
Սուրիկ Խաչատրյանի երկու որդին էլ ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից
Քննչական կոմիտեն հաստատել է «Ազատություն» ռադիոկայանի տեղեկությունը, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տրդատ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա փաստաթուղթ կեղծելու միջոցով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից:
Տեղեկացնենք, որ Պաշտպանության նախարարություն ուղարկված մեր գրավոր հարցման մեջ մենք ներառել ենք մի քանի հարյուր գործող ու նախկին պաշտոնյաների և վերջիններիս զավակների անուններ՝ խնդրելով պարզաբանել` արդյոք վերջիններս անցել են պարտադիր զինվորական ծառայություն: Հարցման մի մասի պատասխաններն արդեն մեր տրամադրության ներքո են, ըստ այդմ` Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի երկու որդիներն էլ՝ 1994 թվականին ծնված Տիգրան Խաչատրյանը և 1996 թվականին ծնված Տրդատ Խաչատրյանն ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից: Խաչատրյանները նախ ակադեմիական տարկետում են ստացել, ապա` ազատվել առողջական հիմքով:
Պաշտպանության նախարարությունը չի տրամադրել տեղեկություն այն մասին, թե ինչ հիմքով են ազատվել Խաչատրյանները, սակայն մեզ հայտնի է դարձել, որ երկուսն էլ ազատվել են առողջական հիմքով: Հաշվի առնելով այն, որ չունենք Խաչատրյանների համաձայնությունը՝ հրապարակելու իրենց առողջության վերաբերյալ անձնական տվյալներ, չենք հրապարակում հիվանդությունների ցանկը, որոնց հիմքով ազատվել են Տիգրան և Տրդատ Խաչատրյանները:
Մեր առաջիկա հրապարակման մեջ կանդրադառնանք գործող կառավարության ներկայացուցիչների՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերին:
Հիշեցնենք, որ ինչպես մեր հարցին ի պատասխան ասել էր վարչապետի մամուլի քարտուղարը, այնպես էլ կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը վստահեցրել էր, որ ներկա ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաների զավակների՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերի օրինականությունը ստուգվում է:
Լուսանկարը` արխիվային, Ֆոտոլուրի
Մեկնաբանել