Հեղափոխությունից ոգևորված՝ մենաշնորհի պատճառով հեռացած գործարարը 10 տարի անց ուզում է վերսկսել գազասպասարկման գործունեությունը
2004-2006 թթ. Երևանում գազի ներտնային գազասպասարկում իրականացնող «Աշլիդ» ՍՊԸ-ի սեփականատերը վերադարձել է և ուզում է շարունակել իր սկսած և կիսատ թողած գործունեությունը: Ընկերության սեփականատեր և տնօրեն Դանիել Զաքարյանն ասում է, որ մենաշնորհի պատճառով այդ ոլորտը տրվեց «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ին, իսկ մնացյալ ընկերությունները, այդ թվում նաև «Աշլիդ» ՍՊԸ-ն ստիպողաբար դուրս մղվեցին շուկայից:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ, 2007թ.-ի նոյեմբերից գազի ներտնային ցանցի սպասարկումը հանձնվեց «ՀայՌուսգազարդին»։ Իսկ «ՀայՌուսգազարդ»-ը շուտով՝ 2007թ.-ին, ստեղծեց նոր ընկերություն և այդ դաշտը հանձնեց «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ին: Որքան էլ գործարարը հարցը բարձրաձայնել է, մամուլի ասուլիսներ հրավիրել, ապօրինությունների մասին հայտարարել, այդուհանդերձ, հարցը փակվել է՝ հօգուտ արդեն նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառույցի:
Դանիել Զաքարյանն այդ պատմությունից հետո հեռացել է Հայաստանից և Ռուսաստանի Դաշնությունում տարբեր գործունեություններ իրականացրել ընտանիքը պահելու համար: Թավշյա հեղափոխությունը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մենաշնորհների վերացման մասին հայտարարությունները նրան հույս են ներշնչել: Գործարարը որոշել է վերսկսել իր կիսատ թողածը:
«Աշլիդ»-ը կատարել է ինչպես ներտնային գազասպասարկում, այնպես էլ շինմոնտաժման աշխատանքներ: 35 հազար բաժանորդ է ունեցել Երևանում:
«Ուզում եմ ընկերությունը վերականգնել: Ժողովրդին բացատրել, որ ինչ գումարներ են իրենցից տանում և ոնց են խաբում»,- ասում է Դանիել Զաքարյանը:
«ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն մեկ գազօգտագործող սարքավորման առկայության դեպքում բաժանորդից գանձում է 2400 դրամ, 2-ի դեպքում՝ 5700, 3-ի դեպքում՝ 6900 դրամ:
Դանիել Զաքարյանը նշում է, որ դրանք շատ մեծ գումարներ են այդ ոլորտի սպասարկման համար, մինչդեռ ինքը բաժանորդների համար անակնկալներ է պատրաստել՝ շատ ավելի էժան և որակյալ սպասարկում կազմակերպելու նպատակով: «Էդքան ուտել չի լինում, որ Կարեն Կարապետյանը կերավ»,- ասում է Դ.Զաքարյանը:
Նա վստահ է, որ կկարողանա հավաքել իր անձնակազմին, քանի որ լավ է վարձատրել իր աշխատակիցներին, և վերջիններս պատրաստակամություն են հայտնել կրկին աշխատել իր հետ:
«ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն փաստացի հիմնադրել է արդեն նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի եղբայրը՝ Վլադիմիր Կարապետյանը, և մինչ 2009 թվականը եղել է բաժնետերերից մեկը: Այժմ այստեղ ամենամեծ բաժնետերը ԿԱ Ջրային տնտեսության պետական կոմիտեի արդեն նախկին նախագահ Արսեն Հարությունյանը, ով կնոջ հետ ընկերության 44 % բաժնեմասին է տիրապետում: Արսեն Հարությունյանը, հիշեցնենք, ՀՀԿ անդամ է, 2010-ից «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ 2013-ից գլխավոր տնօրենի: Իսկ 2016-ին նշանակվեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնում:
«ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ում 30% բաժնեմաս ունի Արթուր Սուրենյանը: Նա «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի իրացման գծով նախկին փոխտնօրեն Ռուբեն Սուրենյանի զավակն է, 2007թ.-ից էլ` «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի սպասարկման գծով գլխավոր տնօրենի տեղակալը:
Դանիել Զաքարյանն «Աշլիդ» ՍՊԸ-ով չի շարունակելու իր գործունեությունը, քանի որ 3 տարի առանց եկամտի գոյատևելու պատճառով հարկային պարտավորություններ է կուտակել 4 մլն դրամի չափով ու սնանկ ճանաչվել: Նոր ընկերություն է հիմնելու՝ «Էկոնոմ գազ սերվիս» ՍՊԸ անվամբ: Գործարարն անվան բացատրությունն էլ ունի՝ էկոնոմ է լինելու թե´ սպասարկումը, թե´ գազից օգտվելը, թե´ ծախսը: Իսկ այդ ամենին հենց իրենց ընկերության աշխատակիցներն են նպաստելու՝ բնակիչների հետ բացատրական աշխատանքներ տանելով:
Դանիել Զաքարյանն արդեն իսկ ՀՀ մի շարք համայնքներում հանդիպումներ է ունեցել գազի աշխատակիցների և բնակիչների հետ: Հուլիսի 1-ից նախատեսել է մեկնարկ տալ իր գործունեությանը իր ծննդավայր Վարդենիս քաղաքից և այդ շրջանի գյուղերից: Այդտեղից էլ կշարժվի դեպի մայրաքաղաք՝ անցնելով Մարտունու, Գավառի և Սևանի միջով: Արդեն մեքենաներ և արտահագուստ է պատվիրել աշխատակիցների համար:
Այս ամենին զուգահեռ՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը քննարկում է գազի ներտնային սպասարկման ոլորտը պետականացնելու հարցը: ԱԻ փոխնախարար Արա Նազարյանը վերջին խորհրդակցության ժամանակ տեղեկացրել է, որ ուսումնասիրվել է գազի ներտնային սպասարկման ծառայությունը պետական հատվածում ներառելու հարցը:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առկա են ծառայության սակագինն իջեցնելու հնարավորություններ, որոնք մշակելուց և հստակեցնելուց հետո առաջարկությունը կներկայացվի կառավարությանը: Նպատակն է նաև ոլորտը պետականացնելու հաշվին գումարներն ուղղել պետական բյուջե:
Դանիել Զաքարյանը սրա պատասխանն էլ ունի. ժողովուրդը պետք է ընտրություն կատարելու հնարավորություն ունենա՝ օգտվել «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի, ԱԻՆ-ի, թե Դանիել Զաքարյանի նոր հիմնադրած կառույցի ծառայություններից:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել