HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ջրային կոմիտեի նոր նախագահի հարազատների հայկական, ուկրաինական, բուլղարական ընկերություններն ու անշարժ գույքը

Ջրային կոմիտեի նոր ղեկավար Ինեսսա Գաբայանի հարազատները ներգրավված են հիդրոէներգետիկ բիզնեսում, նրանք ընկերություններ ունեն Հայաստանում, Ուկրաինայում եւ Բուլղարիայում, այս վերջին երկրում՝ նաեւ անշարժ գույք:

Վարչապետ Փաշինյանի՝ հուլիսի 10-ի որոշմամբ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի նախագահ է նշանակվել Ինեսսա Գաբայանը: Հիշեցնենք, որ կոմիտեի նախորդ նախագահը՝ Արսեն Հարությունյանը, իր դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից հունիսի 6-ին: Հարությունյանը ոլորտը ղեկավարում էր 2016-ից: Նա այս պաշտոնում նշանակվել էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ:

Ջրային տնտեսության պետական կոմիտեն, համաձայն «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի, ապրիլի 9-ից կոչվում է ջրային կոմիտե, սակայն մինչ օրս նույնիսկ պաշտոնական հաղորդագրություններում օգտագործվում է հին ձեւը:

Ի տարբերություն Ա. Հարությունյանի, որն իր կարիերայի մեծ մասն աշխատել էր գազամատակարարման եւ սպասարկման համակարգում («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ, «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ), Ի. Գաբայանը հիդրոէներգետիկայի ոլորտից է:

«Հիդրոէներգետիկա». ընտանեկան բիզնես

Նորանշանակ պաշտոնյայի ամուսինը՝ Գրիգոր Գաբայանը, երեւանյան «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ի սեփականատերն է: Ընկերությունը մասնագիտացած է հիդրոէլեկտրակայանների շինարարության, այդ ոլորտում խորհրդատվության, հետազոտության եւ մոնիտորինգի մեջ: ՍՊԸ-ն հիմնադրվել է 1995-ին:

Առաջին հիմնադիրներից մեկը եղել է Գրիգոր Գաբայանի հայրը՝ Սարգիս Գաբայանը, մյուսը՝ Հովհաննես Թոքմաջյանը, ով 1995-1996 թթ. եղել է ԳՆ ջրային տնտեսության վարչության պետ, 1995-1999 թթ.՝ ԱԺ պատգամավոր, ղեկավարել է Ջրային հիմնահարցերի եւ հիդրոտեխնիկայի ինստիտուտը, 2006-2013 թթ. եղել է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի, 2014-2015-ին՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, իսկ 2016-ից՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտորը, 2013-ից Երեւանի ավագանու անդամ է ՀՀԿ-ից:

2008-ից «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ի միակ մասնակիցը Գրիգոր Գաբայանն է, որը 2005-2008 թթ. նաեւ ընկերության տնօրենն էր: 2008-2016-ին ՍՊԸ-ն ղեկավարել է նրա կինը՝ Ինեսսա Գաբայանը, իսկ 2016-ից տնօրենը նրանց որդին է՝ Սարգիս Գաբայանը: Կանոնադրական կապիտալը 50 հազար դրամ է:  

Ըստ ընկերության կայքի՝ «Հիդրոէներգետիկան» տարբեր տեսակի աշխատանքներ է կատարել ոչ միայն Հայաստանում, այլեւ Արցախում, Սիրիայում, Տաջիկստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղրղըզստանում:            

«Հիդրոէներգետիկան» Գաբայանների միակ ընկերությունը չէ:

«Սեդվի Էներգո». ձախողված ծրագիր

2009-ին Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղում հիմնադրվել է «Սեդվի Էներգո» ՍՊԸ-ն, որի հիմնադիրներն են եղել Գաբայանների փեսան՝ Երվանդ Մարկոսյանը, Կաճաճկուտի հարեւան Աքորի գյուղի ղեկավար Կամո Սիմոնյանի կինը՝ Գրետա Մկրտչյանը, եւ ՀԱԿ վարչության անդամ Սարգիս Թամազյանի որդի Հարություն Թամազյանը: Հետագայում ընկերության մեջ ներգրավվել է ամերիկյան «Հելլեսդոն» ՍՊԸ-ն՝ գրանցված ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում: Ներկայում ՍՊԸ-ի 87,3 տոկոսը պատկանում է Սարգիս Գաբայանին, 5,7 տոկոսը՝ Կամո Սիմոնյանին, իսկ 7 տոկոսը՝ տնօրեն Արսեն Գալստյանին: Կանոնադրական կապիտալը 500 հազար դրամ է:

Այս ընկերության մասին «Հետքը» շատ է գրել. ՍՊԸ-ն ժամանակին նախատեսում էր երկու փոքր հէկ («Սեդվի-1», «Սեդվի-2») կառուցել Դեբեդի վտակ Կաճաճկուտի վրա, սակայն հետո որոշել էր բավարարվել մեկով: Այդուհանդերձ, այս ծրագիրը կյանքի չկոչվեց: Եթե Կաճաճկուտ եւ Աքորի գյուղերի բնակիչները համաձայն էին ծրագրին, ապա դրանց հարեւան Հագվիի գյուղացիները դեմ էին արտահայտվել՝ պնդելով, որ իրենց խիստ անհրաժեշտ է գետի ջուրը, որը փորձում է վերցնել ընկերությունը: Օրերս «Հետքի» թղթակցի հետ զրույցում Սարգիս Գաբայանը հայտնել է, որ այս պահին հէկ կառուցելու միտք չունեն, բայց չի թաքցրել, որ ծրագրից չեն հրաժարվել. «Այս պահի դրությամբ հէկ կառուցելու մտադրություն չկա: Դա պայքար է: Ժողովուրդը էս պահի դրությամբ հէկ կառուցելու մասին չի ուզում լսել, վաղը կուզենա լսել: Ես դա չեմ բացառում»:     

Ըստ ՊԵԿ-ի հարկ վճարողների փնտրման համակարգի՝ ընկերության գործունեությունը ներկայում ժամանակավոր դադարեցված է: Սա, թերեւս, ձախողված ծրագրի հետեւանքն է:

Սարգիս Գաբայանի անունը, ՀՀ իրավաբանական անձանց ռեգիստրի համաձայն, առկա է այլ ընկերություններում եւս:

Այլ ընկերություններ

Դրանցից մեկը 2003-ին Սյունիքի Աղիտու գյուղում գրանցված «Միեզերք» ՍՊԸ-ն է, որտեղ Գաբայանը 2009-2014 թթ. տնօրեն է եղել, ընկերությունն էլ հիմնադրել է վերոնշյալ Արսեն Գալստյանը, հետագայում մասնակիցներից մեկը դարձել է ամերիկյան «Հելլեսդոնը»: «Միեզերքը» շահագործում է «Իշխանասար» փոքր հէկը Որոտանի վրա: Գրիգոր Գաբայանի անունը եւս առնչություն ունի ընկերության հետ:

«Իշխանասար» փհէկի շենքը (լուսանկարը՝ Լեւոն Գալստյանի. ecolur.org)

2004-ին էլ Ս. Գաբայանը մայրաքաղաքի Նալբանդյան փողոցի այն հասցեում, որտեղ հաշվառված են ծնողներն ու քույրը, հիմնադրել է «Ֆուլ Տրաստ» ՍՊԸ-ն: Վերջինս, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է շինարարական մեքենաների եւ սարքավորանքի վարձույթով ու լիզինգով: Ընկերության հետ առնչվում է նաեւ Արսեն Գալստյանի անունը, որը, փաստորեն, Գաբայանների գործընկերն է:  

2011-ին Սարգիս Գաբայանն ու Լեւոն Հարությունյանը հիմնել են «Էդ.Գրիգ շին» ՍՊԸ-ն: Հետագայում երկուսն էլ դուրս են եկել ընկերությունից: ՊԵԿ-ի տվյալներով՝ Սիսիանում գրանցված ՍՊԸ-ի գործունեության տեսակը ավտոմոբիլային տրանսպորտի ներքաղաքային բեռնափոխադրումներն են:

Ջրային կոմիտեի նոր ղեկավարի որդու անունը կապվում է նաեւ շինարարություն իրականացնող «Կոտայ-հիդրո» ՓԲԸ-ի հետ: Ընկերությունը ստեղծվել է 1995-ին, գրանցված է Երեւանի Արմենակյան փողոցի նույն շենքում, որտեղ հաշվառված է ոչ միայն Ս. Գաբայանը, այլեւ Հովհ. Թոքմաջյանը: Վերջինս նույնպես առնչություն ունի ՓԲԸ-ի հետ: Այս հասցեում է գործում նաեւ Ջրային հիմնահարցերի եւ հիդրոտեխնիկայի ինստիտուտը: Ս. Գաբայանի հետ կապված եւս մի ընկերություն՝ 2007-ին ստեղծված «Գաբրո-Դիորիտ» ՍՊԸ-ն (գործունեությունը՝ շինաշխատանքներ), սնանկացել է ու լուծարվել:

2013-ին Գաբայանների դուստրը՝ Շուշան Գաբայանը, Երեւանի Ուլնեցու փողոցի այն հասցեում, որտեղ հաշվառված է ամուսինը, հիմնել է «Էյ ընդ Էյջ» ՍՊԸ-ն, որի գործունեության տեսակ է նշվել հագուստի մանրածախ առեւտուրը: Ներկայում ընկերությունը, ըստ ՊԵԿ-ի հարկ վճարողների փնտրման համակարգի, ժամանակավորապես չի գործում: 

Գաբայանների ուկրաինական ձեռնարկությունները

«Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ի կայքում նշված է, որ ընկերությունը դուստր ձեռնարկություն ունի Ուկրաինայում, որը ոչ միայն խորհրդատվական, ինժեներական ծառայություններ է մատուցում, այլեւ փոքր ու միջին հէկերի համար մատակարարում է սարքավորումներ:

Ուկրաինական ռեգիստրի համաձայն՝ Գրիգոր եւ Սարգիս Գաբայանները ընկերություններ ունեն այս երկրում:

2010-ին Կիեւի մարզի Բելայա Ցերկով քաղաքում հիմնադրվել է «Հիդրո-Ինվեստ» ՍՊԸ-ն, որի հիմնական գործունեությունն էլեկտրաէներգիայի արտադրությունն է: Ըստ ռեգիստրի՝ այս ընկերության վերջնական շահառուները հայկական «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ն եւ դրա սեփականատեր Գ. Գաբայանն են: Տնօրենը Սերգեյ Իլյինն է: Կանոնադրական կապիտալը 30 հազար գրիվնա է կամ 550 հազար դրամ: Ընկերության գրանցման հասցեում գործում է «Սինեվո» բժշկական լաբորատորիան:   

Գ. Գաբայանը մասնակցություն ունի նաեւ 2014-ին ուկրաինական Պոլտավա քաղաքում հիմնադրված «Պոլտավա Հիդրո» ՍՊԸ-ում, որը, ինչպես եւ «Հիդրո-Ինվեստը», առաջնահերթ զբաղվում է էլեկտրաէներգիայի արտադրմամբ: 1000 գրիվնա (18 հազ. դրամ) կանոնադրական կապիտալով ընկերության 72 տոկոսը պատկանում է Գաբայանին, 19 տոկոսը՝ Կիեւի մարզի Իրպեն քաղաքի բնակչուհի Օլենա Վովկին, 8 տոկոսը՝ կիեւցի Աշոտ Պետրոսյանին, իսկ 1 տոկոսը՝ պոլտավացի Վադիմ Իվանենկոյին, որը նաեւ ՍՊԸ-ի տնօրենն է:

Անցյալ տարվա նոյեմբերին ուկրաինական մամուլը գրեց, որ Պոլտավայի մարզի Սուպրունովկա գյուղի կեղտաջրերի մաքրման կայանում կառուցվում է 195 կՎտ հզորությամբ միկրոհէկ, որը չունի նախադեպը Ուկրաինայում: Հէկն ամեն օր արտադրելու է մինչեւ 3400 կՎտ.ժ էլեկտրաէներգիա՝ օգտագործելով մաքրման կայանից դուրս եկած ջրերը: Ըստ մամուլի՝ պիլոտային ծրագիրը մեկնարկել էր դեռ 2014-ին. նախագծմանն ու շինարարությանը որպես ներդրող ներգրավվել էր հայկական «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ն: Իսկ որպես շինարարության պատվիրատու նշվել է «Պոլտավա Հիդրո» ընկերությունը:    

Վերջինիս սեփականատերերից Աշոտ Պետրոսյանն ունի ինժինիրինգով եւ էլեկտրաէներգիայի արտադրմամբ զբաղվող եւս 3 ընկերություն: Դրանցից «Հիդրոբուդ Լթդ» ՍՊԸ-ն գրանցված է Կիեւի այն նույն հասցեում, ինչ Սարգիս Գաբայանի «Սարաշ Ստրոյ» ՍՊԸ-ն (ըստ էության, անվանումը ծագել է Սարգիս եւ Աշոտ անուններից), որը ստեղծվել է 2013-ին: Այսինքն՝ Աշոտ Պետրոսյանը Գաբայանների գործընկերն է:

Նշված երկու ընկերություններն էլ հիմնականում զբաղվում են ինժինիրինգով, երկրաբանությամբ եւ գեոդեզիայով, այս ոլորտներում խորհրդատվական ծառայություններով: «Սարաշ Ստրոյի» կանոնադրական կապիտալը 1000 գրիվնա է, որի 99 տոկոսը պատկանում է Ս. Գաբայանին, իսկ 1 տոկոսը՝ տնօրեն Դենիս Կրիվենկոյին, ով Կիեւի բնակիչ է:

Բուլղարական բիզնեսն ու բնակարանը

Գրիգոր եւ Սարգիս Գաբայանները Արիստակես Քարտաշյանի հետ «Ինտեկ 04» անունով ՍՊԸ ունեն Բուլղարիայում: Քարտաշյանը Գ. Գաբայանի քրոջ ամուսինն է, հաշվառված է Երեւանում: Ընկերության տնօրենը Գ. Գաբայանն է: Գործունեության տեսակները բազմազան են՝ հյուրանոցային, ռեստորանային, զբոսաշրջային ծառայություններ, նախագծում եւ շինարարություն, մանրամեծածախ առեւտուր, անշարժ գույքի գործարքներ, ապրանքների ներկրում եւ արտահանում, գյուղատնտեսական ապրանքների արտադրություն եւ վաճառք: ՍՊԸ-ի հասցեն Վառնայից ոչ հեռու գտնվող Բալչիկ քաղաքի Օվչարովսկի պլաժ ամառանոցային թաղամասն է, որը գտնվում է Սեւ ծովի ափին:

Գրիգոր, Սարգիս եւ Շուշան Գաբայանները նաեւ բնակարան ունեն սեւծովյան հայտնի Արեւային ափ հանգստավայրի (մտնում է Նեսեբր քաղաքի մեջ) «River Park» հյուրանոցում:

Ընդհանրապես, Բուլղարիայում տարածված պրակտիկա է հյուրանոցների համարների մի մասը կառուցման փուլում կամ արդեն պատրաստի վիճակում վաճառել կամ վարձով տալ ցանկացողներին: Նման դեպքերի մեր նախորդ հոդվածներում անդրադարձել ենք (տե՛ս այստեղ, այստեղ եւ այստեղ):

Առաջին լուսանկարում՝ Գրիգոր եւ Ինեսսա Գաբայանները (լուսանկարները՝ Ի. Գաբայանի ֆեյսբուքյան էջից)

Մեկնաբանություններ (5)

Մ.Գրիգորյան
Իսկ պարտադի՞ր է, որ այսքան հարուստ տիկինը նաև բարձր պաշտոն ունենա: Չէ՞ որ ըստ վարչապետի՝ գործարարները չպետք է պաշտոն ունենան:
Gala
Поставили руководить,со следующего года все их личные фирмы срочно начнут активно работать!
Հարց նոր իշխանությանը
ՄԻԹԵ ՍՐԱՆՑ ՆՄԱՆՆԵՐԸ ՉԵՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒՄ.....ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ? Իսկ ուր մնաց «կոռուպցիոն ռիսկերն ու շահերի բախումը»: Մայրիկը ջրպետկոմ, իսկ անուշիկ զավակն ու ամուսնյակը հիդրոկայանների տերեր ... եւ երեւում է, որ ջրից էլ չեն կշտանում՝ http://hetq.am/arm/news/92066/sedvi-geti-vra-hek-karucelu-aysorva-hanrayin-qnnarkmany-sedvi-energo-spy-i-nerkayacucichnery-chnerkayacan.html
Анатолий
Мы приобрели квартиру в Болгарии через это агентство premier-master.com по рекомендации наших родственников. Сейчас нам помогают получить гражданство менеджеры этой компании.
Աչալուրջ Քաղաքացի
Հետաքրքիր է, ո՞վ է առաջարկում նմատատիպ, բիզնեսի մեջ սերտացված թեկնածուներին վարչապետին, որոնք կարող են ուղղակիորեն օգտագործել իրենց պաշտոնը ի օգուտ իրենց ընկերությունների և ի վնաս վերոհիշյալների մրցակիցների (конкуренты):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter