
Մանե Թանդիլյանն առաջարկել է կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը մեկ տարով հետաձգել
Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար, պարտադիր կուտակային համակարգի դեմ պայքարող Դ!ԵՄ ԵՄ շարժման համակարգող անդամ Մանե Թանդիլյանն առաջարկել է մեկ տարի ժամկետով հետաձգել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը։
Նման առաջարկ հրապարակվել է իրավական ակտերի հրապարակման միասնական E-draft.am կայքում։
Ըստ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի՝ անձն իրավունք ունի մինչև 2018 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար հրաժարվելու սոցիալական վճար կատարելու պարտականությունից (բացառությամբ պետական համակարգի աշխատողների), եթե սահմանված ժամկետում ներկայացրել է համապատասխան դիմում։ Սակայն 2018 թվականի հուլիսի 1-ից սոցիալական վճար կատարելը կամ պարտադիր կուտակային բաղադրիչին մասնակցելը պարտադիր է 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված բոլոր վարձու աշխատողների համար՝ անկախ նրանից վերջինս պետական, թե մասնավոր համակարգի աշխատակից է։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին շրջանում արձանագրված քաղաքական իրողությունների համատեքստում անհրաժեշտություն է առաջացել անդրադարձ կատարել նախորդ բոլոր խնդրահարույց նախաձեռնություններին, այդ թվում՝ լուծումներ առաջադրել պարտադիր կուտակային բաղադրիչի կապակցությամբ առկա խնդիրներին։
«Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել կատարել ավելի խորքային ուսումնասիրություններ և վերլուծություններ, քննարկել բոլոր հնարավոր տարբերակները և այդ տարբերակների հետևանքները, դրանց ազդեցությունը մեր երկրի սոցիալ-տնտեսական կյանքի վրա։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է փոփոխություններ կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում։ Նախագիծն ընդունվելու դեպքում կհետաձգվի պարտադիր կուտակային բաղադրիչի գործարկումը, ինչը հնարավորություն կտա կատարել համապատասխան վերլուծություններ և հիմնարար լուծումներ առաջադրել պարտադիր կուտակային բաղադրիչի կապակցությամբ առկա խնդիրներին»,- ասված է նախագծում։
Հիշեցնենք, որ E-draft.am-ը նախարարությունների աշխատանքային տարբերակների հրապարակման միասնական հարթակն է, և փոփոխությունները կարող են ընդունված համարվել, եթե նախ Կառավարությունն ընդունի առաջարկությունը, ապա խորհրդարանը համապատասխան փոփոխություններ կատարի օրենքում։
Տեղեկացնենք, որ Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի, համակարգը տնօրինող կառավարիչների գործունեության և մի շարք այլ հարցերով «Հետք»-ն ավելի վաղ գրավոր հարցումներով դիմել է վարչապետին և կառավարության ու խորհրդարանի այն անդամներին, որոնք կամ օրենքի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող Դ!ԵՄ ԵՄ նախաձեռնության անդաներն են եղել կամ էլ իրենց իրավական և քաղաքական աջակցությունն են ցուցաբերել շարժմանը։ Պատասխաններն ամբողջական լինելու դեպքում կհրապարակենք։
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը գործում է 2014 թվականի հունվարի 1-ից: Պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցում են 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները և հանրային ծառայության մեջ գտնվող անձինք, բացառությամբ զինվորական ծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նոտարները, անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև այն օտարերկրացի կամ քաղաքացիություն չունեցող վարձու աշխատողները և հանրային ծառայության մեջ գտնվող անձինք, ովքեր օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում են բազային եկամուտ: Ըստ օրենքի 7-րդ հոդվածի՝ մասնակից հանդիսացող վարձու աշխատողը, օտարերկրացին ու քաղաքացիություն չունեցող անձը, որը օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է բազային եկամուտ, և որի բազային եկամուտը ամսական կտրվածքով չի գերազանցում 500 000 դրամը, պարտավոր է կատարել ամսական կուտակային վճար իր բազային եկամտի 5%-ի չափով, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած 5%-ը մասնակցի օգտին վճարվում է պետական բյուջեից։
Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել