HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Ինձ պատանդ են դարձրել ու փրկագին են պահանջում»

Հրայր Ագանիկյանն ԱՄՆ քաղաքացի է: Ինը տարի մշտապես բնակվելով Միացյալ Նահանգներում` 1997 թ. նա վերադարձել է Հայաստան: 2005 թ. հունիսին Հ. Ագանիկյանին մեղադրանք է առաջադրվել վաշխառություն կատարելու (տոկոսով գումար տալու) համար: Սակայն Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազությունը չի հաստատել մեղադրանքը եւ գործը վերադարձրել է լրացուցիչ նախաքննության:

Հետագա քննության ընթացքում տուժողների թիվն ավելացել է` 3-ից դառնալով 8, իսկ Հ. Ագանիկյանին առաջադրված մեղադրանքը` խստացվել: Վաշխառությունից բացի, նա մեղադրվել է խոշոր, առանձնապես խոշոր չափերով խարդախության, շորթման եւ ապացույցների կեղծման համար:

Գործը մտել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան, եւ մինչ օրս դատաքննությունը շարունակվում է: Շուրջ 1,5 տարի Հ. Ագանիկյանը կալանավորված էր: Հուլիսի 9-ին դատավոր Պարգեւ Օհանյանի որոշմամբ մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխարինվեց գրավով:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է օգոստոսի 24-ին:

Հրայր Ագանիկյանն ասում է, որ քրեական հետապնդման է ենթարկվում միայն մեկ պատճառով` որպեսզի չվերադարձնեն իր կողմից գործով տուժողներին տրված մոտ 100 հազար ԱՄՆ դոլարը: Հ. Ագանիկյանը համոզված է, որ այս գործը սարքովի է, եւ ինքը պայքարելու է մինչեւ իրեն արդարացնեն եւ կրած վնասները փոխհատուցվեն:

Ստորեւ ներկայացնում ենք Հ. Ագանիկյանի հետ մեր հարցազրույցը:

Պրն Ագանիկյան, ըստ մեղադրական եզրակացության` Ամերիկայից վերադառնալուց հետո Դուք ունեցել եք մոտ 40 հազար դոլար, ինչը մաս-մաս բարձր տոկոսներով տվել եք տարբեր քաղաքացիների: Կնքված փոխառության պայմանագրերում Ձեր պահանջով նշվել է տրված գումարի կրկնակին, իսկ տոկոսների մասին ոչինչ չի գրվել:

Ես ընդհանրապես տոկոսով գումար որեւէ մեկին չեմ տվել: Անհասկանալի է, թե ինչի հիման վրա են նշել այդ 40 հազարը: Ես ունեցել եմ 73 հազար դոլար: Բավական է քննիչը բացեր իմ բնակարանից առգրավված բանկային գրքույկը, որպեսզի սա նկատեր: Իսկ Հայաստան վերադառնալիս ես ունեի բացառապես մեկ նպատակ` Արցախի ազատագրված տարածքներից մեկում ստեղծել մի փոքրիկ, օրինակելի Երկիր Նաիրի: Ծրագիրը հետեւյալն էր. կրթադաստիարակչական ու մարզամշակութային մեթոդիկայով հայ ժողովրդի խմորից մշակել մի նոր ազգություն, ավելի ճիշտ` իսկական հայ ազգություն: Այս մասին 98 թվականին «Իրավունք» թերթում հայտարարություն եմ տվել` «նախաձեռնություն-հրավերք», եւ ծրագրի շրջանակներում աշխատանքի հրավիրել տարբեր մասնագիտության տեր անձանց:

Ամբողջ գումարս ներդրեցի ադամանդամշակման ոլորտում, որի եկամուտներով պետք է սկսեի այդ համայնքի ստեղծման աշխատանքները: Բայց բիզնեսը ձախողվեց, ավելի շուտ` ինձ ուղղակի «գցեցին»: Գործը մտավ դատական փուլ ու տարիներով ձգձգվեց: Իսկ այդ ընթացքում թերթում տված իմ հայտարարությանը բազմաթիվ մարդիկ արձագանքեցին: Ես անհարմար դրության մեջ էի:

Իմ խնդրանքով եղբայրս ԱՄՆ-ից ուղարկեց 33 հազար դոլար: Եվ ես նոր գործընկերոջ փնտրտուքով Էջմիածնում սկսեցի ձկնաբուծությամբ զբաղվել: Այս բիզնեսում ներգրավված իմ երկու գործընկերները, որոնք հարազատ եղբայրներ են, այսպես կոչված «տուժողների» մեջ են:

Բայց քրեական գործի համաձայն` այդ մարդիկ տուժել են: Դուք երկու մասով ներդրել եք 9700 դոլար, որը մի քանի ամիս անց «ձկների հիվանդության պատրվակով» պահանջել եք վերադարձնել: Ձեր գործընկերները պարտքից 700 դոլարը մարել են ձկնեղենով: Մնացած 9000-ի դիմաց նրանցից մեկը առուծախի պայմանագրով Ձեզ է տվել Երեւանում գտնվող իր բնակարանը: Սակայն, ինչպես մեղադրականում է գրված, պահելով այդ 9000 դոլարի պարտավորագրերը` հետագայում Դուք դիմել եք դատարան եւ նույն գումարի նկատմամբ ձեռք բերել կրկնակի իրավունք:

Դա բացարձակ սուտ է: Ես այդ բնակարանը գնել եմ, ընդ որում` բացառապես ընդառաջելով նույն այդ գործընկերներիս թախանձագին խնդրանքներին, որպեսզի այդ գումարը ներդրվեր ձկնաբուծության բիզնեսում, եւ ստացված եկամուտներով կարողանային մարել պարտքերս: Բացի այդ, բնակարանը գնելուց 9 ամիս անց, երբ ես հուսախաբված հայց ներկայացրի դատարան 9000 դոլարի պահանջով, եղբայրներից որեւէ մեկը դատարանին չասաց` բա գիտե՞ք, մենք այդ պարտքի դիմաց արդեն մեր բնակարանը տվել ենք:

Իսկ ինչո՞ւ այդ 9000 դոլարի պարտքը բնակարանի գնից չեք հանել: Կամ, ինչպես Դուք եք ասում, եթե այդ մարդիկ երկու անգամ ներդրած Ձեր գումարը բիզնեսում ձախողել էին, ո՞րն էր հիմքը` նրանց կրկին վստահելու:

Բայց ո՞վ ասաց, որ ես պրակտիկ հայկական տրամաբանություն ունեմ: Մարդուն 1000 անգամ վստահել եմ` փորձելով առանց թշնամանքի խնդիրը լուծել: Այդպես էլ 9000 դոլարի դատական ակտի կատարողական թերթը 2 տարի չներկայացրեցի ԴԱՀԿ` գումարի բռնագանձման պահանջով: Եվ օրենքով սահմանված մեկամյա ժամկետը վստահելուս պատճառով բաց թողեցի: Արդյունքում նրանք ինձ պարտք մնացին շուրջ 3500 դոլար: Աբսուրդն այն է, որ, ըստ քրեական գործի, «խարդախության զոհ» դարձած եղբայրներն իբր թե նույն պարտքը մարել են 2-րդ անգամ ու դարձյալ ստացական չեն պահանջել:

Իսկ 9000 դոլարը բնակարանի գնից չէի կարող հանել: Այդ դեպքում նրանք ուղղակի առուծախի պայմանագիրը չէին ստորագրի:

Պրն Ագանիկյան, խոսում եք վստահության մասին, պատմում, որ մարդկանց գումարներ եք տվել կամ նրանց խնդրանքով, կամ համատեղ բիզնեսի համար: Եվ դա արել եք այնպիսի հանգամանքներում, որ ավելի շատ դիտվում է իբրեւ բարի կամքի դրսեւորում: Սակայն, բոլոր դեպքերում, առկա է դատարանի վճիռ այդ գումարները բռնագանձելու վերաբերյալ: Հաճախ բռնագանձման իրավունքը տարածվել է պարտապանի միակ սեփականության` բնակարանի վրա: Ավելին` հայց ներկայացնելիս Դուք միշտ պահանջել եք բռնագանձել նաեւ օրենքով սահմանված տոկոսները: Այս իրողությունները Ձեր ասածների հետ անհամատեղելի չե՞ն:

Ես այն եմ, ինչ ներկայացնում եմ: Կամեցող եմ, ձեռք մեկնող: Բայց չեմ հանդուրժում, որ փորձում են ինձ շահագործել: Այսինքն, ըստ երեւույթին, շատերին է հաջողվել ինձ գցել, բայց աշխատել եմ պաշտպանվել:

Ձեր ներկայացմամբ` իրականում տուժողը Դուք եք, իսկ գործով տուժող ճանաչված անձինք` խարդախներ: Սակայն նրանցից ոմանք նախաքննական մարմնին ներկայացրել են որոշ ապացույցներ, որոնք խոսում են հակառակի մասին: Մյուս կողմից` նրանց միջեւ, կարծես, կապ չկա: Մեկն Էջմիածնից է, մյուսը` Արմավիրից, երրորդը` Երեւանից… Ինչպե՞ս է ստացվել, որ ամեն անգամ Ձեզ հանդիպել են նման մարդիկ:

«Տուժողների» միջեւ կապ կա: Նրանք բոլորն էլ ինձ գտել են դեռ 98 թվականին թերթում տված իմ հայտարարությունով: Ինչ վերաբերում է ապացույցներին, դրանք կեղծ են: Բերեք ցանկացած օրինակ, եւ ես կհիմնավորեմ իմ ասածները:

Օրինակ` Կարեն Ա.-ն, գրավ դնելով իր աներոջ բնակարանը, Ձեզանից պարտքով վերցրել է 5000 դոլար` առաջին ամիսը` 10, դրանից հետո` 5 տոկոս հավելավճարով: Բայց փոխառության պայմանագրում Ձեր պահանջով գրվել է 8000 դոլար` 2 տոկոս հավելավճարով: Կարենը ձեր միջեւ տեղի ունեցած խոսակցություններից մեկը գաղտնի ձայնագրել է, որտեղ Դուք այս ամենն ընդունել եք: Իսկ ըստ մեղադրականի` փորձագիտական եզրակացությունը ձայներիզը համարել է պիտանի:

Նախ ասեմ, որ բնակարանը գրավ չի դրել: Ընդամենը վկայականն է ինձ տվել: Իսկ ձայներիզ, իրոք, կա, բայց շատ անորակ: Ցանկացած տողի մեջ բառեր կան բաց թողնված: Դա մոնտաժումներով է արված:

Գումարած դրան` ես մի շարք տեղերում ասում եմ` «Կարե՛ն, ինչի՞ մասին ես խոսում, սխալ է, մի՛ պնդիր»:

Կարենն ուղղակի ծուղակ սարքեց: Սկզբում ինձ ասաց. «Աներս գիտի, թե ես քեզնից 5000 դոլար եմ վերցրել: Ինքը սրտային հիվանդ է, դու էլ նույնը կասես»: Իսկ աներոջը բացատրել էր, թե իբր պայմանագրում գրված 8 հազար դոլարից 3-ը որպես տույժ է գրված, եւ ինքը պետք է վերադարձնի ընդամենը 5 հազարը:

Երբ ես բաց թողնված տոկոսների պահանջով 9040 դոլարի հայց ներկայացրի, Կարենն ինձ հրավիրեց տուն ու խնդրեց, որ աներոջն ասեմ, թե ինքն իրականում 5000 դոլար է պարտք:

Տոկոսների հետ կապված էլ խնդրեց, որ ասեմ, թե 10 տոկոսով եմ գումար տալիս: Առաջարկում էր աներոջը վանել: Որովհետեւ եթե իմանար, որ 2 տոկոս է իրականում, ինքն էլ գումար կուզեր:

Ես Կարենի խնդրանքը կատարեցի: Բայց երբ աները սենյակից դուրս էր գալիս, ու ինքը շարունակում էր նույն ոգով խոսել, ես մտածում էի` հիմա խի՞ է դերասանություն անում: Ու ասում էի. «Չէ՛, Կարեն, սխալվում ես. իրականում այդպես չի»: Ձայնագրության այս հատվածները հաշվի չեն առել:

Բայց Դուք պնդում էիք, որ որեւէ մեկին տոկոսով գումար չեք տվել:

Այո՛, Կարենին նույնպես ես գումարը տվել եմ համատեղ բիզնեսի համար: Միասին պետք է խոզաբուծությամբ զբաղվեինք:

Քրեական գործում այս մասին որեւէ բառ չկա:

Որովհետեւ գրվածներն իրականությանը չեն համապատասխանում:

Դատարանում Կարենը հաստատեց, որ գումարը տվել եմ համատեղ բիզնեսի համար: Ասաց, որ չարացած է եղել իմ դեմ ու նախաքննության ժամանակ այդքան էլ ճիշտ ցուցմունքներ չի տվել: Իր հաշվարկները ցույց են տվել, որ իրականում ոչ թե ինձ տոկոսներ տալու պատճառով 1,5 միլիոն դրամ տուժել է, այլ դեռ 6000 դոլար էլ պարտք է, որը ստացականով տվել է եղբորս: Ասաց, որ ես անմեղ եմ, եւ խնդրեց իր մասով գործը կարճել:

Ես անպայման միջնորդելու եմ, որպեսզի երկու քննիչները` Մասիս Մելքոնյանն ու Էդիկ Հակոբյանը, եւ բոլոր 8 «տուժողները» քրեական պատասխանատվություն կրեն: Իրենց տված կեղծ ցուցմունքները «տուժողների» հիմնական մասն արդեն իսկ ընդունել է:

Դուք վարչապետին, նախագահին, արդարադատության խորհրդին դիմում եք գրել նաեւ դատավոր Պարգեւ Օհանյանի դեմ: Ինչո՞ւ:

Որովհետեւ դատավորի հանցավոր համաձայնությամբ ինձ պատանդ են դարձրել ու փրկագին են պահանջում: 16 ամիս է դատը ձգվում է: «Տուժողներից» ոմանք նույնիսկ բերման ենթարկելու որոշումով չեն ներկայանում, եւ դատը տասնյակ անգամներ ձգձգվում է: Իսկ այդ ընթացքում անընդհատ բանակցություններ, բանակցություններ: Մի անգամ էլ անձամբ դատավորը հրավիրեց իր աշխատասենյակ եւ առաջարկեց, որ «տուժողների» հետ հաշտվեմ: Ասացի` «ես առեւտուր չեմ անում, ինքնասիրություն ունեմ, մարդ եմ: Էդ ձեւի հաշտությո՞ւն է լինում: Ինձ գցել եք խուցը, ասում եք` հաշտվի: Եթե չհաշտվեմ, քանի՞ տարի եք պահելու: Ես ձեր պատա՞նդն եմ»:

Պատկերացնո՞ւմ եք, թե հիմա դատավորը բողոքներիս համար ինչքան զայրացած է: Բայց միեւնույն է. դատարանն ինձ արդարացնելու է, քանի որ անհերքելի ապացույցներ ունեմ, որ գործը սարքված է: Իսկ եթե չարդարացնի, կդիմեմ վերաքննիչ, վճռաբեկ, կհասնեմ մինչեւ Եվրադատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter