HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏՄՊՊՀ-ի պարզաբանումը մանրածախ առևտրային ցանցերում որոշ ապրանքների գների փոփոխության վերաբերյալ

Վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում քննարկվում է մայրաքաղաքի խոշոր սուպերմարկետներում տեղի ունեցած գյուղատնտեսական որոշ ապրանքների գների փոփոխությունների խնդիրը:  Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տեղեկացնում է, որ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում, վերահսկողություն է իրականացվում բացառապես գերիշխող ապրանքային շուկաների նկատմամբ: Առավելապես քննարկվում է մսի  թանկացման հարցը, ինչի հետ կապված տեղեկացնում ենք, որ տվյալ շուկայում գերիշխող տնտեսվարողներ չկան:

Մսի շուկան համարվում է մրցակցային, ցածր կենտրոնացվածություն ունեցող շուկա, որտեղ գները կարգավորվում են շուկայական մեխանիզմների միջոցով: Այդ շուկայում գործում են հարյուրավոր մասնավոր ընկերություններ, անհատներ, ֆերմերային տնտեսություններ, և որևէ տնտեսվարող չի համապատասխանում  գերիշխող համարվելու համար օրենքով սահմանված չափորոշիչներին: Այնուամենայնիվ, նկատի ունենալով խնդրի սոցիալական նշանակությունը և սպառողների մտահոգությունը,  ՏՄՊՊՀ-ն երկօրյա դիտանցում է իրականացրել մայրաքաղաքի խոշոր սուպերմարկետներում: Հանձնաժողովի դիտանցման խումբն այսօր որևէ փոփոխություն չի արձանագրել, և սպառողները կարող են միսը գնել այն արժեքով, ինչ նախկինում:

Ինչ վերաբերում է նախորդ շաբաթ տեղի ունեցած մսի գնի կարճաժամկետ փոփոխությանը, ապա տեղեկացնենք, որ այն ամբողջությամբ պայմանավորված է հարկային վարչարարությամբ, և նման խնդիրները գտնվում են ՏՄՊՊՀ դաշտից դուրս: Հարկային վարչարարության կիրառման սկզբունքները և դրանցով պայմանավորված տնտեսվարողների գործողությունները  Հանձնաժողովի գործունեությանը չեն առնչվում:

Հարկ ենք համարում նաև անդրադառնալ մի էական խնդրի ևս: Հանձնաժողովի որոշմամբ, որոշ խոշոր սուպերմարկետներ ճանաչվել են գերիշխող դիրք զբաղեցնող: Ի տարբերություն այլ ապրանքային շուկաների, որտեղ գերիշխող համարվելու համար տվյալ տնտեսվարողը իրացման ծավալներով պետք է զբաղեցնի շուկայի առնվազն 1/3-ը, այս դեպքում օրենքի հիմքում դրված են այլ չափորոշիչներ: Մասնավորապես.   օրենքը սահմանում է, որ տվյալ առևտրային կետը պետք է հանդիսանա նվազագույնը չորս կամ ավելի առևտրային օբյեկտների համախումբ, իսկ առևտրային գործունեության մասով իրացման տարեկան շրջանառությունը պետք է գերազանցի 1.5 մլրդ դրամի շեմը: Այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ մեծությամբ առաջին 5 խոշոր սուպերմարկետները ( «Ալեքս Հոլդինգ», «Նոր Զովք», «Սաս-Գրուպ», «Էվրիկա գրուպ», «Կրպակ» ) միասին զբաղեցնում են ընդհանուր մանրածախ առևտրի  15 տոկոսը: Բացի այդ, հարկ է նաև նշել, որ մանրածախ առևտրով զբաղվում են  հազարավոր տնտեսվարող սուբյեկտներ. ԱՎԾ վերջին տվյալների համաձայն, մանրածախ առևտրի օբյեկտների քանակը կազմել է  17.223 (առանց վառելիքի իրացման գործունեության), մինչդեռ 5 առաջատար ցանցային սուպերմարկետներին պատկանող առևտրի օբյեկտների ընդհանուր  քանակը 82 է:

Կոնկրետ մսի կամ այս օրերին քննարկվող բանջարեղենի իրացման մասով, վերոնշյալ խոշոր առևտրային ցանցերի մասնաբաժինը տվյալ ապրանքային շուկաներում  բավականին ցածր է: Այս հանգամանքը փաստում է, որ վերջիններիս կողմից մրցակցությունը  սահմանափակելու  հնարավորություններն ու ռիսկերը  բավականին ցածր են: 

Հանձնաժողովը շարունակում է վերահսկողություն և համապատասխան ուսումնասիրություններ իրականացնել գերիշխող ապրանքային շուկաներում՝ օրենքով սահմանված չարաշահման դեպքերը կանխարգելելու և բացահայտելու ուղղությամբ: 

Մեկնաբանություններ (1)

Արշավիր
Հասարակության ուշադրությունն եմ հրավիրում հետևյալ հանգամանքների վրա. 1. ՏՄՊՊՀ-ն չի անդրադառնում հակամրցակցային համաձայնությանը, թեև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով վերը նշված պայմանավորվածությունն ինքնին հակամրցային համաձայնություն է. 2. Անդրադարձ չի կատարվում անբարեխիղճ մրցակցությանը (օրենքի 14-րդ հոդված), թեև սպառողները մոլորվել են այնքանով, որ մտածել են, թե առևտուր են կատարում որևէ լոգոյի տակ գործող սուպերմարկետից, այնինչ առևտուր են իրականացրել ինչ-որ անծանոթ ԱՁ-երից: 3. Անդրադարձ չի կատարվում պաշտոնատար անձանց գործողություններին, թեև օրենքի 16.3-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում նաև պաշտոնատար անձանց հակամրցակցային գործելաոճի համար: Հ.Գ. Նշվածը միայն ՏՄՊՊՀ հակաօրինական գործելաոճի հպանցիկ հիմնավորումն է, իրականում իրավական հիմնավորումներն ավելի շատ են: ՏՄՊՊՀ-ն ապացուցում է, որ շարունակում է իր շոու բիզնեսին հարող, ժողովրդի երեսին թոզ փչող քաղաքականությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter