HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարզաբանում «Գառնի» հէկ-ի գործունեության վերաբերյալ

Ի պատասխան «Հետքի» 11.05.2018թ. «Ջրային կոմիտեի նախագահի տեղակալի հէկ-ը չի մարում Գառնի համայնքին ունեցած մոտ 8 մլն դրամ պարտքը» հրապարակման, որպես «Նարէներգո» ՍՊԸ-ի տնօրեն, օգտվելով պարզաբանումներ ու հերքում տալու իմ իրավունքից, տեղեկացնում եմ հետեւյալը:

Նախ ի սկզբանե ուզում եմ ասել, որ հէկի գործունեությունը Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Վ. Նարիմանյանի հետ ուղղակիորեն կապելը առնվազն ճիշտ չէ, առավել եւս կարող է դիտարկվել որպես ոչ թե համայնքի եւ տնտեսվարողի միջեւ առկա խնդիրների բարձրաձայնում եւ քննարկում, այլ ինչ-ինչ նպատակով նյութի ուղղորդում եւ սխալ հասցեագրում:

Վ. Նարիմանյանը ընդամենը «Նարէներգո» ՍՊԸ-ի համասեփականատերից  է, ՍՊԸ-ի տնօրեն է եղել 2002-2004 թվականներին: 2004 թվականից, երբ ընկերությունն սկսել է գործել, նա չի մասնակցել ՍՊԸ-ի կառավարման աշխատանքներին, իսկ 2006 թվականի հունվարի 8-ից նա իր բաժնեմասը հանձնել է հավատարմագրային կառավարման՝  2006-2011թթ., ապա 2011-2016թթ. 5-ական տարիներով, 2016 թվականից՝ եւս 10 տարով: Այնպես որ հէկ-ի տնտեսական գործունեության արդյունքում տեղ գտած թերացումների համար պատասխանատու է ՍՊԸ-ի տնօրինությունը, եւ դրանք Վ. Նարիմանյանին հասցեագրելն առնվազն անհիմն է:

Ինչ վերաբերում է հէկ-ի, որպես վարձակալի եւ Գառնի համայնքի, որպես վարձատուի միջեւ առաջացած խնդիրներին, ապա ցանկանում եմ տեղեկացնել, որ վարձավճարի գոյացած պարտքի վերաբերյալ առաջին իսկ ծանուցման  դեպքում ընկերությունը, ունենալով անհամաձայնություններ գոյացած պարտքի հետ կապված հաշվարկների պարագայում, այնուամենայնիվ, ոչ որպես վարձավճարի փոխհատուցում, ինչպես նշված է հոդվածում, այլ որպես նվիրատվություն համայնքին հատկացրել է 400 000 դրամ:

Առանձին խնդիր է գոյացած պարտքի արդյունքում տույժ-տուգանքների հաշվարկման հետ կապված համայնքի նմանատիպ մոտեցումը: Այս խնդրի շուրջ արդեն իսկ համայնքապետարանի հետ կայացել են աշխատանքային հանդիպումներ, համապատասխան մասնագետների միջոցով ճշտվում են տույժ-տուգանքների հաշվարկման մեխանիզմները, եւ ընկերությունը հայտնում է իր պատրաստակամությունը օրենքով սահմանված իր պարտավորությունների կատարման ուղղությամբ: Բնականաբար, մեզ համար, որպես տնտեսվարողի,  ընդունելի չէ, որ տարեկան 36 000 դրամ վարձավճարը տույժ-տուգանքների հաշվարկման ոչ ճիշտ մեթոդաբանություն կիրառելու արդյունքում հասել է տարեկան շուրջ 700 000 դրամի:

Հոդվածագիրը ընկերությանը մեղադրում է նաեւ հողի հարկի վճարման, ինչպես նաեւ ոռոգման ջրով համայնքի ջրապահովման խնդիրներում: Միանշանակորեն պնդում եմ, որ ընկերությունը չի թերացել հողի հարկի վճարման պարագայում, ինչպես նաեւ հէկ-ի գործունեությունը խնդիրներ չի առաջացրել համայնքի ջրապահովման հետ կապված: Այս տարի ոռոգման սեզոնը ուշ սկսելը ոչ թե կապված է հէկ-ի գործունեության հետ, այլ պայմանավորված է դրանով, որ ջրատարներում շարունակվում են շինարարական աշխատանքները: Դրանք ավարտվել են մայիսի 12-ին, որից անմիջապես հետո համայնքն ստացել է ոռոգման ջուր:

Հոդվածում առկա է եւս մեկ հարցադրում: Իբր ընկերությունը պետք է տարեկան 100 000 դրամ մուծեր համայնքային բյուջե՝ Գառնի գյուղի անվանումն  օգտագործելու համար: Նախ ցանկանում եմ տեղեկացնել, որ Գառնի անվանումը մեր գրագրություններում ընդամենը հէկ-ի գտնվելու տեղը մատնանշելու համար է եւ այն չի օգտագործվում որպես ապրանքանիշ կամ լոգո, բացի այդ՝ համայնքի եւ ընկերության միջեւ չկա որեւէ գրավոր կամ բանավոր պայմանավորվածություն այդ ուղղությամբ: Գառնի բառը ունի բազմակի օգտագործում՝ հեթանոսական տաճարի անվանումից մինչեւ երաժշտական համույթի անվանում: Որ կա նման խնդիր եւ պահանջ համայնքի կողմից, ընկերությունը տեղեկանում է հրապարակված հոդվածից:

Ինչպես արդեն իսկ ակնարկեցի, համայնքի հետ քննարկվում են առաջացած խնդիրները, եւ համոզված եմ, որ որպես երկարամյա գործընկերներ, կողմերը կգտնեն հաշտության ու համագործակցության եզրեր:

Մեկնաբանություններ (1)

Հայկ Նարիմանյան
Շնորհակալություն խմբագրությանը պարզաբանումը հրապարակելու համար: ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Նարիմանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter