HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի մարզում 7 համայնքապետեր մեղադրյալի կարգավիճակ ունեն

Պետական աջակցության ծրագրի շրջանակներում 2015-2016թթ. ընթացքում Արմավիրի մարզի թվով 11 համայնքների շահառուներին պարարտանյութի և սերմացուի բաշխման գործընթացում չարաշահումներ են արձանագրվել։ 

Ինչպես տեղեկացրել է քննչական կոմիտեն, այդ համայնքներում պետական աջակցության ծրագրի շրջանակներում պարարտանյութի և սերմացու ցորենի բաշխման գործընթացում չարաշահումները կատարվել են յուրաքանչյուր համայնքի ղեկավարի անմիջական մասնակցությամբ:

Չարաշահումներ են հայտնաբերվել Արմավիրի մարզի Մրգաշատ, Արտամետ, Արաքս, Ջրաշեն, Սարդարապատ, Ամասիա, Բամբակաշատ, Նալբանդյան, Հուշակերտ, Հայթաղ և Առատաշեն համայնքներում: Գլխավոր դատախազությունից «Հետք»-ին տեղեկացրել են, որ 11 համայնքից առայժմ մեղադրանք է առաջադրվել միայն 7 ՝ Մրգաշատ, Արտամետ, Ջրաշեն, Բամբակաշատ, Նալբանդյան, Հուշակերտ, Սարդարապատ համայնքների ղեկավարներին: Պետությանը պատճառվել է 5 մլն 134 հազ. դրամի վնաս, որն ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական գործերը հարուցվել են քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1,3 կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը) և 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք):

Մեղադրյալի կարգավիճակում հայտնված բոլոր համայնքապետերն էլ  պաշտոնավարում են երկար տարիներ և իրենց աշխատանքի մեջ «նորեկ» չեն: Մասնավորապես, Մրգաշատի համայնքապետ Գևորգ Դանիելյանը համայնքապետ է 2002թ-ից՝ 16 տարի: Այս գյուղի վերաբերյալ վերջերս հրապարակում էինք ունեցել: Տեղեկացրել էինք, որ Արմավիրի մարզի մի շարք համայնքների, այդ թվում՝ Մրգաշատի ավագանու որոշումների ուսումնասիրությունից պարզ էր դարձել, որ որոշ համայնքներում ավագանու անդամների ստորագրություններում կան ակնհայտ տարբերություններ: Այսինքն՝ նույն անդամը տարբեր որոշումների տակ ստորագրել էր տարբեր ձևով: Չի բացառվում, որ նրանց փոխարեն ստորագրել են այլ անձինք: Հրապարակման հիման վրա  Մրգաշատ և Արտաշար համայնքերի ավագանու անդամների ստորագրությունների անհամապատասխանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական կեղծիքը):

Խաչատուր Դավթյանը Ջրաշենի համայնքապետի պաշտոնը զբաղեցնում է արդեն 11 տարի, Բամբակաշատի համայնքապետ Արբակ Եղիազարյանը՝ 10 տարի, Նալբանդյանի համայնքապետ Գրիգոր Մկրտչյանը՝ 11 տարի,  Հուշակերտ համայնքի ղեկավար Սամվել Մխիթարյանը՝ 22 տարի, իսկ Սարդարապատ համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանը՝ 27 տարի: Մարզպետարանի պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ նշված բոլոր համայնքապետերը Հանրապետական կուսակցության անդամ են:

Բամբակաշատի համայնքապետ Արբակ Եղիազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պարարտանյութը բաժանել են գյուղացիներին, սակայն չեն կարկտահարության պատճառով չեն կարողացել վճարումներ կատարել: Համայնքապետի ասելով՝ գումարը կազմում է մոտ 2 մլն դրամ: Նույն վիճակն է նաև մյուս համայնքներում:

Պետությանը պատճառված ամենախոշոր գումարը, ըստ դատախազության, արձանագրվել է Արտամետ համայնքում՝ 2մլն 853 հազ. դրամ: Արտամետում պարարտանյութերի բաշխման գործընթացում պաշտոնատար անձանց կողմից թույլ տված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված 8 քրեական գործ միացվել է մեկ վարույթում, իսկ աշնանացան սերմացուի բաշխման գործընթացում թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննվում է առանձին վարույթում:

Արդեն 13 տարի է Արտամետ համայնքը ղեկավարում է Անահիտ Դավթյանը, իսկ մինչ այդ համայնքապետի պաշտոնը զբաղեցրել է ամուսինը՝ ներկայումս ավագանու անդամ Տոնական Ղազարյանը: Համայնքապետ Անահիտ Դավթյանին ևս մեղադրանք է առաջադրվել:

«Ցորենի սերմացուն ստացել ենք 2013թ. և բաժանել ենք մեր համայնքի բնակիչներին: Պատահական մի օր եկան, ընկան տները, վախացրին մեր գյուղացիներին, գյուղացիներն էլ գնացին մեր վրա գրեցին, որ չեն ստացել: Չգիտեմ, թե ովքեր վախացրին, Բաղրամյանի բաժնի աշխատակիցները: Պարարտանյութն էլ մենք ստացել ենք 2014թ., բաժանել ենք, օգտագործել ենք: Մենք չգիտեինք, որ 2017թ. կառավարությունը զրոյացնելու է գումարը, մենք գումար չենք վճարել դրանից առաջ: Ցուցակները տվել ենք, քննությունը գնում է»,-ասում է Անահիտ Դավթյանը:

Համայնքապետի ամուսինը՝ Տոնական Ղազարյանը, մեր այցելության պահին համայնքապետարանում էր՝ կնոջ աշխատասենյակում նստած: Նա լրացնելով կնոջ խոսքն ասաց, որ այս գործը թակարդ էր իրենց համար, թեև չթաքցրեց, որ սխալներ թույլ տվել են: Տոնական Ղազարյանն ասաց, որ 2012-2014թթ. էլիտարի անվան տակ բերվել է «ֆուրաժային» սերմացու և բոլորն էլ լուրջ վնասներ են կրել և չեն վճարել ստացած սերմացուի դիմաց:

«Իսկ պարարտանյութի թեման շատ բարդ թեմա է, անընդհատ կռիվ ենք արել: Տալիս եք հնարավորություն, խոշորին էլ տվեք: 2014-2015թթ., երբ սկսեցին իրենց մեղքերը քավել, իրենք են առաջարկել՝ պարարտանյութը մնացել է ինչ անենք, սերմացուն մնացել է ինչ անենք: Պարարտանյութը նիսյա են տվել, բաժանել ենք գյուղացիներին, որոշ քանակություն էլ մենք ենք օգտագործել»,-ասում է Տոնական Ղազարյանը և հավելում, որ 2017թ. արդեն սահմանափակումը վերացվել է և բոլոր ցանկացողները կարող են մատչելի գներով պարարտանյութ ձեռք բերել:

Անահիտ Դավթյանն ասաց, որ ցուցակներով երևում է այլ անձանց անուններ, մինչդեռ պարարտանյութ ստացել են լրիվ այլ անձինք, քանի որ սահմանափակման պատճառով խոշոր հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութ չէր հասնում: Բաժանված պարարտանյութի դիմաց ոչ մի դրամ գումար չի հավաքվել, քանի որ, ըստ Անահիտ Դավթյանի՝ մի քանի տարի իրար հետևից ցրտահարություն է եղել, կարկուտն է վնասել բերքը և մարդիկ չեն կարողացել վճարել:

«Ինձ տվեցին, որ ես վնասներս վերականգնեմ, խոշոր հողօգտագործող եմ: Ես նիսյա ստացել եմ, պատրաստ եմ վճարել այդ գումարը»,-ասում է համայնքապետի ամուսինը:

Տոնական Ղազարյան

Նշենք, որ առաջին անգամը չէ, երբ Անահիտ Դավթյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվում: Նրան մեղադրել են նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Համայնքապետի պաշտոնը ստանձնելուց հետո դարձել է մեղադրյալ համայնքի գազիֆիկացման աշխատանքներում թույլ տրված չարաշահումների համար: Նույն արարքի համար մեղադրանք է առաջադրվել նաև Տոնական Ղազարյանին, քանի որ վերջինիս պաշտոնավարման ժամանակ է սկսվել համայնքի գազիֆիկացումը:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Կ.Կարապետյանի 2009թ. հունվարի 16-ի որոշմամբ` Տոնական Ղազարյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործ է հարուցվել՝ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ամուսինների  նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ կիրառելով համաներման ակտը:

Տոնական Ղազարյանն ասում է, որ այդ գործի հետևում ևս «տանիքով» մարդիկ էին կանգնած: Մեղադրյալներից մեկը պաշտոնաթող վարչապետ Կարեն Կարապետյանի սանիկն էր՝ Ս. Հարությունյանը: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրան արդարացրել է: Ս. Հարությունյանը մեղադրվել է առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու համար:

Արտամետ համայնքին առաջիկայում դեռ կանդրադառնանք:

Մեկնաբանություններ (1)

Հովսեփ
Դե ամենևին էլ զարմանալի չէ այս քրեական գործերի առկայությունը ՀՀԿ-ական համայնքապետերի նկատմամբ։ Դա տարիներ ի վեր եղել է Հանրապետականի գործելաոճը, երբ համայնքապետերին տեղում ապօրինություններ, բազմաթիվ չարաշահումներ ու գյուղերի բնակչություններին հարստահարելու ինդուլգենցիա է տևվել՝ համապետական ընտրությունների ժամանակ քվեներ բերելու դիմաց։ Ու ամնևին էլ պատահական չէ, որ չարաշահումների մեջ հիմնականում մեղադրվում են երկարամյա համայնքապետերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter