HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փորձել են առևանգել Երևանում բողոքի ակցիաներին մասնակից անչափահասի. հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու  բողոքի ակցիաներ իրականացնելու ժամանակ անչափահաս տղային առևանգելու փորձ կատարած անձանց ինքնությունը:

Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ մայիսի 5-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել ապրիլի 20-ին Այվազովսկի փողոցում անչափահասների նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ ոստիկանությունում Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են անչափահասների նկատմամբ բռնություն կիրառած անձանց ինքնությունը և ձեռք բերված ապացույցների հիման վրա` 4 անձի գործողություններին կտրվի համարժեք քրեաիրավական գնահատական։

Կատարված քննության ընթացքում պարզվել է, որ ծեծի ենթարկված անչափահասներից մեկին նույն օրը փորձ է արվել առևանգել։ Մասնավորապես՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից զննության ենթարկված տեսագրություններից տեսանելի է, որ բողոքի ակցիային մասնակցող անչափահասին «Էրեբունի» թանգարանի մոտակայքում մոտեցել է «Նիսսան Տիանա» մակնիշի գերմանական համարանիշներով ավտոմեքենա, որից դուրս են եկել մի քանի երիտասարդ, ներկայացել որպես ոստիկանության աշխատակիցներ և փորձել նրան բռնի ուժով նստեցնել ավտոմեքենան, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել:

Անչափահասի առևանգելու փորձ կատարելու դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է նոր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով և այն առանձնացվել առանձին վարույթ: Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան բաժնին՝ օպերատիվ-որոնողական միջոցառումներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, ՔԿ-ն խնդրում է դիմել Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter