HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ «Լույս» հիմնադրամին՝ 2018-2019թթ․ կրթաթոշակի համար դիմած ուսանողներից

«Լույս» հիմնադրամի 2018-2019թթ․ ուսումնական տարվա համար տրամադրվող կրթաթոշակի (փոխառության) համար դիմած մի խումբ ուսանողներ բաց նամակ են ուղարկել, որն ամբողջությամբ հրապարակում ենք․

Մենք բարձր ենք գնահատում «Լույս» հիմնադրամի առաքելությունն ու վերջին 10 տարվա գործունեությունը:

«Լույս» հիմնադրամի գործունեության արդյունքում աշխարհի առաջատար բուհերը մատչելի են դարձել հայ երիտասարդների համար, և հայ երիտասարդները ճանաչելի են դարձել աշխարհի ամենակարկառուն մտավորականների շրջանակներում:

Անկախ քաղաքական իրավիճակով պայմանավորված անցողիկ գնահատականներից` «Լույս» հիմնադրամի գործունեությունը մեծ ներդրում է մեր պետության զարգացման ու անվտանգության գործում:

Չնայած ս.թ. մայիսի 10-ին Հիմնադրամի տարածած հայտարարության առ այն, որ «ուսումը շարունակող կրթաթոշակառուներին և 2018-2019 ուստարվա համար արդեն դիմած երիտասարդներին…» ևս կշնորհվի կրթաթոշակ՝ մայիսի 29-ին Հիմնադրամը դիմորդներին նամակով հայտնեց, որ կրթաթոշակ կշնորհվի միայն ուսումը շարունակող կրթաթոշակառուներին:

Ի տարբերություն հաջորդող տարիների ընթացքում դիմել պատրաստվող ուսանողների՝ այս տարվա արդեն դիմած ուսանողները կրթաթոշակը ստանալու ակնկալիք ունեին, ինչը պայմանավորված էր «Լույս» հիմնադրամի կողմից պարբերաբար տարածվող հայտարարությամբ առ այն, որ կրթաթոշակ կտրամադրվի նաև 2018-2019թթ. ուսումնական տարվա համար դիմած ուսանողներին: 

Հարկ ենք համարում ընդգծել, որ բոլոր ուսանողները համալսարաններին և հիմնադրամներին ուղղված ֆինանսական աջակցության դիմումները լրացնելիս նշել են, որ ակնկալում են «Լույս» հիմնադրամից կրթաթոշակ՝ բոլոր ծախսերի 50%-ի չափով, ինչի հետևանքով համալսարանները կա՛մ կրթաթոշակ իրենց կողմից չեն առաջարկել, կա՛մ առաջարկել են էապես ավելի փոքր չափով՝ այնքան, որքան անհրաժեշտ էր «Լույս» հիմնադրամի կրթաթոշակի հետ միասին ուսման վարձը հոգալու համար: Ստանալով «Լույս» հիմնադրամի անակնկալ պատասխանը՝ մեզանից շատերը դիմել են իրենց համալսարաններին` խնդրելով վերանայել ֆինանսական աջակցության դիմումը` հաշվի առնելով իրավիճակի էական փոփոխությունը: Համալսարանների և հիմնադրամների հիմնական մասը պատասխանել են, որ չափազանց ուշ է, քանի որ կրթաթոշակի համար նախատեսված միջոցներն արդեն իսկ բաշխվել են մյուս ուսանողների միջև:

«Լույս» հիմնադրամի գործունեությամբ է պայմանավորված եղել մեր վերջին մեկ-երկու տարիների կյանքի պլանավորումը:

Շատերը հրաժարվել են իրենց տարիքի ու փորձառության համար բավականին գայթակղիչ աշխատանքի առաջարկներից, բաց են թողել կարիերայի զարգացման համար բարենպաստ հնարավորություններ, անցել են բարձր վարկանիշ ունեցող համալսարաններ դիմելու չափազանց ծախսատար գործընթացը:

Կրթաթոշակ չտրամադրելու լուրը ստանալիս մեզնից շատերն արդեն իսկ հրաժարվել էին այլ համալսարաններից, ուր ևս ընդունվել էին և որտեղից ունեին կրթաթոշակների առաջարկներ՝ նախընտրությունը տալով «Լույս» հիմնադրամի ցուցակում ընդգրկված համալասարաններին, որոնք միգուցե չէին առաջարկում կրթաթոշակ, սակայն որոնց ֆինանսական բեռը «Լույս» հիմնադրամի աջակցությամբ հնարավոր էր հաղթահարել:

Ոմանք նույնիսկ արդեն վարձակալել էին բնակարաններ, մեկնել էին իրենց համալսարանների գտնվելու վայր, քանի որ արդեն սկսվել էին նախապատրաստական դասընթացները: 

«Լույս» հիմնադրամի այս լուրի չափազանց հապաղման պատճառով բոլորս հայտնվել ենք մի իրավիճակում, երբ այլընտրանքային լուծումները չկան՝ հաշվի առնելով, որ համալսարանները և բարեգործական հիմնադրամների մի մասն արդեն իսկ կայացրել են միջոցների բաշխման որոշումները, ավելի մատչելի համալսարաններից արդեն իսկ հրաժարվել ենք և կատարել ենք մեր մասնագիական կյանքի համար այնպիսի բեկումնային որոշումներ, որոնք անդառնալի են:

«Լույս» հիմնադրամը մեզանից շատերի համար այս պահին միակ հնարավորությունն է  կրթություն ստանալու աշխարհի լավագույն 10 բուհերց մեկում և մեր գիտելիքները ի նպաստ դնելու մեր հայրենիքի զարգացմանը:

Մենք կրկին դիմում ենք «Լույս» հիմնադրամին խնդրանքով՝ մեկ անգամ ևս քննարկել «Լույս» հիմնադրամին դիմած անձանց 2018-2019թթ. ուսումնական տարվա համար կրթաթոշակ հատկացնելու հարցը:

Վստահեցնում ենք, որ մենք մեր գործով կապացուցենք Ձեր այս քայլի կարևորությունը:

Մենք լիահույս ենք, որ Հիմնադրամը այսուհետ ևս կշարունակի իր ազգանվեր գործունեությունը:

 

«Լույս» հիմնադրամի կրթաթոշակի համար դիմած մի խումբ ուսանողներ

Դավիթ Ասլանյան` Կալիֆոռնիայի համալսարան, Բերկլի

Վալերի Գրիգորյան՝ Կալիֆոռնիայի համալսարան, Բերկլի

Անժելիկա Իշխանյան՝ Հարվարդի համալսարան

Անի Խաչատրյան՝ Կոլումբիայի համալսարան

Հասմիկ Խաչատրյան՝ Չիկագոյի համալսարան

Մարիամ Ղազարյան՝ Քեմբրիջի համալսարան

Նարեկ Չոբանյան՝ Կալիֆոռնիայի համալսարան, Բերկլի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter