Փաստաբան Գայանե Գալոյանի եղբայրը մահացել է. նրա վերաբերյալ դատական նիստը հետաձգվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր փաստաբան Գայանե Գալոյանի, քննիչ Միքայել Զադոյանի և քաղաքացի Բաբկեն Գասպարյանի վերաբերյալ կաշառքի գործով դատական նիստը, սակայն դատարանը, նախագահությամբ դատավոր ՄԵսրոպ Մակյանի, հետաձգեց նիստը Գայանե Գալոյանի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների բացակայության պատճառով: Փաստաբան Գայանե Գալոյանը, որը մեղադրվում է կաշառքի միջնորդություն կատարելու մեջ, դատարանի աշխատակազմին տեղեկացրել է այն մասին, որ եղբայրը մահացել է, և նիստին ներկայանալ չի կարող: Առողջական խնդիրների պատճառով չէր ներկայացել նաև Գալոյանի պաշտպան Անժելա Հոբոսյանը, չէին ներկայացել քննիչ Միքայել Զադոյանի պաշտպաններից Հրանտ Անանյանը, մեղադրող դատախազը:
Նման պայմաններում դատական նիստը ենթակա էր հետաձգման:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ քաղաքացի Բաբկեն Գասապարյանը Քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով անցնող որդու՝ Սոս Գասպարյանի օգտին գործողություններ կատարելու դիմաց քննիչ Միքայել Զադոյանին և բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ տվել է առանձնապես խոշոր չափի կաշառք: Ըստ գործի նյութերի՝ Սոս Գասպարյանին վերագրված 112-րդ հոդվածով նախատեսված արարքը՝ դիտավորությամբ առողջությանը ծանր հարված հասցնելը, պետք է վերաորակվեր քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի՝ անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմանազանցման:
Ըստ գործի նյութերի՝ ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանը քննիչ Միքայել Զադոյանին առաջարկել է 3000 ԱՄՆ դալար կաշառք, քննիչն ընդունել է առաջարկը, ապա վերջինս և քննչականի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանը Բաբկեն Գասպարյանի հետ կաշառքի շուրջ համաձայնության գալով՝ նրան ուղարկել են փաստաբան Գայանե Գալոյանի մոտ, ով ստացել և քննիչին ու քննչականի պետի տեղակալին է փոխանցել 3000 ԱՄՆ դոլար կաշառքը: Սոս Գասպարյանին վերագրվող արարքը, սակայն, չի վերաորակվել, և Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով ուղարկվել է դատարան:
Նշենք, որ կաշառքի վերաբերյալ գործի շրջանակներում Սոս Գասպարյանը դատարանում ցուցմունք է տվել և հայտնել, որ ինքն ու եղբայրը երեկոյան տուն գնալիս են եղել, երբ անհայտ անձինք հարձակվել են իրենց վրա, ու ինքը ստիպված է եղել ինքնապաշտպանվելու համար դանակով հարվածել:
Այն բանից հետո, երբ նման պայմաններում Սոս Գասպարյանի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվել ոչ թե անհրաժեշտ ինքնապաշտպանության, այլ դիտավորությամբ ծանր վնաս հասցնլու հոդվածով, Բաբկեն Գասպարյանը դիմել է Ազգային Անվտանգության ծառայությանը՝ հայտնելով կաշառքի գործի մասին:
Փաստաբան Գայանե Գալոյանն ամիսներ առաջ դատավորի որոշմամբ կալանքից ազատվել է, նրա նկատմամբ ընտրվել է ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոց: Ազատության մեջ է նաև կաշառք տալու մեջ մեղադրվող Բաբկեն Գասպարյանն, իսկ քննիչ Միքայել Զադոյանը գտնվում է կալանքի տակ:
Մեկնաբանել