
«Դատավոր, քայլ արա». փաստաբաններն ու քաղաքացիները պահանջում են ազատ արձակել Սասնա ծռերին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը: Դատարանի դահլիճը լեփ-լեցուն է:
«Սասնա ծռերի» աջակիցները եկել են նիստին մասնակցելու և ապակեպատ դահլիճի ապակիներից այս կողմ պարբերաբար պահանջում են «Սասնա ծռերին» ազատ արձակել:
«Դատավո´ր, քայլ արա», «Դատավո´ր, ինքդ որոշիր», «Ազատությու´ն քաղբանտարկյալներին» և նմանատիպ կոչեր են հնչեցնում աջակիցները:
Նշենք, որ մեկ ամսից ավելի է, ինչ այս գործով դատական նիստեր տեղի չեն ունենում: Դատավոր Մեսրոպ Մակյանը նշեց, որ դատարանը պահանջել է, որպեսզի ամբաստանյալները ներկայացվեն նիստերին, ինչը չի արվել:
Ապրիլի 13-ից սկսած «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայտարարել էին «թավշյա հեղափոխություն» սկսելու մասին, որի շրջանակներում քաղաքացիները փակում էին փողոցներն ու անհնազանդության այլ գործողությունների դիմում: Ստեղծված պայմաններում Սերժ Սարգսյանը ապրիլի 23-ին վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց, իսկ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ: Պայքարի այս ամբողջ ընթացքում նիստեր տեղի չեն ունեցել եւ կալանքի տակ գտնվող ամբաստանյալներ դատարան չեն բերվել:
Այսօրվա դատական նիստին գործով բոլոր պաշտպանները միջնորդություն ներկայացրին իրենց պաշտպանյալների խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու վերաբերյալ:
Փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ իշխանությունը, որի դեմ «Սասնա ծռերը» պայքարել են, հեռացել է, և նման պայմաններում, ըստ նրա, վերացել է ռիսկը, որ ամբաստանյալները պիտի գնան և արդեն իսկ հեռացած իշխանության դեմ պայքարեն:
Երվանդ Վարոսյանն ընդգծեց, որ հանդիսանալով իշխանության ներկայացուցիչ, դատական իշխանություն կրող դատավորն ունի նաև որոշակի քաղաքական ու հասարակական պարտականություններ։ «Ձեր որոշումներից է կախված նաև այն քաղաքացիական համերաշխությունը, որի մասին հիմա շատ է խոսվում։ Ի վերջո, իրոք, պետք է փակել բոլոր արատավոր էջերն ու մաքուր էջից գնալ առաջ։ Ու այսօր, այս պահին դա կախված է ոչ թե ինչ-որ քաղաքական ղեկավարությունից, այլ կոնկրետ մեկ մարդուց, և այդ մեկ մարդը Դուք եք»,- հայտարարեց Երվանդ Վարոսյանը
Փաստաբան Արմինե Ֆանյանն ընդգծեց, որ այդ գործով վկաների մեծ մասը ոստիկաններ են:
«Եթե մենք կարող ենք ոստիկանների վրա ճնշում գործադրել, ապա ամեն ինչ ավելի վատ է, քան մենք պատկերացնում ենք»,- հայտարարեց Ֆանյանը:
Փաստաբան Արա Ղարագյոզյանը հայտարարեց, որ եկել է «Սասնա ծռերին» ազատ արձակելու և այլ անձանց՝ այս իրավիճակի պատասխանատուներին կալանավորելու ժամանակը:
Դատարանում այս պահին խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունների քննությունը շարուանկվում է:
Մեկնաբանել