HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ադրբեջանում բողոքի ակցիայի ժամանակ սպանվել է երկու ոստիկան

Ադրբեջանի Գյանջա քաղաքում հուլիսի 10-ի երեկոյան բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարները սպանել են երկու ոստիկանի: Ադրբեջանի ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ կրոնական ծայրահեղականների 150-200-հոգանոց խումբը Գյանջայի քաղաքապետարանի շենքի դիմաց փորձել է խախտել հասարակական կարգը:

Երբ ոստիկանության աշխատակիցները փորձել են գործողություններ իրականացնել հասարակական կարգը վերականգնելու համար, ցույցի մասնակիցները իրենց մոտ եղած կտրող-ծակող և բութ առարկաներով դիմադրություն են ցույց տվել: Ադրբեջանի ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ բախումների հետևանքով կրոնական ծայրահեղականները մահացու վիրավորումներ են հասցրել Գյանջայի ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Իլգար Բալաքիշիևին և Գյանջայի Նիզամի շրջանի ոստիկանության բաժնի պետի տեղակալ, գնդապետ-լեյտենանտ Սամեդ Աբասովին:

Ոստիկանների գործողությունների արդյունքում ձերբակալվել է 40 անձ, մյուսներին հաջողվել է թաքնվել կամ փախչել տարածքից: Ձեռնարկված գործողությունների արդյունքում հասարակական կարգը 30 րոպեի ընթացքում վերականգնվել է, հաղորդում է Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը: Դեպքի առթիվ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով քրեական գործ է հարուցել:

Գյանջայի բնակիչները Meydan TV-ին հայտնել են, որ Գյանջայում ոստիկանության լրացուցիչ ուժեր են բերվել: Մարդկանց ոստիկանական բաժանմունքներ են տեղափոխում անմիջապես իրենց տներից:

Հուլիսի 3-ին մահափորձ էր տեղի ունեցել Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ: 35-ամյա Յունիս Սաֆարովը կրակոցներ էր արձակել Վելիևի և նրա թիկնապահի ուղղությամբ: Վերջիններս հրազենային վիրավորումներով տեղափոխվել էին հիվանդանոց, իսկ Սաֆարովը ձերբակալվել էր:

Meydan TV-ի հաղորդմամբ՝ Էլմար Վելիևի դեմ մահափորձը ակտիվ քննարկումների առիթ էր դարձել սոցցանցերում: Ընդ որում քննադատական մեկնաբանություններ են հնչել նաև Գյանջայի քաղաքապետի գործունեության վերաբերյալ: Նախօրեի բողոքի ակցիան ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ կազմակերպել էին Յունիս Սաֆարովի աջակիցները:

Լուսանկարը՝ РИА Новости / Али Кямал

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter