HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Մասիսի քաղաքապետի կալանքի վերաբերյալ որոշում կայացնելու

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը  հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշում  կայացնելու, որը կհրապարակվի այսօր, ժամը 15:00-ին: Այս մասին դատարանի դիմաց լրագրողներին հայտնեց Համբարձումյանի փաստաբաններին Տիգրան Աթանեսյանը:

Վերջինիս խոսքով՝ Համբարձումյանին շինծու մեղադրանք է առաջադրվել, դիմակավորված անձն, ով  Էրեբունիում ապրիլի 22-ին տեղի ունեցած միջադեպից արված տեսանյութում մատնացույց է արվում որպես իր պաշտպանյալ, Դավիթ Համբարձումյանը չէ: Փաստաբանը ընդգծեց նաև, որ տեսանյութում, որը դրվել է իր պաշտպանյալի մեղադրանքի հիմքում դիմակավորված անձը որևէ գործողություն չի  էլ կատարում:

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին' այն բանից հետո, երբ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը Էրեբունիում ձերբակալվել են, դիմակավորված քաղաքացիական հագուստով անձինք մահակներով ու քարերով հարձակվել են երթի մասնակիցների վրա, բռնություն կիրառել ցուցարարների նկատմամբ, հայհոյել ու էլեկտրահարել նրանց: Հարուցված քրեական գործի շրջանակներում Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու մեջ, իսկ ձերբակալված մյուս 4 մեղադրյալները, որոնց թվում փոխքաղաքապետ Կարեն Օհանյանը մեղադրվում են զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ:

Դավիթ Համբարձումյանի և Կարեն Օհանյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդությունները  քննվում են այսօր, ձերբակալված երեք մեղադրյալի նկատմամբ կալանքը խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունների վերաբերյալ  արդեն որոշումներ կան: Նրանցից միայն մեկը՝ Գոռ Խաչատրյանն է կալանավորվել, իսկ Մասիսի քաղապետի հորեղբոր որդու՝ Գևորգ Համբարձումյանի և Սարգիս Սահակյանի կալանքի վերաբերյալ միջնորդությունները մերժվել են, նրանց ձերբակալման որոշումները  ճանաչվել ոչ իրավաչափ: Այս մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նշենք, որ այսօր ևս, ինչպես երեկ, դատարանի դիմաց բողոքի ակցիա է:  Հավաքված քաղաքացիները պահանջում են Դավիթ Համբարձումյանին ազատ արձակել:

Տիգրան Աթանեսյանը  տեղեկացրեց նաև, որ Մասիսի փոխքաղաքապետի՝ Կարեն Օհանյանի կալանքի միջնորդության քննությունը կքննվի Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ միջնորդության հրապարակումից հետո:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter