14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները շարունակվում են
Հունիսի 9-ին, ժամը 21:32-ին ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ հունիսի 8-ին, ժամը 17։00-ի սահմաններում Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, 2004թ. ծնված Հայկ Հարությունյանը դուրս է եկել տանից և չի վերադարձել: Ստացված տեղեկություններով՝ երեխայի հագին եղել է կանաչ վերնաշապիկ և կիսավարտիք:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ տեղեկությունը փոխանցվել էր ոստիկանության տարածքային ստորաբաժանում: Այնտեղից հաղորդել էին, որ ոստիկանները համապատասխան աշխատանքներ արդեն իրականացնում են, ու փրկարարների միջամտության կարիքը չկա: Այնուամենայնիվ՝ կեսգիշերից հետո Մասիսի և Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ միանում է որոնողական աշխատանքներին (Երևանի Նորագավիթ թաղամասի և ՀՀ Արարատի մարզի Այնթապ գյուղին հարակից տարածքներում), որոնք շարունակվում են մինչև լուսաբաց:
«Հաջորդող օրերին կորած երեխայի որոնողական աշխատանքներն իրականացվել են հիմնականում ոստիկանության և կամավոր քաղաքացիների ուժերով, իսկ ԱԻՆ արձագանքող ուժերը մշտական կապ էին պահպանում ոստիկանության հետ՝ իրավիճակը ճշտելու համար և բերված էին բարձր պատրաստականության՝ անհրաժեշտության դեպքում որոնողական աշխատանքներին միանալու համար»,- գրված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
Այսօր՝ հունիսի 12-ին, ոստիկանության խնդրանքով, փրկարարական ուժերը կրկին ներգրավվել են որոնողական աշխատանքներում՝ ստանձնելով դժվարմատչելի վայրերում համապատասխան աշխատանքների իրականացումը:
Ժամը 16.00-ի դրությամբ՝ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Վաղարշապատի ՀՓՋ հրամանատարի տեղակալի գլխավորությամբ՝ 12 հրշեջ-փրկարար (որոնցից 10-ը՝ ազատ հերթափոխից) վերսկսել են երեխայի որոնողական աշխատանքները մարզի Արագած գյուղի արևելյան հատվածից:
Մեկնաբանել