HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Եվրամիության դրամաշնորհային ծրագրերի ղեկավար Մարինե Պապյանը տասը միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Եվրամիության դրամաշնորհային ծրագրերի ղեկավար Մարինե Պապյանն, ով մեկ տարի է` կալանքի տակ է, տասը միլիոն գրավի դիմաց ազատ կարձակվի: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ԵՄ դրամաշնորհային ծրագրերից հափշտակված գումարների գործով նիստին Մարինե Պապյանի պաշտպան Հունան Բաբայանը միջնորդեց իր պաշտպանյալին ազատել կալանքից կամ նրա նկատմամբ գրավ կիրառել: Պաշտպանը նշեց, որ Պապյանի հարազատները պատրաստ են վճարել 4 մլն դրամ կամ այլ ողջամիտ գումար, որը կսահմանի դատարանը, և դատարանը փաստորեն, նախագահությամբ դատավոր Արման Հովհաննիսյանի, գրավի ողջամիտ չափ է սահմանել տասը միլիոն դրամը: Սահմանած վճարումը կատարելուց հետո Պապյանն ազատ կարձակվի:

Նշենք, որ Եվրամիության դրամաշնորհային ծրագրերից խոշոր չափի հափշտակություն կատարելու առթիվ հարուցված քրեական գործով Մարինե Պապյանը միակ ամբաստանյալն է, որ գտնվում է անազատության մեջ:

Վերջինիս պաշտպան Հունան Բաբայանը միջնորդություն ներկայացնելիս նշեց, որ Մարինե Պապյանի խնամքին են գտնվում անչափահաս երեխան ու հիվանդ մայրը: Պաշտպանը նշեց, որ մինչև ձերբակալվելն ու կալանավորվելը հիվանդ մորը Մարինե Պապյանն է խնամելիս եղել, և հիմա ստեղծվել է իրավիճակ, որ նրա երեխային խնամում է անձն, ով ինքն ունի խնամքի կարիք:

Բաբայանը նշեց նաև, որ Եվրամիության դրամաշնորհային ծրագրերից հափշտակություն կատարելու վերաբերյալ գործը քննվելիս է եղել դեռ այն ժամանակ, երբ Մարինե Պապյանը դեռևս աշխատում էր Եվրամիությունում, այդ ընթացքում, ըստ Բաբայանի, իր պաշտպանյալը երբևէ չի խոչընդոտել գործի քննության ընթացքին:

Փաստաբանը նկատեց նաև, որ գործով մյուս բոլոր ամբաստանյալներն ազատության մեջ են, և այս առումով Պապյանը անհավասար պայմաններում է գտնվում վերջիններիս հետ:

Մեղադրող դատախազը չառարկեց Պապյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ միջնորդության դեմ, առարկություններ չներկայացրեց նաև գործով տուժող Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչ Նարեկ Աշուղաթոյանը, և խորհրդակցական սենյակ հեռացած դատավորը վերադառնալով` հրապարակեց Պապյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ որոշումը:

Նշենք, որ այսօրվա դատական նիստին դատավորը տեղեկացրեց նաև, որ Եվրամիությունը քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան ու պահանջել, որ ամբաստանյալները համապարտության կարգով  փոխհատուցեն իր կրած վնասը` 907 մլն դրամը: Դատավարության կողմերը վերը նշված հայցին ծանոթ չէին, ուստի դրա վերաբերյալ դիրքորոշում կհայտնեն հաջորդ դատական նիստին:

Հիշեցնենք, որ ԵՄ դրամաշնորհային ծրագրերից հափշտակության վերաբերյալ քրեական գործով մեղադրյալների թիվը 19 է, սակայն այս պահի դրությամբ անջատված վարույթով դատարան է ուղարկվել 14-ի վերաբերյալ գործը: Հափշտակված ընդհանուր գումարը միայն անջատված մասով կազմում է 907.281.869.7 ՀՀ դրամ:

Հիշեցնենք, որ ըստ «Դատալեքս» համակարգում մեղադրյալներին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ առկա տեղեկատվության` Եվրամիության դրամաշնորհային ծրագրերի ղեկավար Մարինե Պապյանը մեղադրվում է այն բանի համար, որ ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ նախնական համաձայնության է եկել մեղադրյալներ Հրայր Գյոնջյանի և Տիգրան Սուքիասյանի հետ, իսկ վերջինս իր հերթին նախնական համաձայնություն է ձեռք բերել մեղադրյալներ Ռուբինա Տեր-Մարտիրոսյանի և Արմեն Բարեղամյանի հետ, ապա վերը նշված անձինք մեղադրյալ Գևորգ Ղազարյանի օժանդակությամբ, 2012-2013 թվականների ընթացքում կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու եղանակով խաբեությամբ հափշտակել են ուրիշի՝ առանձնապես խոշոր չափերի գումարը: 

Գարիկ Չիլինգարյանն, ըստ մեղադրանքի, ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով` Տիգրան Սուքիասյանի, Հրայր Գյոնջյանի և Մարինե Պապյանի հետ` 2009-2010 թվականներին մշակել և «Ներդրումների պաշտպանության հիմնադրամ»-ի, Ինովացիոն հետազոտությունների և զարգացման կենտրոն», Նորագույն տեխնոլոգիաներ հանուն մարդկային զարգացման», «Տարածաշրջանային վերլուծությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունների անունից ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակ են ներկայացրել իրականությանը չհամապատասխանող դրամաշնորհային ծրագրեր, որից հետո հափշտակել են հատկացված դրամաշնորհային ծրագրերի առանձնապես խոշոր չափերի գումարները:

Ալեքսանդր Պողոսյանն, ըստ մեղադրանքի, նախնական համաձայնության գալով Տիգրան Սուքիասյանի, իսկ վերջինիս միջոցով՝ նաև Մարինե Պապյանի և Հրայր Գյոնջյանի հետ, 2011 թվականի ընթացքում մշակել և ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակ է ներկայացրել «Վայոց Ձորի մարզի գյուղական համայնքներում աղքատության դեմ պայքար` կաթի վերամշակման ոլորտում գյուղատնտեսական ոլորտի ակտիվ և կայուն զարգացումը խթանելու և կաթ արտադրողների և վերամշակողների համար գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումներն ու ծառայությունները հասանելի դարձնելու միջոցով» անվանումով ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող դրամաշնորհային ծրագիր:

Այնուհետև Մարինե Պապյանը նախաձեռնել է ԵՄ պատվիրակության կողմից հայտարարված դրամաշնորհների տրամադրման մրցույթին ներկայացվող ծրագրի գաղափարի և բովանդակության մշակումը և դրա ընթացքի վերահսկումը: 

Սերգեյ Բալասանյանն, ըստ մեղադրանքի, ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով Հրայր Գյոնջյանի, իսկ վերջինիս միջոցով՝ Մարինե Պապյանի հետ, Կարեն Ստեփանյանի օժանդակությամբ 2012 թվականի ընթացքում մշակել և ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակ է ներկայացրել «Պատանիների պաշտպանությունը համակարգչային աշխարհում» անվանումով ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող դրամաշնորհային ծրագիր: 

Կարեն Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր գործողություններով, այն է՝ կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու միջոցով օժանդակել է Հրայր Գյոնջյանի և Սերգեյ Բալասանյանի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափի՝ 69 մլն 301 հազար 80 դրամ հափշտակությանը: 

Արմեն Միքայելյանը մեղադրվում է Տիգրան Սուքիասյանի, Հրայր Գյոնջյանի և Մարինե Պապյանի հետ նախնական համաձայնության գալով` 2013-2014 թվականների ընթացքում «Արժանապատիվ ծերություն՝ աջակցություն ծերերին իրավահավասար քաղաքացիներ և հասարակության լիիրավ անդամներ մնալու գործում» ԵՄ դրամաշնորհային ծրագրով հատկացված առանձնապես խոշոր չափի գումարների հափշտակության մեջ: 

Մեղադրյալ Դինա Մանուկյանն, ըստ մեղադրանքի, նախնական համաձայնության գալով Գարիկ Չիլինգարյանի, Արմեն Բարեղամյանի, Գևորգ Ղազարյանի, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանի, Մարինե Պապյանի, Հրայր Գյոնջյանի և Տիգրան Սուքիասյանի հետ` 2009-2011 թվականների ընթացքում կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու եղանակով խաբեությամբ հափշտակել է ուրիշի՝ առանձնապես խոշոր չափերի 59 մլն 054 հազար 657 դրամ: 

Արման Մկրտչյանը մեղադրվում է կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու միջոցով Մարինե Պապյանին, Հրայր Գյոնջյանին, Տիգրան Սուքիասյանին և Գարիկ Չիլինգարյանին 42 մլն 838 հազար 614 դրամի հափշտակությանն օժանդակելու մեջ: 

Անահիտ Ավագյանն, ըստ մեղադրանքի, նույն անձանց կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու միջոցով օժանդակել է 22 մլն 770 հազար դրամ հափշտակության հարցում: 

Նելլի Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ, Մարինե Պապյանի օժանդակությամբ 2012-2016 թվականների ընթացքում հափշտակել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի կողմից դրամաշնորհային ծրագրերով հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարներ:

 

Մեկնաբանություններ (1)

Christina
Իսկ ինչու չի նշվել որ պապյանի անչափահաս երեխայի հայրը եվրոպացի է և երեխան էլ ունի ԵՄ քաղաքացիություն և նա ցանկացած ժամանակ կարող է լքել երկիրը , ինչի պատճառով էլ միայն ինքը կալանքի տակ էր այսքան ժամանակ? հիմա կարող է մի օր էլ ասեն երկրից հեռացել է? Բացի դա ունի 20+ տարեկան որդի մեկ այլ ամուսնուց և քույր ով հոգ է տանում իր երեխային: ԵՄ ֆոնդերը գռփելուց ինչի մասին էին մտածում այս մարդիկ??

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter