
Դատարանը մերժել է գրավի դիմաց ազատ արձակել Մասիսի քաղաքապետին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի փաստաբանների միջնորդությունը կալանքը գրավով փոխարինելու մասին: Դավիթ Համբարձումյանը կշարունակի մնալ անազատության մեջ: Այս մասին «Հետք»-ին ասաց փաստաբան Զորայր Հարությունյանը: Նա նշեց, որ միջնորդության մեջ գրավի չափ չեն նշել՝ այն թողնելով դատարանի հայեցողությանը և խնդրել են դատարանին ընտրել գրավի այնպիսի սահմանաչափ, որը կարող էր երաշխիք հանդիսանալ:
Հիշեցնենք, որ խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող Դավիթ Համբարձումյանը կալանավորվել է հուլիսի 6-ին: Փաստաբանները դիմել են Վերաքննիչ դատարան, սակայն դատարանը մերժել է նաև այս բողոքը: Նույն օրը կալանավորվել է նաև նրա եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, սակայն Վերաքննիչ դատարանը Գոռ Համբարձումյանի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչել է թույլատրելի՝ սահմանելով 2 մլն դրամ։
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ Դավիթ Համբարձումյանը մասնակցել է ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում տեղի ունեցած միջադեպին, որի ընթացքում հրազենային վնասվածք է ստացել Էջմիածնի 60-ամյա մի բնակիչ: Բնակիչները հավաքված են եղել բողոքի ակցիա իրականացնելու համար:
Լուսանկարում` Դավիթ (ձախից) եւ Գոռ Համբարձումյանները
Մեկնաբանել