HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Տեր-Պետրոսյան. Լավատեսական ահազանգ

Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, մեղմ ասած, անթույլատրելի է Ղարաբաղում: Նկատի ունեմ բողոքի զանգվածային գործողությունները և ճնշումները ԼՂՀ իշխանությունների վրա: Պատերազմական վիճակում գտնվող պետության համար դրանք կարող են աղետալի հետևանքներ ունենալ: Փակագծերը չեմ ուզում բացել, հետևանքները, վստահաբար, պարզ են ցանկացած բանական մարդու համար:

Որ զանգվածային բողոքի առիթ հանդիսացած միջադեպի մեղավորները խստագույնս պետք է պատժվեն, ոչ ոք չի կարող առարկել. այս կապակցությամբ ԼՂՀ նախագահը ևս հստակ հավաստիացում է տվել: Սակայն ուժային կառույցների` ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների հրաժարականի պահանջի կատարումը ծանր հարված կլինի ԼՂՀ իշխանական համակարգին, ինչից չեն հապաղի օգտվել մեր հակառակորդները: ԼՂՀ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը Բանակից հետո Ղարաբաղի անվտանգության ապահովման կարևորագույն հաստատություններն են, որոնց չի կարելի ցնցումների ենթարկել:

Քանի որ պահանջները հասցեագրված են Բակո Սահակյանին, նրա խոսքը, որքան էլ հեղինակավոր, համոզիչ չի լինի բողոքավորների համար: Անհրաժեշտ է մի երրորդ, չեզոք կողմի ակտիվ միջամտությունն ու հորդորը` Ղարաբաղի ներքաղաքական կայունությունը վերականգնելու և պետական մեքենայի անխափան գործունեությունն ապահովելու համար: Այդ կողմը դեռևս 1993 թվականից իրեն պաշտոնապես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր հայտարարած երկրի` Հայաստանի Հանրապետության ղեկավարն է` Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցման կարգով նշեմ, որ նման մի իրավիճակ Լեռնային Ղարաբաղում ստեղծվել էր 1993 թվականին, ինչը հարթելու համար ես և Վազգեն Սարգսյանը, ուղղաթիռով փութալով Ստեփանակերտ, ԼՂՀ ղեկավարների հետ լուրջ խորհրդակցությունների միջոցով շատ արագ լուծեցինք իշխանության ամրապնդման և երկրի կայունության ապահովման խնդիրը:

Հուսանք, որ այս անգամ էլ նույնը կհաջողվի: Այդ գործում իրենց ազդեցությունը Ղարաբաղում պարտավոր են օգտագործել նաև Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը և Սամվել Բաբայանը, նույնիսկ վերջինիս անհապաղ ազատ արձակման միջոցով: Բոլոր հակասությունները մի կողմ դնելով` Բակո Սահակյանին մենակ չպետք է թողնել

Մեկնաբանություններ (2)

ominac
Մէկ անգամ ասոր ձեռքը ծուղակը ինկանք, մէկ հատ ալ չենք իննար։ Երեսուն տարի ետ մնացինք, այս տեսակ մտածելակերպով մարդկանց, նախագահ նշանակեցինք։ ինչ ըսել է պատերազմական վիճակ է ըսելով, ծրած համակարգի մէջ ապրիլը տանելի է։ Խնդիրը արագ լուծելու համար ինչ գողական ձեւ կայ, աս մարդը ինքզինքին իրաւունք կուտայ։ Այն աշխարհակերպը որ հայաստանը մերժեց, արցախի համար կառաջարկէ։ Երեսուն տարի է այս մտածելակերպը մեզ ստրուկ դարձուց։ իրաւ որ դինոզաուր է դարձել։ Բայց, վերջում մենք ենք յանցաւորը, եթէ մենք չի հանդուրժէինք այս ձեւի մարդկանց այս օրը չէինք իննար։
Վարազ Սյունի (Հոլանդիա)
Նույնը հայաստանյան «թավշյա հեղափոխության» ժամանակ էր ասում: 20 տարուց ավել նույնն են ասում՝ «սուս արեք ու հարմարվեք,որ Ադրբեջանը չհարձակվի»: Նույն այս Լ.Տեր-Պետրոսյանն էր,որ 1994-ին այդ անհասկանալի՛ զինադադարը կնքեց: Ջախջախի՛չ հաղթանակներ տանող կողմը ընդամենը մի չեզոք «զինադադար» է կնքում (կեցցեն ռուսական շահին ծառայողները): 1990-1995 թթ. ՀՀ Գերագույն Խորհրդում Արցախից 11 պատգամավոր կար,որովհետև 1989 թ. դեկտեմբերի 1-ի պատմական որոշմամբ Արցախը վերամիավորվել էր Հայաստանին: Բայց՝ Լ.Տեր-Պետրոսյանը 1991-ին Արցախի ղեկավարներին ստիպեց անկախանալ (ուշադրություն՝ Հայաստանից),որպեսզի սկսված պատերազմի պարտության դեպքում մեղքը բարդի Արցախի իշխանությունների վրա: Բայց հայկական կողմը փայլուն հաղթանակ տարավ ու Լ.Տեր-Պետրոսյանը դարձավ «Արցախը ազատագրած «հերոս»»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter