HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վահան Շիրխանյանն ու մյուս կալանավորները մնացել են դատարանում. ցուցարարները փակել են շենքի մուտքերը

Նորքի զինված խմբի գործով դատական նիստն արդեն տևական ժամանակ է` ավարտվել է, սակայն ամբաստանյալյալները դեռ դատարանում են: Ամենայն հավանականությամբ, դատարանի շենքից դուրս գալ չի հաջողվել նաև այս գործով մեղադրող դատախազներին: 
Ավելի վաղ հայտնել էինք, որ զինված խմբի գործով նիստի հետաձգումից հետո ամբաստանյալների հարազատները փակել են դատարանի մուտքն ու հայտարարել, որ այս գործով մեղադրողներին ու դատավորին թույլ չեն տալու դուրս գալ դատարանի վարչական շենքից: Քաղաքացիները մինչև այս պահը դատարանի դիմաց են ու պահանջում են իրենց հարազատներին ազատ արձակել:
Բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների և քաղաքացիների միջև բախում է եղել: Մեզ հետ զրույցում Լուսինե Ալեքսանյանը պատմեց, որ բախման հետևանքով վնասվածք ստացած անձ կա: Ալեքսանյանի խոսքով՝ իրենք փակած են եղել դատարանի դարպասների մուտքը, երբ ոստիկանական մեքենայով կալանավորներ են բերել դատարան: Ապա, ըստ Ալեքսանյանի, ոստիկանական մեծ ուժեր են կուտակվել դատարանի դիմաց, որոնք շուտով ճեղքել են քաղաքացիների շարքերը եւ նրանց հրելով դուրս հանել դատարանի մուտքի դիմացից ու կալանավորներին ներս տարել: 
Դրանից հետո քաղաքացիները տևական ժամանակ փակել էին Տիգրան Մեծ պողոտան, որտեղ տեղակայված է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրը: 
Ակցիայի կազմակերպիչներից մի քանիսն այժմ հանդիպման են գնացել ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ: Վերջինս հեռախոսազանգի միջոցով առաջարկել է քաղաքացիներից մի քանիսին հանդիպել իր հետ, իսկ մինչ այդ բացել փողոցը: 
«Մեր ոստիկանապետի խաթր եկեք բացենք փողոցը»,- հայտարարեց ամբաստանյալների հարազատներից մեկը, ու վայրկյաններ անց Տիգրան Մեծ պողոտան բացվեց:
Այժմ քաղաքացիները շարունակում են փակ պահել միայն դատարանի մուտքերը: «Մենք թույլ չենք տալիս մեր ամբաստանյալներին տանել»,- ոստիկանների հետ բանակցությունների ընթացքում պնդում են ամբաստանյալների հարազատները:
Հիշեցնենք, որ այօրվա դատական նիստում ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանն ու նախկին ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյանն անձնական երաշխավորություն են ներկայացրել այս գործով արդեն 2,5 տարի կալանքի տակ գտնվող ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի խափանման միջոցը փոխելու համար:
Այսօրվա նիստին դատարան էր ներկայացել երաշխավորագիր ներկայացրած պատգամավորներից Ալիկ Սարգսյանը: Դատավոր Արմեն Բեկթաշյանը պարզաբանեց, որ նշված միջնորդությունը քննարկելու համար անհրաժեշտ է երկու պատգամավորների ներկայությունը: Ֆելիքս Ցոլակյանի ներկայությունն ապահովելու համար այսօրվա դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հաջորդ ուրբաթ: Դատավորի որոշումը վրդովմունք առաջացրեց ամբաստանյալների հարազատների մոտ, եւ նրանք փակեցին դատարանի մուտքերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter