HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատերազմ և հեղափոխություն

Վահե Հովհաննիսյան, «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Ադրբեջանն առաջնագծում պահում է զինտեխնիկայի և զորքի խոշոր կուտակումներ։

Ղարաբաղում ներքին անկայունության միտումներ են զարգանում։

Հայաստանյան քաղաքական-հասարակական շրջանակներում անընդհատ խոսվում է, որ Մոսկվան կարող է արտոնել Ադրբեջանին ռազմական գործողություններ՝ հայաստանյան հեղափոխությունը ճնշելու համար։

Կա հանրություն, որի ուշադրությունը  զբաղեցված է «սիրո և համերաշխության» հակակոռուպցիոն թեմաներով, և որը խորապես անտարբեր է Ադրբեջանի հետ հնարավոր պատերազմի հարցի հանդեպ։

Եվ վերջապես՝ քաղաքական և հանրային նախկին ու ներկա էլիտայի մեծ մասն այս հարցի հանդեպ ընդգծված վերացարկված վերաբերմունք ունի։ Ասես՝ խոսքն ա՛յլ պետությանն առնչվող հնարավոր պատերազմի մասին է։

Իրականում

Պատերազմը չի կարող լինել ոչ մի բանի գինը, պատերազմը չի կարող լինել միայն իշխանության խնդիրը, պատերազմը չի կարող լինել հանրության միայն որոշ շերտերի հոգսը։ Պատերազմն ընդհանուր մարտահրավեր է, ընդհանուր ողբերգություն։

Հետևաբար՝ այն, ինչը հնարավոր է անել Հայաստանի ներսում և Հայաստանի ջանքերով՝ խուսափելու համար վատագույնից, պետք է արվի, և դրա համար չի կարող լինել որևէ խոչընդոտ։

Պատերազմի զսպման նախաձեռնությունը

Ինստիտուցիոնալ հիշողությունը համարվում է պետությունների կայացածության կարևորագույն չափանիշ։ Անկախ կառավարությունների փոփոխություններից՝ պետությունն ունի թեմաներ, որոնք փոխանցվում են հաջորդաբար՝ իրենց նրբություններով, խութերով, կիսատ մնացած հնարավորություններով, ժամանակին մերժված ռիսկերով ու հաջողության տարրերով։

Ղարաբաղի խնդիրը մեզ համար այդ շարքում առաջինն է։ Հետևաբար՝ ոչինչ  չպետք է խանգարի (և չի կարող խանգարել), որ այսօրվա իշխանությունները քննարկումներ ունենան Ղարաբաղի խնդրին քաջատեղյակ փոքրաթիվ անձանց հետ, որոնք հենց այդ ինստիտուցիոնալ հիշողության կրողներն են։

Պետության շահն է պահանջում, որ գործող իշխանությունն այս խնդրով շփվի Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Վարդան Օսկանյանի, Վիգեն Սարգսյանի, Էդիկ Նալբանդյանի, Սամվել Բաբայանի հետ։

Ինձ ձևաչափը չի հետաքրքրում, ինչպես և չի հետաքրքրում, թե այդ մարդկանց հանդեպ հանրային և իշխանական ի՛նչ վերաբերմունք կա, քանի որ խոսքն այստեղ շատ ավելի մեծ խնդրի մասին է, քան հանրության էմոցիաներն են։ Ես շոուի կողմնակից չեմ, այլ՝ ռացիոնալ քայլերի։ Այս անձանց ՝ միմյանց հանդեպ ունեցած վերաբերմունքն ու ներքին կոնֆլիկտներն էլ, մեծ հաշվով, չեն հետաքրքրում՝ հենց նույն պատճառով։ Նրանցից յուրաքանչյուրը կարող է և պետք է օգտակար լինի ընդհանուր նպատակին։ Ֆիքսենք, որ Լևոն Տեր Պետրոսյանն իր կողմից արդեն արել է այդ քայլը՝ ցույց տալով, որ գիտակցում է իր՝ այդ պարտավորությունը։

Հայաստանն անխուսափելիորեն մտնում է ներքին և արտաքին որոշակի տուրբուլենտության փուլ։ Սա արագ փոփոխությունների անխուսափելի ածանցյալն է։ Հետևաբար՝ այն, ինչը հնարավոր է անել իրականության և հետագա զարգացումների արմատականացումից խուսափելու համար, պետք է արվի։ Թեև ասելիքի առիթը Ղարաբաղն էր ու պատերազմը, բայց դա վերաբերում է այլ թեմաներին ևս՝ տնտեսական խնդիրներից մինչև կրթություն, մշակույթ և այլն։

Վստահ եմ, որ նման շփումները որակապես նոր կոնսոլիդացիոն մակարդակի կբերեն հասարակությանը,  պետականության լրջությունն այլ մակարդակի կբերվի, գործող իշխանության համար կապահովվի լրիվ այլ՝ շատ ավելի լուրջ և հասուն ընկալում ներսում, ինչպես նաև շահեկան դիրքեր՝ արտաքին բանակցություններոմ։ Որքան էլ փորձ արվի ապացուցել հակառակը, բայց մինչև մայիսի 8-ը Հայաստանում կյանք եղել է։

Ն. Փաշինյանը վերջին շրջանում մի քանի անգամ շեշտել է ռազմաքաղաքական լարվածության փաստը և ձևակերպել մոտեցումը՝ մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք պատերազմի վերսկսման։ Սա, իհարկե, ճիշտ է։ Բայց մենք նաև պետք է անենք մեզնից կախված ամեն ինչ՝ պատերազմ թույլ չտալու համար։ Եվ հասարակությունն այդ քայլերի մասին  պետք է տեղեկացվի։ Պատերազմին պատրաստ լինելն ու պատերազմից խուսափելը զուգահեռ պրոցեսներ են և ենթադրում են որոշակիորեն տարբեր քայլեր։

Մենք չենք կարող նստել ու սպասել՝ պատերազմ կլինի, թե ոչ։ Նույնիսկ եթե դրան պատրաստ ենք։ Ինչ-որ իմաստով պատերազմի նախաձեռնությունը Ադրբեջանի ձեռքում է, բայց մենք կարող ենք (պարտավոր ենք) վերցնել պատերազմի զսպմա՛ն նախաձեռնությունը։ Պատերազմից խուսափելու կամ դրա հավանականությունն էապես նվազեցնելու համար մենք պարտավոր ենք անել մեր՝ ճիշտ հաշվարկված, գրագետ քայլերը.

  1. Օգտագործել դիվանագիտական բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ անսպասելի քայլեր և նախաձեռնություններ, և այս հարցում չափազանց կարևոր է ղարաբաղյան խնդրին քաջատեղյակ փոքրաթիվ անձանց  ներգրավումը։

  2. Հայաստանում պետք է ապահովվի հանրային իրոք համերաշխ և հանդուրժողական մթնոլորտ։ Մենք այսօր այստեղ լուրջ անելիք ունենք։

  3. Անհրաժեշտության դեպքում գործող իշխանությունը պետք է գնա որոշ պաշտոնանկությունների, հռետորաբանության շտկման և որոշ՝ արդեն կայացված որոշումների վերանայման ճանապարհով։ Գուցե պետք է լինեն նոր նշանակումներ։

  4. Պետք է ցուցաբերվի բացառիկ համահայկական աջակցություն Արցախի նախագահ Բակո Սահակյանին։

Առաջին կետերին արդեն անդրադարձել ենք։ Ավելի մանրամասն ուզում եմ կանգ առնել վերջին կետի վրա։

Համահայկական աջակցություն Բակո Սահակյանին

Արցախում այսօր ներքին անկայունությունն ուղղակի ադրբեջանական ագրեսիայի առաջ ճանապարհի բացումն է։ Սա միայն գիտակցելը դեռևս քիչ է։ Սա գիտակցելուց հետո պետք է արվեն հստակ քայլեր, պետք է ձևակերպվեն աջակցության հստակ մեսիջներ, ձևավորվեն աջակցության հստակ մեխանիզմներ։

Վարչապետից բացի, ի աջակցություն Բակո Սահակյանի, հստակ մեսիջներ պետք է ուղղեն հայաստանյան խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերը, մտավորականությունը, եկեղեցին, խոշոր բիզնեսը։ Պետք է լինել Արցախում, նախագահի կողքին։

Սփյուռքի ազդեցիկ շրջանակները, ազդեցիկ գործիչները, հեղինակություն և ճանաչում ունեցող անձիք պետք է իրենց աջակցությունը հստակ արտահայտեն, այդ թվում՝ իրենց ֆիզիկական ներկայությամբ։

Բակո Սահակյանին այսօր ճակատագրով բաժին է ընկել Արցախի կայունության, Հայաստանի և սփյուռքի հետ միասնականության առանցքային դեմքերից մեկի դերակատարումը։ Գուցե սա իր պետական աշխատանքի ամենադժվար ու ամենակարևոր փուլն է, որի տապալումը այս անկայուն շրջանում թանկ կնստի պետության վրա։ Սա մեկ անձի խնդիր չէ, հետևաբար՝ հայկական աշխարհի ազդեցիկ ներուժը պետք է սատարի Արցախի նախագահին։ Այն գործիչները, որոնք արդեն դա արել են, ցուցաբերել են հարգանքի արժանի խորը պետական գիտակցություն։ Բայց շարունակությունը պետք է հետևի։ Մենք անվերջ կարող ենք խոսել համահայկական միասնականության մասին։ Հիմա կա կոնկրետ խնդիր՝ Արցախի գործող նախագահին հայտնել զորակցություն։ Արցախում պետք է լինի պինդ, կայուն և ադեկվատ իշխանություն։ Իհարկե՝ սա որևէ կերպ չպետք է արվի ժողովրդավարական ինստիտուտների ճնշման հաշվին։  Երկխոսության, համերաշխության մթնոլորտի ապահովման կարևորության շուրջ հայկական մտավոր ռեսուրսը պետք է սկսի վերջապես արտահայտվել։ Մյուս կողմից՝ պետք է Արցախի իշխանություններին տրամադրվեն նաև այլ ռեսուրսներ՝ Արցախում նոր ծրագրեր իրականացնելու համար։ Պարտադիր չէ, որ համահայկական ռեսուրսները մոբիլիզացվեն և հավաքվեն պատերազմից հետո։ Դա պետք է արվի հենց խաղաղության ժամանակ՝ ապահովելով Արցախի զարգացումը, նվազեցնելով պատերազմի հավանականությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter