
Կաճաճկուտում հակասողանքային միջոցառում չի իրականացվում. «Սեդվի էներգո»-ն հէկ կառուցելու մտքից չի հրաժարվում
Ալավերդի համայնքի Կաճաճկուտ գյուղի մուտքի մոտ 500 մմ տրամաչափի, 10 մ երկարությամբ 100 հատ խողովակ է թափված: Կաճաճկուտի վարչական ներկայացուցիչ Ռուզաննա Թամազյանի ասելով՝ մոտ 1000 մ խողովակները թավշյա հեղափոխությունից 10 օր առաջ են տեղափոխվել Կաճաճկուտ:
Ռուզաննա Թամազյան
Դրանք մինչ այդ կուտակված են եղել Ալավերդու Սանահին կայարանային թաղամասի նախկին նավթաբազայի տարածքում: Նախկին գյուղապետ Հայկազ Դավթյանի ասելով՝ այդ խողովակները Կաճաճկուտ գետակի վրա 2-րդ փհէկ կառուցելու նպատակով են տեղափոխվել գյուղ:
«Էն մեկը մարսեցին, հիմա 2-րդ փհէկ-ն են ուզում կառուցել»,- ասաց Հայկազը Դավթյանը: Խոշորացված Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը տեղյակ չէր խողովակներից: Կաճաճկուտի վարչական ներկայացուցիչ Ռուզաննա Թամազյանը հայտնեց, որ խողովակներին տիրություն է անում Սանասար Շերմազանյանը:
Վերջինս հեռախոսով մեզ բացատրեց, որ դրանք իր սեփական խողովակներն են, Երևանից է գնել՝ անասնագոմ կառուցելու նպատակով: Սանասար Շերմազանյանը Կաճաճկուտի հարևան Աքորի գյուղի նախկին գյուղապետ Կամո Սիմոնյանի փեսան է:
Կամո Սիմոնյանը «Սեդվի էներգո» ՍՊԸ-ի փոքր բաժնետերերից է: «Սեդվի էներգո» ՍՊԸ-ի հիմնական բաժնեմասը՝ 87 տոկոսը, պատկանում է հէկ-եր նախագծող «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ի սեփականատեր՝ Գրիգոր և տնօրեն՝ Ինեսա Գաբայանների որդուն՝ Սարգիս Գաբայանին:
Ընկերությունը վերջին տարիներին ցանկացել է Կաճաճկուտ գետակի վրա հէկ կառուցել, սակայն հանդիպել է գետակի ջրով ոռոգվող Հագվի գյուղի այգետերերի կոշտ դիմադրությանը: Բնապահպանության նախարարությունը մերժել է «Սեդվի էներգո» ՍՊԸ-ի ներկայացրած փորձաքննության հայտը:
Սարգիս Գաբայանը հեռախոսով մեզ հայտնեց, որ Կաճաճկուտ գյուղի մուտքի մոտ գտնվող խողովակները իր սեփական խողովակներն են։
«Դրանք 3-4 տարի թափված են եղել Ալավերդու նախկին նավթաբազայի տարածքում: Տարածքի սեփականատերը պահանջեց ազատել տարածքը, ես այլ տեղ չեմ ունեցել, խողովակները տեղափոխել եմ Կաճաճկուտ»,- ասաց Ս. Գաբայանը:
Թե ինչ կապ ունի ինքը Կաճաճկուտի հետ և ինչու է խողովակները տեղափոխել հենց Կաճաճկուտ, Ս․ Գաբայանը չբացատրեց: Հեռախոսազրույցից ակնհայտ էր, որ Ս. Գաբայանը դեռ չի կորցրել «Կաճաճկուտ» գետակի վրա փոքր հէկ կառուցելու հույսը։
«Այս պահի դրությամբ հէկ կառուցելու մտադրություն չկա: Դա պայքար է: Ժողովուրդը էս պահի դրությամբ հէկ կառուցելու մասին չի ուզում լսել, վաղը կուզենա լսել: Ես դա չեմ բացառում: Տեսեք, ես Ձեզ չեմ խաբում, ես ամենազոր չեմ, բայց միշտ էլ ման եմ գալիս ճանապարհներ՝ ժողովրդի հետ համաձայնության գալու համար»,- պարզաբանեց Ս. Գաբայանը: Ասաց այս պահին խողովակները դրել է վաճառքի, եթե ժողովուրդը համաձայնի իր հէկ-ի կառուցմանը, կարող է նոր խողովակներ գնել:
Կաճաճկուտը գտնվում է Լալվար լեռան հարավային լանջի ստորոտում: Գյուղը 400 բնակիչ և 119 հա վարելահող ունի: Վարչական ներկայացուցիչ Ռուզաննա Թամազյանի ասելով՝ սողանքային վիճակի պատճառով գյուղի վարելահողերը չեն սեփականաշնորհվել, դրանք վարձակալությամբ գյուղացիներն օգտագործում են որպես խոտհարքներ: Կաճաճկուտի խոտհարքները հիմնականում թեք լանջերի վրա են և գյուղտեխնիկայի աշխատելու համար հարմար չեն: 20-ամյա Արեն Լալայանը բացատրում է, որ Կաճաճկուտի Յեարտաշ, Կալքարեր, Մաղարոներ, Կալեր հանդամասերի թեքության պատճառով խոտը ձեռքով են հնձում:
«Մեր գյուղում աշխատելն ու ապրելը դժվար է, բայց այստեղ ապրողներն իրենց գյուղը շատ են սիրում, Կաճաճկուտի բնությունը այլ տեղ չեմ տեսել»,- ասում է Արենը:
Արմենուհի Խլոպուզյանը՝ Արենի մայրը, դժգոհեց, որ կաճաճկուտցիների կյանքում դրական ոչ մի փոփոխություն չի լինում:
Արեն Լալայան
Արմենուհին հիշեց, որ գյուղ եկող ավտոբուս երբեք չեն ունեցել: Ալավերդցի վարորդները վթարային ճանապարհով վախենում են գալ Կաճաճկուտ: Գյուղացիները գյուղի մեքենաներով են գնում Ալավերդի, որի համար մեկ մարդը 500 դրամ է վճարում: Կաճաճկուտում մանկապարտեզ չկա: Հինգ տարի առաջ կապիտալ վերանորոգված մշակույթի տունը կաճաճկուտցիներն անգամ մեկ օր չեն օգտագործել:
Շենքի պատերը միմյանցից հեռացել են, հատակն էլ խոնավությունից քայքայվել է: Արմենուհին ասաց, որ խոշորացված Ալավերդի համայնքին միանալուց հետո Կաճաճկուտում ոչինչ չի փոխվել: 86-ամյա Լադիկ Թամազյանը, պատմեց, որ 50 տարի աշխատել է Կաճաճկուտում՝ վար ու ցանքս է արել, գյուղի փոստատար, ապա ֆերմայի վարիչ և բրիգադիր է աշխատել: Լադիկ Թամազյանն ասում է, որ գյուղը չի զարգանում։
Կաճաճկուտում հիմնականում անասնապահությամբ են զբաղվում:
Լադիկ Թամազյան
«Հիմա մեր գյուղը բրախած գյուղ ա: Տենում ես, մեր գեղի էլեկտրական սյուները չիմ վեր ա թափում»,- հեռվում թեքված սյուները ցույց տալով՝ ասաց Լադիկ Թամազյանը: Դեռ 1969թ.-ին ՀՀ նախարարների խորհրդի 393 որոշմամբ կատարված ինժեներա-երկրաբանական հետազոտությունների արդյունքներով Կաճաճկուտը ճանաչվել է սողանքային գյուղ: Այդ պատճառով գյուղի բնակչությանն անցյալ դարի 70-ական թվականներին երկու անգամ վերաբնակեցրել է Մեծ Այրում և Այգեհատ գյուղերում:
Կաճաճկուտցիները չեն հարմարվել այդ գյուղերին և վերադարձել են իրենց գյուղ: Քաղաքաշինության նախարարության պատվերով՝ «Գեոռիսկ» գիտահետազոտական ընկերությունը 2005թ.-ին իր հետազոտություններով պարզել է, որ Կաճաճկուտի սողանքավտանգ տարածքը զբաղեցնում է մոտ 160 հա: Սողանքային պրոցեսների զարգացումը և մակերևույթային ճեղքառաջացումը առավել վտանգավոր են գյուղի անմիջական տարածքում և նրա շրջակայքում: Այստեղ առանձնացվում են մոտ երկու տասնյակ խոշոր ու փոքր սողանքային մարմիններ, որոնցից մեծ մասը ներկայումս ակտիվ է և անընդհատ շարունակում է զարգանալ:
Սողանքային տարածքում ակտիվ, անընդհատ շարժվող 1,5 հա տեղադիրքեր կան Կաճաճկուտ գետակի աջ ափին՝ 150 մ հեռավորության վրա: Ակտիվ և անընդհատ շարժվող տեղադիրքեր կան նաև գետակի աջ ափի 60 մետր հեռավորության վրա, մեկ հա՝ գետակի հունից 240 մ հյուսիս –արևմուտք և 110 մ արևմուտք: Հատակային էրոզիայի և նրա հետևանքների կանխարգելման համար ինժեներա-երկրաբանական հետազոտություններ կատարող մասնագետներն առաջարկել են ջրորդանների միջոցով գետակի ու նրա վտակների ջրերի տեղափոխում գյուղի սահմաններից դուրս, կամ կատարել առվակների հատակային մասերի բետոնապատում:
Բացի այդ, առաջարկվել է գյուղի անմիջական տարածքում խստորեն կարգավորել ոռոգման ջրերի ծախսը, կապտաժի ենթարկել առավել դեբիտով գյուղի աղբյուրները մասնավորապես N 15 սողանքային մարմնի մոտակայքում, որի ակտիվացումը սպառնում է գյուղը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհին: Դեռ խորհրդային տարիներից առ այսօր հակասողանքային առաջարկված որևէ միջոցառում Կաճաճկուտում չի կատարվել:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գյուղի սողանքային տարածքում, Կաճաճկուտ գետակի վրա 3 հէկ-եր կառուցելու լիցենզիաներ է տվել: 2014թ.-ի մարտին Կաճաճկուտ գետակի վրա շահագործվել է «Վան Ալ Էն Կ» ՍՊԸ-ին պատկանող «Կաճաճկուտ» փհէկը:
Այս փհէկ-ի ջուրը Կաճաճկուտ գետակի ակունքից է վերցրվում, իսկ փհէկի ջրահավաք կայանը և ձկնանցարանը կառուցված են հենց սողանքային վտանգավոր գոտում:
Լսելով սողանքային տարածքով հոսող Կաճաճկուտ գետակի ջրերի սպառնալիքների մասին, Սարգիս Գաբայանը մի պահ ոգևորվեց։ «Ես այդ գործից հասկանում եմ, գետի ջուրը խողովակների մեջ քաշելը կվերացնի գետակի սողանքային վտանգները: Ես իմ հէկը կկառուցեմ հենց գործող հէկ-ի շարունակությամբ»,- ասաց նա:
Ամենայն հավանականությամբ՝ այդ ակնկալիքով էլ Ս. Գաբայանը իր հէկ-ի համար նախատեսած 1000մ խողովակները տեղափոխել է Կաճաճկուտ: Ստիպված էինք Ս. Գաբայանին հիշեցնելու, որ Կաճաճկուտ գետակը հոսում է գյուղի սողանքային վտանգավոր տարածքով, բացի այդ 514 բնակիչ ունեցող Հագվի գյուղի զարգացման համար կարևորվում է ոռոգման ջրագծի կառուցումը, որը պետք է սնվի Կաճաճկուտ գետակից: Գյուղի դպրոցի հարևանությամբ գտնվող աղբյուրի մոտ Սիլվա Գևորգյանը, որ դույլերով ջուր էր տանում, դժգոհեց խմելու ջուր և գյուղում մանկապարտեզ չունենալու համար:
Սիլվան ասաց, որ վերջերս կաճաճկուտցիների հետ հանդիպման եկած Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը խոստացել է լուծել գյուղացիների մի մասին չբավարարող խմելու ջրի և մանկապարտեզի հարցը։
«Մեր գյուղի խնդիրը այն է, որ խմելու ջուրը գյուղացիներն օգտագործում են նաև ոռոգման նպատակով: Սողանքային Կաճաճկուտի տնամերձերը ոռոգել չի թույլատրվում, բայց կաճաճկուտցիները չեն լսում նախազգուշացումները»,- բացատրեց Ռուզաննա Թամազյանը:
Մեկնաբանել