HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞վ կհաղթի. Նիկոլը, թե՞ Փաշինյանը, կամ ի՞նչ կատարվեց Հայաստանում

Հայաստանում իրադարձություններն այնքան գլխապտույտ էին, որ համակարգչից պոկվել պարզապես հնարավոր չէր:

Բայց ի՞նչ կատարվեց Հայաստանում. հեղափոխությու՞ն, իշխանափոխությու՞ն, թե՞ մեկ այլ բան:

88-ին ես ուսանող էի Երևանում: Այն ժամանակ պատանյակ էի. շուրջս կատարվողը  լրիվությամբ չէի հասկանում: Հիշում եմ, որ տաք էր...ժողովրդի (հ)ոգին: Արցախյան պատերազմի ժամանակ էլ ժողովրդի նույն (հ)ոգին էր տաք:

2018-ի ապրիլ-մայիսն այլ էր: Այն սոսկ իշխանափոխություն չէր. ոչ էլ հեղափոխություն: Շատ ավելի խորը մի բան կատարվեց, որ Հայաստանում այդպես էլ չնկատեցին: Իրականում ազգի Գենը սկսեց խլրտալ ու…արթնանալ: Ես նույնիսկ վախենում եմ սրա մասին խոսել: Տարօրինակ վախ, որ սիրտդ ուրախացնում է:

Չգիտեմ ինչպես բացատրել այս «ազգի գեն» կոչվածը: Դա «ազգային արժեքները» կամ «ադաթները» չեն. ոչ էլ «ազգային կրոնը»: Իմ ասած «ազգի գենը» շատ ու շատ ավելի խորն է: Ես այն զգում եմ իմ ոսկորների խորքում. դա իմ էության ամենախորն ու անբաժանելի մասն է. իմ էության «սուրբ տաճարը», որտեղ նաև իմ նախահայրերի (հ)ոգիներն են:

2018-ի ապրիլ-մայիսին ժողովուրդը չէր միայն, որ ոտքի կանգնեց. ոտքի էր կանգնել նաև «ազգի գենը»: Եթե դա միայն ժողովուրդը լիներ, ապա նաև ջարդ ու փշուր կաներ… ու կգլխատեր, ինչպես այլ հեղափոխությունների ժամանակ էր: «Թավշյա հեղափոխություն» չի լինում:

Սարդարապատում «ազգի գենը» չէր, որ արթնացել էր, այլ ազգի (հ)ոգին (ու արժանապատվությունը. նույնն էր նաև Արցախում ու ԱՍԱԼԱ-ի ժամանակ): Ազգի արժանապատվությունն ու «ազգի գենը» տարբեր բաներ են: Նժդեհն էլ փորձ էր անում հենց «ազգի գենն» արթնացնել (թեև ինքը դա այլ բառերով էր նկարագրում):

2018-ի ապրիլ-մայիսին «ազգի գենն» արթնացավ (համազգային երջանկություն է): Թե ինչու հատկապես հիմա, չգիտեմ: Ենթադրում եմ, որ ազգի հավաքական գենն, իր միսիան դրսերում ավարտած համարելով, կրկին ցանկանում է մեկ տեղ հավաքվել (հայրենիք վերադառնալ): Վերադառնալու համար նախկինում տեղ (պետություն) չկար: Եղեռնն այս գործընթացն արագացրեց:

Համահայկական ընդվզման ճանապարհով «ազգի գենն» արթնացավ. 1000 տարվա մեջ հայի միակ պետությունը կործանման եզրին էր (1-ին և 2-րդ հանրապետությունները չկայացած միավորներ էին):

Նիկոլը բանիմաց ու խարիզմատիկ է, բայց այս ամենը շատ ու շատ ավելի մեծ է, քան Նիկոլ Փաշինյան անձն ու իր «Իմ քայլը» շարժումը: Նա պարզապես ճիշտ պահին ճիշտ վայրում էր ( in the right place at the right time): Նախախնամությու՞ն. միգուցե:

20 տարվա (1998-2018) հակահեղափոխությունից հետո «հրաբուխը» ժայթքեց: «Բզբզողը» ազգի գենն էր: Այսօր Հայաստանը ոչ թե հետհեղափոխական, այլ հետհակահեղափոխական դարաշրջանում է:

Հայաստանյան վերլուծաբանների մեծ մասը ժողովրդին համարում էր «զոմբիացած ու բան փոխելու անընդունակ»: Նրանք սխալ էին (այս վերլուծաբանների մեծ մասը Բ26/Կրեմլից էր ուղղորդվում): Նույն մարդիկ այսօր շարունակում են վերլուծություններ անել:

Մոտ ապագայում Փաշինյանի միակ ընդդիմադիրը լինելու է…Նիկոլը: Ո՞վ կհաղթի: Կռահեք ինքներդ. Նիկոլը հայի արթնացած գենն է ներկայացնում, իսկ  Փաշինյանը՝ կառավարությունն ու «Քաղաքացիական պայմանագիրը» (ՔՊ): Եթե Նիկո՛լը չհաղթի, հայի արթնացած գենը նոր Նիկոլ կգտնի: Այս հզոր արթնացումը (awakening) կուսակցություններից ու խմբային շահերից վեր է. Նիկոլն այլ մարդկանց ու մասնագետների էլ պիտի ներգրավի՝ չսահմանափակվելով միայն ՔՊ-ով ու երիտասարդ համակիրներով:

Հայի արթնացած գենը Նիկոլից Ինքնիշխան պետություն է պահանջում: Հայը ստրկացած այլևս չի ցանկանում ապրել:

Առաջին քայլը Արժեքների (մարդկանց մտածելակերպի) փոփոխությունն է (դոգմաներից դեպի արժեքներ):

Այս պրոցեսում սխալներ ու վրիպումներ կլինե՞ն: Այո, կլինեն:

Այս պրոցեսում Մոսկվայից, Անկարա-Բաքվից ու հենց երևանյան որոշ ուժերից սադրանքի փորձեր կլինե՞ն: Այո, կլինեն:

Բայց՝ երբ ազգի հավաքական գենն է արթնանում, դրա դեմ «խաղ չկա»: Դրա դեմ խաղ պարզապես չկա:

Այո՝ կոռուպցիայի դեմ պայքար և անկախ դատական համակարգ:

Այո՝ ընտրացուցակների մաքրում և արտերկրում ապրող հայաստանցիների ընտրություններին մասնակցություն:

Այո՝ տեղական անկախ կուսակցություններ, ընտրովի «Մարզային ժողովներ» և երկպալատ ԱԺ (Վերին պալատում ՄԺ ներկայացուցիչներով):

Այո՝ 5 մարզ + Երևան: Ու երկրորդ մայրաքաղաք  (կամ այլ մայր քաղաքներ՝ Գյումրի,Կապան):

Այո՝ հավասար իրավունքներ բոլոր քաղաքացիների համար ու եկեղեցի-պետության նաև de facto անջատում:

Այո՝ անհատին հարգող ու քաղաքացուն պատկանող պետություն:

Այո՝ հանքարդյունաբերության սանձում ու (գոնե մասնակի) ազգայնացում:

Այո՝ ջրամբարների կառուցում (ջուր վաճառելու համար) ու սեփական արդյունաբերություն (հատկապես քարի մշակում):

Այո՝ սեփական ռազմարդյունաբերություն և հարձակողական մտածելակերպ:

Այո՝ ՀՀ-ԼՂՀ կապի de jure հստակ ձևակերպում և օտարների կողմից Հայաստանի տարածքի ձրի օգտագործման դարաշրջանի վերջ:

Նախ հավատալ` հետո տեսնել: Մենք կրկին «ծովից ծով» ոգի և գե´ն պիտի ունենանք. հրածին, հրաշունչ, ինքներս մեզ պաշտող ու ինքներս մեր ուժին աղոթող ոգի և գեն: Մեր շահերին հարվածողին մենք (ոչ քրիստոնեաբար) պատժե՛լ պիտի սովորենք՝ (քրիստոնեաբար) հարմարվելու փոխարեն: Մեր տարածաշրջանում այլ ձև չկա:

Աշխարհի 4 կողմում ազգի գենը շարժվում է. դա վերադարձի խլրտանքն է: Ես վախենում եմ այս ուժից, բայց այս վախն իմ սիրտն ուրախացնում է: 

Վարազ Սյունի

25.07.2018, Նիդեռլանդներ

Մեկնաբանություններ (6)

Արարատ
Վարազ, Հետաքրքիր բաներ եք գրում։ Ըստ Էյնշտեյնի՝ ցնորամտություն է անել նույն բանը եւ սպասել տարբեր արդյունքներ(doing the same thing and expecting different results is insanity): Չե՞ք կարծում, որ ինչպես եվ 88-ի ազգային ոգու «խլրտոցի» դեպքում եղավ, ներկա զարթոնքը եւս կհանգեցնի նմանատիպ հետեվանքների, եթե պատմությունից դասեր չքաղենք ու հույսներս դնենք անծրագիր, ազգային գաղափարախոսությունից բան չհասկացող «գյադա-գյուդեք»-ի վրա։ Այլ կերպ ասած ինչպե՞ս եք պատկերացնում զգայական մակարդակից բանական, ապա ոգեղեն մակարդակ «ազգային գենի խլրտոցը» բարձրացնելու գործընթացը։
Վարազ Սյունի
Արարատ-Շնորհակալություն արձագանքի համար. կարևոր հարց եք բարձրացնում: Իհարկե,պատմությունից դասեր միշտ պիտի քաղել: Ձեր բարձրացրած հարցը մեծ թեմա է. թերևս նոր հոդվածի նյութ է (իմ հոդվածում արդեն որոշ քայլեր առաջարկել եմ): Ձեր հարցի ամենակարճ պատասխանը,իմ կարծիքով, հետևյալն է. ՀԱՅԱՍՏԱՆԱԿԵՆՏՐՈՆ (ոչ թե հայակենտրոն) քաղաքականություն՝ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ջանքերով: Նիկոլը որոշ կադրային խնդիրներ ունի (սա բնական է այս պահին), բայց դա աստիճանաբար կշտկվի: Գուցե տարօրինակ թվա,բայց ես կարծում եմ,որ լավ կլինի,որ «ազգային գաղափարախոսությունից» դուրս կադրեր աշխատեն որոշ ժամանակ՝ նոր-թարմ մոտեցումներով:Հաջորդը՝ «ազգի գենը» լուրջ բան է.ինքը ճիշտ ճանապարհը կգտնի: «Ազգի (հ)ոգու» նման այն չի տաքանում-սառում: ՀԳ.Առայժմ այսքանը. եթե պատասխան դիտարկումներ ունենաք,կպատասխանեմ:
Արարատ
Ի՞նչ եք կարծում էս հոդվածների մասին. http://hetq.am/arm/news/89199/ http://hetq.am/arm/news/89421/ http://hetq.am/arm/news/90065/
Վարազ Սյունի
Արարատ (3) - կարդացի հղումում նշված Արարատ Ստեփանյանի 3 հոդվածները:Բավականին լավն էին:Հատկապես «Սասնա ծռեր» էպոսի մասը. որ՝ «հայ ազգային աշխարհայացքը հիմնված է համատիեզերական երկու կարեւորագույն օրինաչափությունների՝ ջրածնության եւ տիեզերքի ու ճշմարտության երկակի ընկալման վրա»։Ես համաձայն եմ հեղինակի հետ. մենք Եհովայի զավակները չենք, ու քրիստոնեությունը չի կարող իրականացնել հայի ազգային աշխարհայացքը,որը մեր հայրենիքը՝ Արևմտյան Հայաստանը (կամ գոնե դրա մի մասը) ազատագրելն ու ողջ հայությամբ ՄԵԿ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ապահով ու երջանիկ ապրելն է:
Վարազ Սյունի
Շարունակություն՝ ես մեր էպոսը,ցավոք, դեռ լավ չգիտեմ (ինչպես շատ հայեր): Էպոսի նկատմամբ իմ հետաքրքրությունն առաջացավ էպոսագետ Վարդան Սեդրակյանի միջոցով (հուսանք, որ ինքը շուտափույթ ազատ կարձակվի): Հատկապես հայ եկեղեցին դարեր շարունակ հային փորձում է համոզել,որ մեր էպոսն ու հայ աստվածները «ստից,անլուրջ ու միֆոլոգիական» բաներ են: Նրանք վախենում են «հայի գենի» արթնացումից,որովհետև դա կլլինի իրե՛նց դարաշրջանի ավարտը: Ես գտնում եմ,որ դպրոցներում պարտադիր «Սասնա ծռեր» էպոսը պիտի դասավանդեն՝ Յահվե-Եհովայի ուսմունքի փոխարեն:
Արարատ
Ի՞սկ էս։ http://hetq.am/arm/news/91086/haytnutyun-yst-eizmi.html

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter