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Լեռնապատի բնակիչ Հովհաննես Եղիազարյանը, բողոքի ակցիայի պատճառը կաթի մթերման ցածր գներն են: Բնակչի խոսքով, ընկերություններն այս պահին կաթը մթերում են 130 դրամով: «Մթերողները մեզանից ցածր գնով վերցնում են, բայց իրենց արտադրանքի շուկայական գինը չեն փոխում: Մենք կաթը էսօր արդեն հանձնում ենք 130 դրամով: 180 դրամից էդքան իջել է»,- պատմեց Հ. Եղիազարյանը:
Նրա փոխանցմամբ՝ դեռևս 15 օր առաջ մթերողներին կաթը հանձնել էն 180 դրամով, սակայն օրերի ընթացքում կաթի գինը 10-ական դրամով իջել է:
Կաթ մթերողները ֆերմերներին չեն պարզաբանել, թե ինչով է պայմանավորված մթերվող կաթի գնի նվազումը, այդ իսկ պատճառով փակել են ճանապարհը՝ պահանջելով գյուղատնտեսության նախարարությունից որևէ մեկի հետ հանդիպում:
Հովհաննեսի փոխանցմամբ՝ նախորդ տարի կաթը մթերել են 140 դրամով, սակայն կովը գնել են 200 000 դրամով, իսկ այս տարի՝ 600 հազար դրամով. «600 000-ով կովը գնել էինք՝ հույսով, որ կաթը կվաճառեք գոնե 170 դրամով, բայց արժեքը իջել է 130 դրամի»:
Լոռիում ֆերմերները այժմ նաև բարձր գնով են ձեռք բերում խոտը: Եթե նախորդ տարի մեկ կապ խոտը գնել են 500 դրամով, այս տարի դրա գինը հասել է 1200 դրամի: Ֆերմերների համար կաթի մթերման ցանկալի գինը 170-200 դրամն է. «Էդ դեպքում հա՛մ կկարողանանք վերցված վարկերը փակենք, հա՛մ եկամուտ ստանանք»,- նշեց Հովհաննես Եղիազարյանը:
Լուսանկարը՝ Մեսրոպ Հարությունյանի
Մեկնաբանել