HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանը քննարկեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի՝ կառավարության նախագիծը

Խորհրդարանն արտահերթ նիստում քննարկում է «Կուտակային կենսաթոշակային օրենքում» լրացումներ ու փոփոխություններ կատարելու կառավարության հեղինակած նախագիծը։ Գործադիրն առաջարկում է ամրագրել, որ մինչև հարկային օրենսգրքով անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց եկամուտների՝ եկամտային հարկով հարկման բեռի նվազեցումը, օրենքով նախատեսված սոցիալական վճարի կեսը, սակայն ոչ ավելին, քան 12500 դրամը, կատարի պետությունը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է նաև, որ կուտակային կենսաթոշակային համակարգի շահառուների գերակշիռ մասն արդեն իսկ ներառված է համակարգում՝ շուրջ 207 հազար մասնակից, իսկ հուլիսի 1-ից հետո մինչև 80 հազար մասնակից կավելանա։ Հունիսի ութի դրությամբ ֆոնդերում հավաքված է 124.3 միլիարդ դրամ, որի 70 տոկոսը ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ:

Հիմնական զեկուցող, ֆինանսերի նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ համակարգը բուռն քննարկվել է ու քննարկվում է մինչև հիմա, համակարգի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ, սակայն նման իրավիճակ միայն Հայաստանում չէ։

Ջանջուղազյանի խոսքով՝ ակնկալիքն այն է, որ երկու հազարից ավելի վարձու աշխատողները, որոնք համակարգի մասնակից են, ունենան տնօրինվող եկամուտների որոշակի աճ, իսկ համակարգին նոր միացողների եկամուտի նվազումը նշանակալի չլինի։

ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը մինչ իր հարցադրումներն ասաց, որ նախարարի պատասխանից է կախված նաև իրենց խմբակցության քվեարկությունը։ Մելքումյանը հետաքրքրվեց, թե պետությունն ինչ երաշխիք է տալիս, որ տարիներ անց, օրինակ՝ դրամի հնարավոր արժեզրկումը չի սպառնալու համակարգի մասնակիցներին։ Մելքումյանը հետաքրքրվեց նաև գումարները տնօրինող կառավարիչների հնարավոր սնանկացումից, թե ինչ երաշխիք կա, որ գումարները չեն փոշիանա։

Ֆինանսների նախարարը վստահեցրեց՝ կառավարիչների սնանկացումը համակարգի մասնակիցների ֆինանսական միջոցների վրա որևէ կերպ չի կարող ազդել, քանի որ կուտակված գումարը մասնակիցների սեփականությունն է։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ է լինելու այն դեպքում, եթե համակարգը չեղարկվի, Ջանջուղազյանն ասաց, որ յուրաքանչյուրն ազատ է տնօրինել իր կուտակված միջոցները։

«Բայց պետք է հաշվի առնել մի հանգամանք՝ հաշվի առնելով այն, որ ներդրումներն ինչ-որ գործիքների մեջ են, չի կարող վերադարձը լինել անմիջապես ու ամբողջական»,- ասաց նախարարը։

Ջանջուղազյանը նաև հավելեց, որ եկամտային հարկի դրույքաչափի փոփոխությունը կառավարության օրակարգում է։

Մելքումյանը նաև հիշեցրեց, որ համակարգի ամբողջական ներդրման պարտադիր բաղադրիչի կիրարկումն արդեն երկու անգամ հետաձգվել է, նախկինում այդքան հետաձգումը չի՞ ազդել երկրի վարկանիշի վրա, Ջանջուղազյանն արձագանքեց՝ հետաձգումն ամենավատ տարբերակն է, ինչի հետևանքով նաև միջազգային գործընկերների համար դառնում ես պակաս կանխատեսելի։

Միքայել Մելքումյանն իր ելույթում ասաց, որ կողմ են քվեարկելու նախագծին։

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը ողջունեց նոր կառավարության որոշումը՝ շարունակել համակարգի ներդրման աշխատանքները, սակայն վերջինիս համար կառավարության հիմնավորումն էր անհասկանալի։ Նա կոչ արեց հստակեցնել՝ ի վերջո համակարգը ներդնելը ճիշտ որոշում էր, թե ոչ։ Պատգամավորի համար նաև վիճահարույց էր այն, որ կառավարությունն առաջարկում է համակարգին նոր միացողների համար 7,5% ներդրում անել, իսկ մյուս 2,5%-ը կապահովվի մասնակցից։

Ջանջուղազյանն արձագանքեց՝ որոշել են նման հարաբերակցություն կիրառել, որպեսզի համակարգին նոր միացող վարձու աշխատողը միանգամից չզգա պարտադիրի բեռը։

Ջանջուղազյանի խոսքով՝ այդ հարաբերակցության համար տարեկան պետական բյուջեից ծախսվելու է 12-15 միլիարդ դրամ, որպեսզի «անցումը ոչ ցնցումային լինի»։

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե արդյոք այս փոփոխությամբ կառավարությունը «ձեռքերը լվանո՞ւմ է» համակարգից, թե՞ կարող են լինել այլ փոփոխություններ։ Մարուքյանը հիշեցրեց, որ համակարգին ընդդիմացող շատերը հիմա ևս դեմ են, արդյոք կառավարությունը պատրա՞ստ է լսել նրանց։ Ջանջուղազյանն ասաց, որ «ձեռքերը չեն լվանում», եկամտային հարկի դրույքաչափի վերանայում են կատարելու, և գիտեն, որ շատերը դեռևս դեմ են համակարգին։

«Բայց կան նաև շատերը, որոնք իրենց հաշիվները ստուգելիս մեծ բավականություն են ստանում իրենց կուտակված միջոցները տեսնելիս»,- ասաց նա։

Մարուքյանը հիշեցրեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում կան մարդիկ, որոնք դեմ են պարտադիրին, ժամանակին շարժումն առաջնորդել են, սակայն իրենք հասկանում են այն իրավիճակը, որում հայտնվել են։

«Եկել է նոր իշխանություն, որը պետք է լուծումներ գտներ և հանգել այս տարբերակին, իրավիճակն այսպիսին է, եթե որևէ բան չենք անում հուլիսի մեկից պարտադիր բաղադրիչը գործելու էր, ես չգիտեմ հետաձգելու նախագիծը որ ներկայացվեր ՀՀԿ-ն ինչպես էր քվեարկելու, քանի որ իրենք պարտադիրին կողմ էին, հիմա կառավարությունը բերել է հետևյալը, որ ուժի մեջ մտնող օրենքը բարելավվի»,- իր ելույթում ասաց Էդմոն Մարուքյանը՝ ընդգծելով, որ աջակցում են կառավարությանը։

Մարուքյանն ասաց, որ խոսել է վարչապետի, Արծվիկ Մինասյանի, Արտակ Զեյնալյանի հետ և ասել, որ իրենց թիմը պատրաստ է ներգրավվել քննարկումներում և փորձել գտնել ճանապարհներ։

ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը, որը համակարգի պարտադիր բաղադրիչի ջատագովներից էր, ասաց՝ կրկին կողմ են պարտադիրին։

«Ինչի՞ եք բերել պարտադիրը շարունակելու նախագիծը, բերեիք թող կամավոր լիներ»,- ասաց Հակոբյանը՝ ասելով, թե մարդիկ վստահում են կառավարությանը և կարող էին կամավոր միանալ։

Հակոբյանի խոսքով՝ իրենց մոտեցումների փոփոխություն չի եղել, իրենք կողմ են, որ պարտադիրը լինի, քանի որ այն «անհրաժեշտություն է վաղվա խնդիրը լուծելու համար»։

Տեղեկացնենք, որ համակարգին ընդդիմացող «Դ!ԵՄ ԵՄ» խմբի անդամ Գևորգ Գորգիսյանը Հայաստանում չէ, նա գործուղվել է Բուլղարիայի Հանրապետություն։

Կուտակային կենսաթոշակային համակարգի, միջազգային ֆոնդերի և համակարգին նախկինում ընդդիմացող պաշտոնյաների տեսակետը կարող եք կարդալ այս հոդվածում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter