HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Վարչապետը «կարծում է, որ ճիշտ կլինի»` Արմեն Սարգսյանը հրապարակի քաղաքացիության վերաբերյալ փաստաթղթերը

Վարչապետ ընտրվելուց առաջ՝ ապրիլի 26-ի երեկոյան, Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանում ընթացող բողոքի ցույցերը առաջնորդող Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր նախագահ Արմեն Սարգսյանի հետ: «Պարոն Սարգսյանը իր հետ բերել էր նաև փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել էր Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետ Փաշինյանը կարծում է՝ ճիշտ կլինի, որ այդ փաստաթղթերը հրապարակվեն, թեև նախագահի աշխատակազմը հրաժարվում է դրանք տրամադրելուց՝ նշելով, որ անձնական բնույթ ունեն:

Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցը քննարկվում է նախագահի պաշտոնում նրա առաջադրումից ի վեր: Այն, որ Հայաստանի չորրորդ նախագահը կարող է չբավարարել վերջին 6 տարիներին միայն ՀՀ քաղաքացի լինելու օրենսդրական պահանջը, հիմնական հարցերից էր նաև Ազգային ժողովում՝ նախագահի ընտրության նախօրեին կայացած քննարկումների ժամանակ:

«...Ձեր թեկնածության լեգիտիմության հարցն ա քննարկվում, և Դուք մի պարզ գործողություն չեք անում. Բրիտանիայի իշխանություններից տեղեկանք չեք բերում, որ Արմեն Սարգսյանը էսինչ թվի էսինչ օրը դիմել ա Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու համար, դիմումը բավարարվել ա, ուստի էսինչ օրվանից նա չի հանդիսանում Մեծ Բրիտանիայի քաղաքացի: […] Եվ եթե էս պայմաններում չի արվում էդ գործողությունը, մենակ մի եզրակացություն կա, որ էդպիսի փաստաթուղթ ուղղակի գոյություն չունի»,- մարտի 1-ին խորհրդարանում ասել էր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Որպես քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ՝ նախագահի թեկնածուն պատգամավորներին ներկայացրել էր միայն Հայաստանի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղեկանքը իր քաղաքացիություն և բնակության վայրի մասին, բայց այդպես էլ չէր հրապարակել դրա համար հիմք հանդիսացած փաստաթղթերը:

Նիկոլ Փաշինյանի գրառումից հետո «Հետք»-ը նախագահի աշխատակազմից խնդրել էր տրամադրել հանդիպման ժամանակ Արմեն Սարգսյանի ներկայացրած փաստաթղթերի պատճենները:

Նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը հայտնել է, որ հենց վերը նշված տեղեկանքն է Սարգսյանի՝ քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ փաստաթուղթը, որը ներկայացվել է Ազգային ժողով և «համարվել է պատշաճ»:

Հասմիկ Պետրոսյանը հրաժարվել է Արմեն Սարգսյանի՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիության դադարեցմանն առնչվող փաստաթղթերը տրամադրելուց՝ նշելով, որ դրանք «անձնական բնույթ ունեն, ուստի և նպատակահարմար չենք համարում դրանց տրամադրումը»:

«Ինչ վերաբերում է Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին այդ թղթերը տրամադրելուն, դա արվել է ծանոթացման համար, քանի որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դա նրան անձամբ խոստացել էր»,- գրված է նախագահի օգնականի պատասխանի տեքստում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը մանրամասնում է, որ Արմեն Սարգսյանը «Մարիոթ» հյուրանոցում կայացած հանդիպման ժամանակ ներկայացրել է անգլիական մասնավոր իրավաբանական ընկերության կողմից տրված մի տեղեկանք, որում հավաստվել է, որ Արմեն Սարգսյանը 2011 թվականի դեկտեմբերին հրաժարվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից և որ նախադեպային իրավունքի ուժով նա այդ պահից համարվում է ՄԲ քաղաքացիությունը կորցրած:

«Պարոն Փաշինյանի հարցին, թե ինչու է տեղեկանքը վերցված ոչ թե պետական կառույցից, այլ մասնավոր ընկերությունից, պարոն Սարգսյանը պարզաբանել է, որ Մեծ Բրիտանիայում դա ընդունված պրակտիկա է, երբ քաղաքացին իրեն վերաբերող որևէ տեղեկություն ստանալու խնդրով դիմում է ոչ թե ուղղակիորեն պատկան մարմնին, այլ մասնավոր իրավաբանական գրասենյակի ծառայությանը և այդ տեղեկությունը համարվում է նույնքան հավաստի»,- «Հետք»-ի գրավոր հարցմանը պատասխանել է վարչապետի մամուլի քարտուղարը:

«Պարոն Փաշինյանն ի գիտություն է ընդունել այս տեղեկատվությունը, այսուհանդերձ կարծում է, որ ճիշտ կլինի, որ տեղեկանքը հրապարակվի, որպեսզի նաև փորձագիտական հանրությունը դրա վերաբերյալ մասնագիտական կարծիք հայտնելու հնարավորություն ունենա»,- գրությունը եզրափակել է Արման Եղոյանը:

Լուսանկարում` Արմեն Սարգսյանը հանդիպում է ժամեր առաջ վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանի հետ, 08.05.2018 / president.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter