HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր սերնդի կրթություն

Շահառուների անմիջական մասնակցությունը համակարգային փոփոխությունների գործընթացին դեմոկրատական հասարակության անհրաժեշտ պայման է։ Որքան էլ որ գայթակղիչ լինի այլ երկրների փորձը ներմուծելը, համակարգի վերակազմավորման փորձերը  կարող են շատ արագորեն հայտնվել փակուղու առաջ, եթե գործընթացից դուրս մնան ուսուցիչների, ծնողների եւ աշակերտների կարծիքներն ու նախասիրությունները փոխարենը որդեգրելով բրգաձեւ կառավարվող արագատեմպ ներմուծումների ուղին։

Ես Հայաստանում ապրել եմ  90-ականներին եւ ուսումնասիրել եմ այլընտրանքի հնարավորությունը հանրային կրթական համակարգից ներս, հատկապես՝ ծնողների անմիջական դերն ու մասնակցությունը կրթության զարգացման գործընթացին։ Ըստ 1996-ին հավաքագրված տվյալների, հայ ուսուցիչների մեծ մասը գտնում էր, որ ծնողը չի կարող մասնակցել կրթության խնդիրների վերաբերյալ որոշումներ կայացնելու պրոցեսին քանի որ ծնողը մասնագետ չէ։ Դրան հակառակ՝ ծնողների մեծ մասը գտնում էր, որ ծնողը չի կարող մասնակցել, որովհետեւ նրան հնարավորություն չի տրվում։

2018-ի հունիսի 9-ին, մասնակցելով TUMO-յում կայացած Նոր Սերնդի կրթություն համաժողովին ես համոզվեցի, որ  20 տարի անց, Հայաստանի կրթական համակարգում շատ քիչ բան է փոխվել թեեւ ակնհայտ է, որ փոխվել են թե՛ քաղաքական եւ թե՛ հասարակական մթնոլորտը։ Հիմնականում՝ հասունացել է այն գիտակցությունը, որ կրթության ասպարեզի փոփոխությունները արդեն անհրաժեշտ են եւ անխուսափելի։ Ելնելով այն հանգամանքից, որ համաժողովին չկային ծնողների շահերը ներկայացնող մասնակիցներ, կարելի է ենթադրել, որ այս հարցին վերաբերվող կարծիքները չեն փոխվել։

Համաժողովին մասնակցում էին մի շարք պատվավոր հյուրեր։ Նրանց թվում էին տեղացի եւ օտարերկրացի փորձագետներ եւ Երեւանում ճանաչում վայելող  երեք մասնավոր դպրոցների՝ ԱՅԲ-ի, Արեգնազանի, եւ  UWC-ի տնօրենները, ինչպես նաեւ նախորդ երկու աշխատախմբերին մասնակցություն ցուցաբերած  անհատներ։ Համաժողովի գլխավոր նպատակն էր պարզել, թե ինչպիսի փոփոխություններ են անհրաժեշտ եւ ինչ ճանապարհով պետք է դրանք կատարվեն։

Հանդիպումները փաստագրել են Հայաստանում կրթության զարգացման մի շարք տեսլականներ։ Դրանցից առաջնայինը՝ ազատ եւ անալիտիկորեն մտածող, ինքնահայաց, ստեղծագործող, երջանիկ քաղաքացու դաստիարակությունն է։ Պակաս կարեւոր չէ նաեւ ազգային արժեքներին համապատասխանող անհատական արժեհամակարգի ձեւավորումը։ Որպես դրանց հասնելու ճանապարհ առաջադրվեց ուսումնասիրել աշխարհի հաջողության հասած մի շարք երկրների օրինակները։ Ի դեմս վերը նշված դպրոցնների՝ սրա փորձը Հայաստանում արդեն կա։

Ես ուզում եմ ահազանգել, նախ որ երկրի քաղաքացի կրթելու գործընթացում մասնավոր  դպրոցները չեն կարող փոխարինել հանրային կրթական համակարգին, ինչպես նաեւ բարեգործությունը չի կարող լինել հանրայինի հիմնական ֆինանսավորման աղբյուրը։ Դպրոցը Սովետական Հայաստանի ամենաարժեքավոր ձեռքբերումն էր։ Հանրային կրթության շնորհիվ էր որ Հայաստանում գրաճանաչությունը եւ իգական սեռի ֆորմալ կրթությունը հասավ 98-ից բարձր տոկոսի։ Երկրորդ, հանրային կրթական համակարգը պետք է լինի հանրության սեփականությունը եւ ո՛չ թե բարերար անհատների կամ կազմակերպությունների նպատակները իրականացնող օրգան։ Միամտություն կլինի հավատալ, որ կապիտալիստ բարերարը (թե՛ հայ եւ թե՛ օտար) ներդրում կկատարի առանց ֆինանսական կամ անձնական շահի, առանց քաղաքական ու գաղափարային լծակների ակնկալիքի։

Ուրեմն ո՞րն է մեր երկրի քաղաքական եւ արժեհամակարգային ձգտումներին համապատասխանող ռազմավարությունը արձանագրած տեսլականները իրականացնելու համար։ Անկախության առաջին իսկ տարիներից ի վեր, հայ ուսուցիչը հայտնվել է մի իրավիճակում, որտեղ հատվում են սահմանները մասնագետի, հասարակական ծառայողի, եւ վերադասի անձնական շահեր սպասարկողի դերերի միջեւ։ Իսկ նրա վերաբերմունքը իր աշակերտների հանդեպ թելադրվում է ուսուցչի նկատմամբ վերադասների եւ ընդհանուր հասարակության վերաբերմունքից։ Թերագնահատվում են ուսուցչի կարողությունները ո՛չ միայն որպես գիտական աշխատողի այլ որպես մանկավարժի, որի առաքելությունը սերունդ կրթելն է անկախ աշխատանքային պայմանների անբավարարությունից։ Դասարանից ներս փորձ չունեցող անձիք չեն կարող նույնիսկ պատկերացում ունենալ ծավալուն, բազմաշերտ հմտությունների մասին, որոնք պահանջվում են մանավանդ տարրական դասարանի դասվարից։ Ներկայիս տեխնոլոգիաներով հագեցած դարում տեղեկությունները ծնվում եւ շրջանառության մեջ են մտնում ակնթարթային արագությամբ։Նույն արագությամբ  փոխվում են նոր սերնդի կարիքներն ու հնարավորությունները, որոնք պահանջում են մեթոդնեերի ու ծրագրերի շարունակական փորձարկումներ ու նորարարություններ։ Սակայն ուսուցիչը չունի հնարավորություն իր մասնագիտական ասպարեզում մտքի առաջնորդ լինելու, քանի որ մանկավարժի մասնագիտությունը դիտվում է որպես միջինից ոչ ավելի հմտություններ պահանջող ծառայություն։ Սրան են վկայում ուսուցիչների կենսական մակարդակը չբավարարող խիստ ցածր աշխատավարձերը։

Հավելյալ՝ ուսուցիչն ու ծնողը պետք է դառնան  կրթության գործընթացի շահատերերը, որպեսզի ստեղծեն լավագույն պայմանները անալիտիկորեն մտածող, ինքնահայաց, ստեղծագործող, ազատ ու երջանիկ քաղաքացու ձեւավորման համար։

Միջավայրը մարդու կարողությունների զարգացման թիվ 1 գործոնն է։ Ծնողն ու ընտանիքը երեխայի անմիջական միջավայրի ինտեգրալ մասն են կազմում։ Էվոլուցիոն տեսանկյունից դիտելու դեպքում հասկանում ենք, որ որպես կանոն երեխան ծնվում է օժտված այն բոլոր կարողություններով, որոնք մարդը ձեռք է բերել անցնելով դարավոր զարգացման փուլերով նախնադարից մինչեւ մեր օրերը։ Բնության հետ հարաբերվելով մարդու մոտ զարգացել են պայքարելու, հարմարվելու, իր առջեւ ծառացած խնդիրները լուծելու ունակությունները։ Իսկ իր տեսակի հետ մարդն ստիպված է նաեւ հաղորդակցվել։ Լեզուն ծնվեց, երբ  երկրի վրա բազմացան մարդիկ եւ հաղորդակցվելու պահանջը մղեց մարդուն իր մենակյաց, անհատական գոյությունից անցնել համատեղության ու համայնքային գործունեության եւ հակառակը։ Ուստի կարելի է եզրակացնել, որ ծնողի, ընտանիքի ու համայնքի ընձեռած հնարավորություններից է կախված երեխայի բնատուր կարողությունների զարգացումը, իսկ հետագայում՝ ուսումնական հաջողությունները։

Որո՞նք են միջավայրում երեխայի մտավոր զարգացմանը սատարող պայմանները։ Մանուկ երեխան էլ իր կենսական կարիքները բավարարելուց բացի արձագանքում է իր միջավայրի ազդակներին։ Լեզվական ազդակները ինչպիսիք են բանավոր խոսքը, արտասանությունը, հարց ու պատասխանը, բանավոր խաղերը, բազմաքայլ ցուցումների հետեւելը մարդու մտավոր զարգացումը տանում են ուղղագիծ, անալիտիկ մտածողության։ Այս դեպքում առաջացած մի մտքին հաջորդում է մյուսը ինչպես բառերը կամ ուլունքներն են շարվում կողք կողքի։ Լեզվական մտածողությունը տանում է նաեւ ինքնահայեցության, վերազննումի, որի հետեւանքով մարդը կարողանում է նկատել եւ ճշտել սեփական մտքի ու վարքի սխալները՝ քայլ առ քայլ։ Ճշգրիտ գիտությունները, ինչպես նաեւ լեզուների յուրացումը ընկալվում են ուղեղի նման ֆունկցիաների միջոցով։

Իսկ զգայական ազդակները գրգռում են մարդու ուղեղի զգացական կամ ստեղծարար ֆունկցիաները։ Այստեղ առաջացած միտքը սփռվում է ինչպես հրավառություն եւ ընկալվում է որպես համայնապատկեր բոլոր զգայարանների միջոցով։ Այսպես են ծնվում վերացական մտածողությունն ու երեւակայությունը։ Ընկերովի խաղը, դերակատարումը, արվեստների հետ շփումը, հեքիաթն ու պատմվածքը կապահովեն ստեղծարար մտածողության անհրաժեշտ պայմանները։

Նորարարությունն ու ստեղծարությունը մարդուց պահանջում են ուղեղի անալիտիկ եւ վերացական ֆունկցիաների համատեղ, հավասարակշռված գործածություն։ Ժամանակակից տեխնոլոգիաները ցույց են տալիս, որ նյարդային հաղորդակցությունները, որոնք միտք են ծնում, անընդհատ գոյանում են կամ ոչնչանում են՝ կախված ուղեղի տվյալ հատվածի գործածության հաճախականությունից։ Այսպիսով՝ մարդու մոտ զարգանում եւ ամրապնդվում են այն մտավոր կարողությունները, որոնք ավելի հաճախ են օգտագործվում։ Անտոնիո դէ Նիկոլասը սրանք անվանում է մտքի սովորություններ (habits of mind).

Ուրեմն ամենավաղ տարիքում, նույնիսկ ներարգանդային զարգացման փուլում, մարդու ուղեղի տարբեր ֆունկցիաները կարող են հավասարապես զարգանալ, եթե միջավայրում գոյություն ունեն անհրաժեշտ անալիտիկ եւ զգացական ազդակները։ Հետեւաբար, եթե երեխայի մոտ չկան ֆիզիոլոգիական եւ զգացական խաթարումներ, նրա մտավոր զարգացումը կընթանա սահուն՝ միջավայրի հնարավորությունների սահմանում։ Կարելի է եզրակացնել, որ մարդու մտավոր զարգացման համար ամենակարեւորը նախադպրոցական եւ դպրոցական տարիքում նրա ապրած միջավայրում հնարավորությունների առկայությունն է։ Իսկ նոր միտք ստեղծելու համար մարդը պետք է հաճախ օգտագործի եւ կիրառի ուղեղի բոլոր կարողությունները միաժամանակ։ Հետեւաբար՝ կրթության ոլորտի բարելավումները պետք է թիրախավորեն նախադպրոցական եւ ցածր դպրոցական տարիքային խումբը։  

Վերջին երկու տասնամյակներում կատարված բացահայտումները խրախուսիչ են այն առումով, որ եթե անցյալում նորարարությունը  շնորհալի, տաղանդավոր անձանց կողմից կատարված պատահական երեւույթ էր, այսօր կրթության ասպարեզում մենք հնարավորություն ունենք միտումնավոր ձեւով զարգացնելու մարդու ուղեղի կարողությունները այնպես, որ նա կարողանա նոր միտք արարել։

21-րդ դարը տեխնոլոգիական վերելքի դար է։ Գլոբալ մասշտաբով հաճախ է  շահարկվում այս ոլորտում երիտասարդ սերնդի հմտություններ ձեռք բերելու անհրաժեշտությունը։ Ուսանողի մոտ նորարարության կարողությունները խթանելու համար STE(A)M-ը առաջադրում է  դպրոցներում ինտենսիվացնել գիտությունների, տեխնոլոգիայի,  ինժեներական հմտությունների, մաթեմատիկայի, գուցե նաեւ արվեստների (գեղարվեստ, երաժշտություն, գրականություն եւ այլն) ուսուցումը։ Հավելյալ, անհրաժեշտ է վերջիններս ուսուցանել ոչ որպես առանձին առարկաներ այլ համակապակցված։ Մի բան, որ գրեթե անհնար է իրականացնել դասագրքերի միջոցով, բայց  շատ հնարավոր՝ կյանքից վերցված իրական խնդիրներ ուսումնասիրելով, վերլուծելով, սիմուլացնելով։

Անհրաժեշտ է նկատել, որ STEM-ը առանց (A) – ի որն ընդգրկում է արվեստներ, լեզվական հմտություններ եւ միջմարդկային հարաբերություններ - սատարում է մտավոր կարողությունների, որոնք ավելի են համապատասխանում տղաների բնական անալիտիկ հակումներին, անտեսելով աղջիկների համեմատաբար ավելի զարգացած զգացական, վերացական մտավոր կարողությունները։ Ուրեմն պայման է, որ համակարգային ու ծրագրային փոփոխությունները հաշվի առնեն երկու սեռերի առանձնահատուկ հմտություններն ու կարիքները, չմոռանալով, որ նորարարության մեջ հաջողության հասնելու համար պարտադիր է համատեղել ու օգտագործել ուղեղի բոլոր կարողությունները միասնաբար։ Ուրեմն, այստեղ սեռերի հաջողության հասնելը ապահովելու համար անհրաժեշտ է թիրախավորել ոչ միայն պայմանների հասանելությունը, այլ պետք է պատրաստել յուրաքանչյուրի մտավոր առավելությունների վրա հիմնավորված համապատասխան ուսուցողական ծրագրեր։

Հավելյալ՝ մարդու մտավոր վիճակի վրա խորապես ազդում է նրա զգացական աշխարհը։ Ժամանակակից կյանքի ստրեսային ազդեցություններից թոթափվելու համար անհրաժեշտ է, որ երեխան ունենա ֆիզիկապես լիցքաթափվելու միջոց։ Կարելի է եզրակացնել, որ նոր սերնդի կրթությունը բարելավելու համար բացառապես STEAM-ը բավարար չէ։

Իսկ որքանո՞վ STEAM-ը կծառայի ազատ մտածող, երջանիկ սերունդ ձեւավորելու գործընթացին՝ դժվար է գուշակել։ Սակայն բավական է հիշել հայ երիտասարդների մասսայական մասնակցությունը մեր համազգային «թավշյա» հեղափոխությանը, հասկանալու համար, որ նրա արժեհամակարգը ազատությունն է ու խաղաղությունը, իր գաղափարները, ճիշտն ու արդարը անվախորեն պաշտպանելը։ Իսկ մարդը երջանիկ է, երբ նրա արտաքին աշխարհում դրսեւորած կյանքը համահունչ է նրա արժեհամակարգին։ Ուրեմն թողնենք, որ ազատ ապրեն մեր զավակները։ Փնտրենք կրթության ասպարեզում ազատ ընտրություն ընձեռնելու հնարավորություններ թե՛ ուսանողին եւ թե՛ ուսուցչին։  Չբռնանա՛նք նրանց  մտքին, վարքին, ու երազներին։

Մարինէ Խաչատուր
Մանկավարժ-հետազոտող, գրող
Փասադենա, Կալիֆորնիա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter