
Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատապարտված Լիպարիտ Պետրոսյանն ազատ է արձակվել
Շանթ Հարությունյանի և մյուսների գործով հինգ տարվա ազատազրկման դատապարտված Լիպարիտ Պետրոսյանն ազատ է արձակվել: Այս մասին «Հետքը» տեղեկացավ Պետրոսյանի մտերիմներից:
Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում Շանթ Հարությունյանը հայտարարել էր հեղափոխություն անելու մտադրության մասին և համակիրների հետ, որոնց թվում` նաև Լիպարիտ Պետրոսյանը, փորձել է շարժվել դեպի նախագահական նստավայր: Սակայն երթի մասնակիցների և ոստիկանության աշխատակիցների միջև տեղի էր ունեցել բախում: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որով, ի թիվս մյուսների, դատապարտվել է նաև Լիպարիտ Պետրոսյանը:
Հայաստանի դատարանները հաստատված են համարել հանգամանքը, որ Շանթ Հարությունյանն ու ընկերները խուլիգանություն են կատարել, սակայն ամբաստանյալի աթոռին հայտնված անձինք պնդում են, որ նոյեմբերի 5-ին տեղի ունեցած միջադեպը հրահրել են ոստիկանները:
Այս տեսակետը պնդողներից մեկը գործի քննության ժամանակ փաստաբան աշխատող Հովհաննես Քոչարյանն էր, ով այժմ ոստիկանության պետի տեղակալն է:
Այս գործով տուժող ճանաչված անձինք էլ ոստիկաններ էին, և նրանցից ոմանք տուժող էին ճանաչվել միայն այն պատճառով, որ տեղի ունեցած բախման ժամանակ պայթուցիկ սարքերի արձակած ծխից նրանց աչքերն արցունքոտվել էին:
Արցունքոտված աչքերի համար տուժող ճանաչված ոստիկաններից մեկն էլ օրեր առաջ Հայաստանի ոստիկանապետ նշանակված Վալերիյ Օսիպյանն էր:
Մեկնաբանել