HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Քաղաքացին ահազանգում է. դատավորները դատական ակտում թույլ են տվել ակնհայտ կեղծիք

Դատավորների կողմից կեղծիք կատարելու հերթական մեղադրանքն է հնչում քաղաքացուց: Սամվել Մալխասյանը դիմել է Բարձրագույն դատական խորհրդին (ԲԴԽ), որպեսզի պատասխանատվության ենթարկվեն վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Հարություն Ենոքյանը, Նարինե Բարսեղյանն ու Գագիկ Ռաֆիկի Խանդանյանը: Ըստ դիմումի՝ նշված դատավորները դատական ակտի պատճառաբանական մասում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցրել, իրեն վերագրել են փաստերի ընդունում, այն դեպքում, երբ ոչ միայն չի ընդունել, այլև մանրամասն բացատրություն է տվել՝ հերքելով դրանք:

ԲԴԽ-ին դիմած քաղաքացին կարծում է, որ դատավորները կենթարկվեն պատասխանատվության:

Սամվել Մալխասյանի դիտարկմամբ՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանը քննության է առել քաղաքացիական գործով` ըստ հայցի Սամվել և Արմեն Մալխասյաններն ընդդեմ Սեդրակ Խզրթյանի` 23.03.2015թ. և 24.03.2015թ. Խզրթյանի և Մալխասյանի միջև կնքված փոխառության պայմանագրերն անփողության հիմքով չկնքված համարելու, որպես հետևանք 24.03.2015թ. կողմերի միջև կնքված հիփոթեքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին բողոքը: Սամվել և Արմեն Մալխասյանների դեմ հակընդդեմ հայց է ներկայացրել Սեդրակ Խզրթյանը` գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջի մասին:

Գործով 22.09.2017թ. վճիռ է կայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը: Մալխասյանների հայցը մերժել է, իսկ հակընդդեմ հայցով պատասխանող Սամվել Մալխասյանից հօգուտ Սեդրակ Խզրթյանի վճռվել է բռնագանձել 71 մլն 752 հազար դրամ` որպես փոխառության գումար:

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում Սամվել Մալխասյանի հաղորդման հիման վրա Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) հարուցվել էր քրեական գործ: Թե՛ նախաքննության, թե՛ քաղաքացիական հայցի քննության ընթացքում Սամվել Մալխասյանը հերքել է Սեդրակ Խզրթյանից փոխառության գումարը ստանալու հանգամանքը: Սամվել Մալխասյանը փաստում է, որ քրեական գործով, ինչպես նաև Սեդրակ Խզրթյանի քաղաքացիական գործի քննության ընթացքում հայտնած դիրքորոշմամբ հաստատվել է, որ ինքը 23.03.2015թ. և 24.03.2015թ.-ի նոտարական սեղանամատյանում գրանցված փոխառության պայմանագրերով սահմանված փոխառության գումարը չի ստացել:

Ըստ Մալխասյանի՝ Սեդրակ Խզրթյանը միակողմանի հայտնել է, թե իբր փոխառության պայմանագրերի կնքման ժամանակ գումարը  չի փոխանցել, սակայն, նշված գումարը Սամվել Մալխասյանին հանձնել է 2014թ-ի դեկտեմբերի 12-ին՝ այդ կապակցությամբ չներկայացնելով որևէ վերաբերելի և թույլատրելի գրավոր ապացույց: Սեդրակ Խզրթյանի հայտնածը հերքել է Սամվել Մալխասյանը:

Սակայն, վերաքննիչ քաղաքացիական դատարանը հաստատված է համարել կողմերի միջև փոխառության իրավահարաբերության առկայության փաստը:

«Դատարանը գիտակցել է, որ առանց բողոքաբերի նշված փաստի ընդունման հնարավոր չէ նման ապացույցների կազմով իրավական հիմք ստեղծել և փոխառության իրավահարաբերություն հաստատել: Դատարանի շահագրգռվածությունը Սեդրակ Խզրթյանի օգտին որոշում կայացնելու հարցում այնքան մեծ է եղել, որ չեն խորշել նաև դատական ակտում ակնհայտ կեղծ տեղեկություն մտցնելու միջոցով պատճառաբանել ակնհայտ ապօրինի դատական ակտը»,- Բարձրագույն դատական խորհրդին ներկայացված դիմումում նշել է Սամվել Մալխասյանը:

Վերաքննիչ դատարանը, 12.04.2018թ-ին կայացրած որոշման պատճառաբանական մասում նշել է. «Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ բողոքաբերների կողմից ընդունվել է այն հանգամանքը, որ իրենք Սեդրակ Խզրթյանին վերադարձրել են 30 000 ԱՄՆ դոլար` որպես փոխառության պայմանագրով ստանձնած պարտավորության մարում, ինչի պարագայում ակնհայտ է, որ վերջիններս ընդունել են փոխառության իրավահարաբերությունների մեջ գտնվելու հանգամանքը»:

Սամվել Մալխասյանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը նշված պատճառաբանության մեջ ներառել է ակնհայտ կեղծ տեղեկություն: Մասնավորապես բողոքաբերին վերագրել է այն փաստը, թե իբր վերջինս ընդունել է, որ Սեդրակ Խզրթյանին վերադարձրել են 30,000 ԱՄՆ դոլար` որպես փոխառության պայմանագրով ստանձնած պարտավորության մարում: Սակայն, իրականում բողոքաբերը նման փաստը ոչ միայն չի ընդունել, այլև Վերաքննիչ դատարանի գործի քննության ընթացքում հերքել և պատճառաբանել է գումարի վճարման իրական նպատակը՝ կրկին անգամ փաստելով, որ դա չի հանդիսանում փոխառության գումարի մարում: Վերոնշյալ փաստը հաստատվում է նաև դատական նիստի ձայնագրությամբ:

Ս. Մալխասյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ քրեական գործում առկա որևէ փաստաթղթում, որևէ արձանագրության մեջ, որևէ ցուցմունքում, երբևէ հայցվորները չեն ընդունել Սեդրակ Խզրթյանից գործարքի կնքման պահին կամ դրանից առաջ գումար ստանալու փաստը: Հենց իրենց հաղորդման հիման վրա է հարուցվել քրեական գործը, բոլոր բացատրություններում և ցուցմունքներում նշել են, որ Սեդրակ Խզրթյանից փոխառության գումար չեն ստացել: Այսինքն՝ դատարանի կազմում հանդես եկող դատավորները, ակնհայտ շահագրգռվածություն ունենալով ամեն կերպ մերժել վերաքննիչ բողոքը, միտումնավոր կեղծ և հորինված փաստեր են ներառել և դրա հիման վրա կատարել եզրահանգում:

Սամվել Մալխասյանը զարմացած է, որ Վերաքննիչ դատարանը, հորինելով փաստական հանգամանքներ, վերացական նշել է իբրև դրանք բխում են քրեական գործից, բայց թե մի քանի հատորանոց քրեական գործի կոնկրետ որ նյութից է բխում` Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել մի պարզ պատճառով, քանի որ նման նյութ գոյություն չունի, չի կարող ունենալ:

«Որոշումը առնվազն 3 դրվագով դատարանը պատճառաբանել է իր կողմից հորինված, ակնհայտ կեղծ տեղեկությամբ: Գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության անունից որոշում կայացնող դատավորների նման վարքագիծն անթույլատրելի է: Վերջիններս կամ չունեն մասնագիտական բավարար պատրաստվածություն, որպեսզի կարողանան իրավական և փաստական հանգամանքների համադրման արդյունքում, գործում առկա ապացույցների շրջանակում կատարել ճիշտ իրավական վերլուծություն, կամ գործել են ակնհայտ կանխակալ, դրանց անհերքելի ապացույցն է որոշման պատճառաբանական մասում դիտավորությամբ ակնհայտ կեղծ տեղեկություն մտցնելու հանգամանքը»,- ԲԴԽ-ին ուղղված դիմումում նշել է Սամվել Մալխասյանը:

Նշենք, որ Վերաքննիչ դատարանի 12.04.2018թ. որոշմամբ՝ Սամվել և Արմեն Մալխասյանների բողոքը մերժվել է:

Լուսանկարում (ձախից աջ)՝ դատավորներ Գագիկ Խանդանյանը, Նարինե Բարսեղյանն ու Հարություն Ենոքյանը

Մեկնաբանություններ (2)

Արամ
Զարմանալի ոչինչ չկա... Դատավոր Արշակ Վարդանյանը իմ նկատմամբ կայացրած 32 էջանոց դատավճռում 42 կեղծիք է կատարել, որպեսզի կոծկի դատախազի օժանդակությամբ բյուջեից կատարված հափշտակումը...
Арутюн
Точно также с рчень грубыми нарушениями работает и судья этого суда артесян она очнь плохо раюотает и находится в сговоре с адвокатом Мамиконом Манукяном если посммотреть большинство ее дел это незнаем что

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter