HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նախարարությունն առաջարկում է 21 սպորտսմենի տարկետման իրավունք տրամադրել, ՊՆ-ն 4-ին մերժել է

Կառավարության վաղվա՝ հուլիսի 4-ի նիստի օրակարգում է մի հարց, ըստ որի՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից 2018 թվականի ամառային զորակոչից մինչև 2020 թվականի ամառային զորակոչը տարկետման իրավունք կտրվի սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող 19 մարզիկների:

Որոշումը գործադիրին ներկայացնելու է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը:

Ըստ նախագծի՝ 12 մարզիկ ֆուտբոլի՝ մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի անդամներ են: Նրանք են՝ Արմեն Հովհաննիսյան, Ռաֆիկ Միսակյան, Պերճ Պողիկյան, Էրիկ Ազիզյան, Արամ Խամոյան, Դավիթ Փարեմուզյան, Նարեկ Հովհաննիսյան, Տիգրան Այունց, Դավիթ Մայիլյան, Էրիկ Ղարիբյան, Արսեն Եղիազարյան, Էրիկ Ավետիսյան: Մյուս 9 մարզիկները ներկայացնում են ծանրամարտը, ըմբշամարտը, հունահռոմեական ըմբշամարտը և այլ սպորտաձևեր:

Նրանք են՝ Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտի 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերում զբաղեցրել է 2-րդ տեղը, 2017-ին կայացած Եվրոպայի առաջանությունում՝ առաջին տեղը), Դավիթ Հովհաննիսյան (ծանրամարտի մինչև 23 տարեկան երիտասարդների Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 2-րդ տեղը), Լևոն Մանուկյան (ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնություն (2015 թ.) զբաղեցրել է 2-րդ տեղը), Սամվել Աղաջանյան (հունա-հռոմեական ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնություն (2017թ)՝ 3-րդ տեղ), Հրայր Շահվերդյան (բռնցքամարտի մինչև 22 տարեկան երիտասարդների Եվրոպայի առաջնություն (2018թ)՝ 5-րդ տեղ), Գառնիկ Պապիկյան (բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնություն՝ 5-րդ տեղ), Սամվել Խաչատրյան (սամբոյի երիտասարդների Եվրոպայի առաջնություն (2017 թ)՝ 2-րդ տեղ), Ժորա Լագզյան (սամբոյի երիտասարդների Եվրոպայի առաջնություն (2016 թ)՝ 2-րդ տեղ) և Տարոն Այվազյան (ավանդական ուշուի երիտասարդների Եվրոպայի առաջնություն (2018 թ)՝ 2-րդ տեղ):

Նախագծում նշվում է նաև, տարկետման տրամադրման անհրաժեշտությունը պայմանավորված է հավաքական թիմերի լավագույն մարզիկների մարզումային գործընթացի անընդհատությունն ապահովելու համար:

«Մարզական արդյունքների հետևողական բարձրացումը կազմակերպված գործընթաց է, որը կընդհատվի և կխաթարվի, եթե պատանեկան և երիտասարդական տարիքում ինտենսիվ կերպով մարզված և որոշակի բարձր արդյունք ցուցաբերած մարզիկները պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում չստանան։ Հետևաբար Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում ընդգրկված լավագույն մարզիկների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալը կնպաստի սպորտի բնագավառի բնականոն գործունեությանը և բարձր մարզական արդյունքների ձեռքբերմանը»,- գրված է որոշման տեքստում:

Պաշտպանության նախարարությունն առաջարկությունների բաժնում հայտնել է, որ վերոնշյալ 21 քաղաքացիների՝ տարկետում ստանալու վերաբեյալ առարկություն չունի, սակայն առարկություն է ներկայացրել ևս 4 քաղաքացիների՝ տարկետում ստանալու խնդրով:

ՊՆ առարկություն է ներկայացրել Առաքել Մովսեսյանին (ծնվ.՝ 2000 թ., ըմբշամարտիկ, 2017 թ. պատ. Եվրոպայի առաջնություն 3-րդ տեղ) և Կարեն Հովհաննիսյանին (ծնվ.՝ 2000թ., Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների ազգային հավաքական թիմի անդամ) տարկետում տրամադրելու հարցում:

«ՀՀ կառավարության որոշմամբ տարկետում տալու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ վերջիններս նախկին «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ՀՀ կառավարության 13.01.2000թ. N 15 որոշման «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 3-րդ մասի շրջանակներում օգտվում են ձեռք բերված տարկետումը ձևակերպելու իրավունքից՝ Ա. Մովսեսյանը որպես Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի 2-րդ կուրսի ուսանող՝ մինչև 2020 թ. ամառային զորակոչը, իսկ Կ. Հովհաննիսյանը՝ որպես Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանող՝ մինչև 2021թ. ամառային զորակոչը: Ոչ նպատակահարմար ենք համարում Արման Ալբերտի Միքայելյանին (ծնվ.՝ 1996թ., շախմատ, 2011թ. համաշխարհային պատ. օլիմպիադա, 2-րդ տեղ) և Վահե Հրաչյայի Բաղդասարյանին (ծնվ.՝ 1993թ. շախմատ, 2009թ. համաշխարհային պատ. օլիմպիադա, 3-րդ տեղ) տարկետման տրամադրումը, քանի որ տեղեկատվություն առկա չէ վերը նշված ժամկետներից հետո այդ քաղաքացիների կողմից մարզաձևում ունեցած շարունակական կամ առնվազն այլ հաջողությունները ունենալու վերաբերյալ»,- ասված է ՊՆ եզրակացությունում:

Նախագիծն ուժի մեջ կարող է մտնել միայն Կառավարության հաստատումից հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter