HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պաշտպան Երեմ Սարգսյանը պահանջում է տրամադրել «Նորատուսցի Ալիկին» գաղտնալսելու որոշման հիմքերը

«Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանության գործով  ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը կասկածի տակ է դնում գործի քննության շրջանակներում օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված ապացույցները:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր այս գործով տեղի ունեցած դատական նիստին Սարգսյանը դատարանին միջնորդեց պահանջել ամբաստանյալներ Ալիկ Բանդուրյանի և Արմեն Գասպարյանի նկատմամբ «ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունների, դրանց կից ներկայացված նյութերի, այդ միջնորդությունները քննարկելու վերաբերյալ դատարանի որոշումների պատճենները:

Պաշտպանը միջնորդեց նաև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից Արմեն Գասպարյանի հեռախոսային խոսակցությունները վերահսկելու թույլտվություն ստանալու միջնորդության, դրան կից ներկայացված նյութերի պատճենները` պահանջելով նաև տրամադրել նշված միջնորդության քննարկման համար կայացված դատական նիստերի արձանագրությունները և դրանց լազերային կրիչները:

Վերը նշված միջնորդությունը  2016 թվականի հոկտեմբերի 16-ին ՀՀ ոստիկանանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի կողմից է ներկայացվել: Վերջինս օրեր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել:

Երեմ Սարգսյանն ընդգծեց, որ «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործով, փաստորեն, դատարան է բերվել ապացույց, որի ստեղծման ընթացակարգը պաշտպանական կողմը չի կարող գնահատել, հայտնի չէ, թե երբ կամ ինչ պայմաններում են արվել այդ գաղտնալսումները:

Դատարանը որոշեց միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնել հաջորդ դատական նիստի ընթացքում:

Այսօրվա նիստին ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի որդին` Գոռ Իսրայելյանը հրաժարվեց լրացուցիչ հարցաքննվել: Դատարանն անհրաժեշտություն է տեսել լրացուցիչ հարցաքննել նաև մեկ այլ վկայի՝ Միսակ Միրիջանյանին, սակայն վերջինիս ներկայությունը դատարանում հնարավոր չի եղել ապահովել. պաշտոնապես չհաստատված տեղեկությունների համաձայն` վկան Հայաստանում չէ:

Մեղադրող դատախազ Գևորգ Գևորգյանը միջնորդեց բերման ենթարկել Միրիջանյանին, և միջնորդության դեմ Ալիկ Բանդուրյանն առարկեց: Դատարանը որոշեց ՍԵԿՏ համակարգ հարցում կատարել և պարզել՝ վկան լքել է Հայաստանի տարածքը, թե՞ ոչ:

Նշենք որ վկա Միսակ Միրիջանյանը դատարանում մեկ անգամ ցուցմունք տվել է: Ըստ գործի նյութերի` Արմեն Գասպարյանը «Լիա» գեղեցկության սրահի նկուղում տեղի ունեցած դեպքից հետո Միրիջանյանի միջոցով փորձել է պարզել, թե դիահերձարանում քանի անձի դի կա: Նրա խնդիրը եղել է պարզելը, թե գեղեցկության սրահում վիրավորված Մուշեղ Մուշեղյանը մահացել է, թե՞ ոչ:

Դատարանում ցուցմունք տալիս վկան հայտարարել էր, որ նախաքննական իր ցուցմունքն ինքը չի գրել, որ այն քննիչն է համակարգչային շարվածքով հավաքել, որից հետո ինքն առանց ծանոթանալու դրա բովանդակությանը ստորագրել է:

Միրիջանյանի հայրը վիրաբույժ է, ուստի բժշկական շրջանակների հետ վկան որոշակի կապեր ունի: Երբ Միրիջանյանը նախաքննության փուլում ցուցմունք տալիս է եղել, գործով քննիչը նրան ասել է, թե առկա են վկայի և Արմեն Գասպարյանի միջև հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներ: Քննիչն ասել է, որ խոսակցությունները եղել են ինչ-որ ծեծված անձանց մասին, հավելել նաև, որ Միրիջանյանը Արմեն Գասպարյանին փոխանցել է, որ «Կոլյան՝ գլխավորը, չի վերցնում, մորգում 4 հատ դիակ կա, մորգի աշխատողը պետք է ճշտի ջահել տղայի մասին»: Քննիչը հարցրել է, թե ով է Կոլյան, որի մասին հիշատակում է Միրիջանյանը, ինչպես նաև հետաքրքրվել է, թե ով է դիահերձարանի աշխատակիցը: Վկա Միրիջանյանը պատասխանել է, որ «Կոլյան Ծերեթելիի հիվանդանոցի բժիշկ է» (Խոսքն, ըստ ամենայնի, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի մասին է):

Նախաքննական ցուցմունքում վկան հաստատել է, որ Արմեն Գասպարյանն իրեն խնդրել է հետաքրքրվել դիահերձարանում գտնվող անձանց մասին, մինչդեռ դատարանում ցուցմունք տալիս նա այդ հանգամանքը հերքել է` նշելով,որ հավանաբար քննիչն ու ինքն իրար ճիշտ չեն հասկացել:

Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով երկու անձ է սպանվել՝ Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը: Այս գործով ամբաստանյալի աթոռին է հայտնվել երեք անձ՝ Պետրոս Իսրայելյանը, ով հայտնի է որպես Չարբախցի Գեղամ, Ալիկ Բանդուրյանը, ով հայտնի է որպես Նորատուսցի Ալիկ, և Արմեն Գասպարյանը, ով հայտնի է Բդո մականունով:

Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը, տեղյակ լինելով Պետրոս Իսրայելյանի և Մուշեղ Մուշեղյանի միջև եղած լարված հարաբերություններից, 2016 թվականի նոյեմբերի 13-ին անձնական շահագրգռվածությունից ելնելով` Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառել: Ապա, ըստ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի, Պետրոս Իսրայելյանը, Գևորգ Ավետիսյանը, ինչպես նաև քննությամբ չպարզված անձինք, նախապես պայմանավորված լինելով Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս հարցնելու շուրջ, համատեղ, ուղղակի դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և միմյանց լրացնելով՝ սուր կտրող-ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի և այլ առարկաների գործադրմամբ տուժող Մուշեղ Մուշեղյանի մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ են հասցրել, սակայն Մուշեղյանն ինքնապաշտպանության է դիմել, և նրա հետ վիճաբանող անձինք ուղղակի դիտավորությամբ նրան զրկել են կյանքից: Միջադեպի ժամանակ մահացել է նաև դրա մասնակից Գևորգ Ավետիսյանը, ով Պետրոս Իսրայելյանի մտերիմներից է եղել: Ամբաստանյալ Արմեն Գասպարյանը, ըստ մեղադրանքի, իմացել է նախապատրաստվող հանցագործության մասին, սակայն այդ մասին իրավապահներին չի հայտնել:

Լուսանկարում՝ Ալիկ Բանդուրյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter