HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Ռեստարտ» նախաձեռնությունը ակադեմիական տարկետման իրավունքի փոփոխման առաջարկների փաթեթ է ներկայացրել ԿԳՆ

Մայիսի 11-ին ԵՊՀ-ում մեկնարկեց համաուսանողական քննարկում, որտեղ տարբեր բուհերից հավաքված ուսանողները բարձրաձայնում էին իրենց հուզող հարցերը, և ներկայացնում առաջարկներ։ Ուսանողներին հուզող հարցերից մեկն էլ վերաբերում էր 2017թ.-ի նոյեմբերի 17-ին խորհրդարանի կողմից ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի ընդունմանը, որով տարկետման կարգը խստացվել է։ ԵՊՀ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները որոշում են կայացրել ստեղծել տարկետման իրավունքի վերաբերյալ առաջակությունների փաթեթ և այն ուղարկել կրթության և գիտության նախարարություն։

«Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ առաջարկությունները կապված են եղել հիմնականում տարկետում տրամադրելու համար առաջ քաշած չափանիշների հետ։ Համաձայն դրանց՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից կարող են տարկետում ստանալ գիտության և կրթության բնագավառների զարգացման համար կառավարության կողմից գերակա ճանաչված ոլորտներում գործունեություն (ուսումնառություն) իրականացնող քաղաքացիները: Ձեռքբերումները հաշվարկվում են բալային միավորների համակարգով՝ առավելագույնը 100 բալային միավորի սահմանաչափով, իսկ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունք են ձեռք բերում առնվազն 80 բալային միավոր հավաքած քաղաքացիները:

«Ռեստարտ» նախաձեռնության մյուս անդամներից Սարգիս Բալդարյանն էլ ասաց, որ ակադեմիական տարկետումը վերացնելը եղել է առանց ուսանողների ու դասախոսների ձայնը լսելու։

«Հիմա, երբ հնարավորություն կա տեղ հասցնելու ուսանողական և դասախոսական շրջանակների ձայնն ու արդյունավետ լուծում գտնելու առաջ եկած լուրջ խնդիրների համար, ԵՊՀ «Ռեստարտ» նախաձեռնությունն իր վրա է վերցրել այդ հարցը բարձրացնելու պարտավորությունը»։

Ուսանողը պնդում է, որ տարկետման համար առաջ քաշած չափորոշիչները գրեթե ոչ մի ուսանողի համար հասանելի չեն։

«Այդ չափորոշիչներն ու դրանց վերապահվող գործակիցներն այնքան են կտրված իրականությունից, որ բացառապես ոչ մի ուսանող չի կարող հավաքել սահմանված 70 կամ 80 անցողիկ շեմը։ Ընդ որում, այդ շեմը չափազանց բարձր է ոչ միայն ուսանողների, այլև արդեն իսկ թեկնածուական ու նույնիսկ դոկտորական ատենախոսություն պաշտպանած գիտնականների համար»։

Սարգիս Բալդարյանը նշեց, որ փոփոխությունների հետ կապված ուսանողների և դասախոսների կողմից ստացել են մոտ 200 առաջարկություն, և հույս ունեն, որ առաջիկայում հարցը կկարգավորվի։

«Եթե նախկինում ԿԳՆ-ն, գուցե պարտադրաբար, չէր կարողանում համարժեք կերպով արձագանքել մեր բարձրաձայնած խնդիրներին, ապա հիմա նախարարությունն ինքն է հետամուտ լինում դրանց լուծմանը՝ մասնակից դարձնելով նաև ուսանողական շրջանակներին»,- նշեց Սարգիս Բալդարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter