HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Փաստաբաններն ասում են` Անահիտ Ֆարմանյանը Հայաստան կվերադառնա իր կալանքի դեմ բողոքի քննությունից հետո

Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը քննությունն իրականացնող մարմնից չի խուսափում, պարզապես գտնվում է ամենամյա արձակուրդում: Այս մասին այսօր լրագրողների  հետ զրույցում ասաց Ֆարմանյանի փաստաբաններից Հովհաննես Խուդոյանը:

Հիշեցենք, որ Անահիտ Ֆարմանյանը, ով Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն է, մեղադրվում է խարդախության մեջ:

Հուլիսի 10-ին դատախազությունը տեղեկացրել էր, որ Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանում առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով` խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու, խարդախության դեպքեր են բացահայտվել, որոնց առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ըստ դատախազության՝ համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, ինչպես նաև ֆիզիկական դաստիարակության և տեսության ֆակուլտետի նախկին դեկանը մի ուսանողուհու ներառել է հիշյալ ֆակուլտետի մագիստրատուրայի վճարովի ուսուցման բաժնում՝ նրա փոխարեն անվճար ուսուցման բաժնում ընդգրկելով կրկնակի ցածր ՄՈԳ ունեցող այլ ուսանողի՝ վերջինիս զորակոչից խուսափելու նպատակով: Նրանք ուսանողուհուն խոստացել են լուծել մագիստրատուրայի 1-ին կուրսի վարձավճարի վճարման հարցը, ինչը չի կատարվել:

Օրեր առաջ էլ ոստիկանությունը տեղեկացրեց, որ Ֆարմանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, ու խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստաբաններ Նարեկ Ալոյանն ու Հովհաննես Խուդոյանը ներկայացրին Ֆարմանյանի մեղադրանքի, նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշակի մասնրամասներ:

Մասնավորապես, փաստաբանների խոսքով՝ այն ժամանակ, երբ  Անահիտ Ֆարմանյանը Հայաստանից մեկնել է ամենամյա արձակուրդի, հարուցված քրեական գործով որևէ կարգավիճակ չի ունեցել և որևէ քննչական գործողության մասնակցած չի եղել:

Հուլիսի 30-ին քննիչ Այվազյանը դիմել է փաստաբան Հովհաննես Խուդոյանին ու հայտնել, որ դատավարական գործողություն է նախատեսվում:  Ըստ փաստաբան Խուդոյանի՝ թե ինչ դատավարական գործողության մասին է եղել խոսքը, քննիչը չի հստակեցրել: Այդ օրն, ըստ փաստաբաների, Անահիտ Ֆարմանյանի հետ կապ հաստատել չի հաջողվել, քանի որ վերջինս արդեն իսկ արտերկիր մեկնելու ճանապարհին է եղել: Հաջորդ օրն առավոտյան արդեն քննիչ Այվազյանը փաստաբանների միջոցով տեղեկացվել է Ֆարմանյանի՝ Հայաստանից մեկնելու ու ամենամյա արձակուրդում լինելու ու գտնվելու վայրի մասին: Այդ ժամանակ ևս, ըստ փաստաբան Խուդոյանի, քննիչ Այվազյանն իրեն չի տեղեկացրել Ֆարմանյանի՝ գործով կարգավիճակ ունենալու մասին:

Ըստ փաստաբանների՝ չնայած քննություն իրականացնող մարմնի հետ աշխատելու իրենց պատրաստակամությանը՝ գործով պետական մարմինների կայացրած որոշումերին և գործի մասին պաշտոնապես տրված տեղեկատվությանը ծանոթանալով՝ կարելի է տպավորություն ստանալ, որ Անահիտ Ֆարմանյանը խուսափում է վարույթն իրականացնող մարմնից:

Անահիտ Ֆարմանյանը վերադառնալու է Հայաստան այն բանից հետո, երբ նրա վերաբերյալ առկա դատավարական որոշումների դեմ տարված բողոքների քննությունը կավարտվի, ասում են փաստաբանները ու հիշեցնում, որ իրավապահ մարմիների հետ համագործակցությունը Ֆարմանյանի մեղքով չէ, որ ձախողվել է:

Լրագրողների հարցին՝ եթե այնուամենայնիվ, դատավարական որոշումների դեմ տարված բողոքները Ֆարմանյանի օգտին չլինեն, Ֆարմանյանը վերադառնալո՞ւ է, փաստաբանները վստահեցնում են, որ նա չի խուսափում վարույթն իրականացնող մարմնից ու ցանկացած պարագայում գալու է:

Թե հստակ որ օրն է սկսվել Ֆարմանյանի արձակուրդն ու որ օրն է ավարտվում, պարզ չէ. փաստաբան Նարեկ Ալոյանը մեզ հետ զրույցում նշեց միայն, որ իր պաշտպանյալն օրենքով սահմանված կարգով արձակուրդի մեջ է՝ խոստանալով ավելի ուշ հստակ ճշտել ու հայտնել Ֆարմանյանի արձակուրդի սկսվելու օրը:

Փաստաբանն անդրադարձավ նաև Ֆարմանյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությանն ու ընդգծեց, որ դրանում որևէ կերպ նշված չէ, թե որն է եղել Ֆարմանյանի շահագրգռվածությունը իրեն վերագրվող արարքը կատարելու մեջ, թե ինչ կապ է ունեցել այն ուսանողի հետ, ում օգտին, ըստ քննություն իրականացնող մարմնի, գործողություն է կատարել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter