HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարճ բարդիների հարցը

Գևորգ Տեր-Գաբրիելյան 

Հեղինակի կողմից

Սա գրվել է մոտավորապես 2014 թվականի հունիսին և չի հրապարակվել, անվստահությունից (ստացվել է, թե ոչ) թե՝ վախից, որ սովետական ցենզուրա ապրած ես-ըս վերականգնեց այդ թվերին... Հանկարծ ու բան չպատահի մոտիկներիս՝ նշվածներին... Առնվազն՝ հանկարծ ու չծաղրեն... «Царь горы», ասում են ռուսերեն իմ պես անձանց... Այժմ «գզրոցից» հանեցի...

Սա մի երևակայական պատմություն է այն մասին, թե ինչպես ես ժամանակավորապես եկա իշխանության: Չէ որ ամեն հայ երազում է լինել թագավոր, թագուհի կամ պրեզիդենտ: Գործող անձինք երբեմն հորինովի են, երբեմն՝ կյանքից վերցված, սակայն բոլոր դեպքերում նրանք ոչ մի պատասխանատվություն չեն կրում այն արարքների համար, որոնք կատարում են այս տեքստում, կամ այն զրույցների համար, որ իրենց անունից ծավալվում են այստեղ:

Այժմ, հեղափոխությունից հետո, սա կարող է թվալ հնացած, և ավելի լավ. կարելի է տեսնել, թե որքան սահմանափակ էր իմ երևակայությունը համեմատած նրան, թե ինչպես այդ ամենն իրականում տեղի ունեցավ չորս տարի հետո: Այն օրերը գրած տեքստում ես ոչ մի նշանակալի բան չեմ փոփոխել, աշխատել եմ ազնիվ լինել այն օրերի ինձ դեմ հանդիման:

Օգոստոս 2018

 

ՀԱԿԱԲՆԱԲԱՆ.

Всё решает меньшинство, маленькое, злое, интеллектуальное, а мнение большинства бессмысленно, его можно просто не принимать в расчёт. Оно всегда будет покорно любой власти и при любых обстоятельствах, потому что оно тупое и неблагодарное. О нём вообще можно не думать.

Александр Невзоров, 28-04-2014

 

Մաս առաջին

Այդ հանդարտ ու ցածրաձայն տղան, ինչպես միշտ, բոլոր գործերն արած՝ ձիգ կանգնած էր ու սպասում էր հրահանգներիս, կամաց-կամաց ֆոկուսավորվելով կիսաքուն աչքերիս առաջ:

Ժամը տասին հավաքվում եք, ասաց նա: Նաև ամերիկյան դեսպանն է ուզում հանդիպել:

Գուցե Բելայի՞ն  խնդրենք:

Կփորձեմ: Նաև՝ ում եք ուզում, որ Ռուսաստանից հրավիրենք:

Արի որ հավաքվենք, էդ ժամանակ որոշենք: Սահմանին ինչ կա:

Գիշերվա ընթացքում՝ երեք վիրավոր:

Ես երևի էս նիստից հետո պիտի խոսեմ Իլհամի հետ:

Լավ: Իսկ Կզաքիսին կընդունե՞ք:

Ինչ ա ուզում:

Մի հատ թուղթ ա ուղարկել՝ հացի, նավթի ու կոֆեի մասին, մեկ էլ Թոխմախի հետ ա կապված:

Ասա թող Մառան թուղթը նայի, ինձ ասի՝ հետո:

Լվացվեցի, մի կտոր բան կերա, սուրճ խմեցի՝ ու արդեն ժամը տասի մոտ էր, ժողովուրդը սկսեց հավաքվել:

Այգու միջով քայլեցի դեպ նիստի դահլիճ:

Էս դահլիճը կվերափոխեք: Վաղվանից ուրիշ տեղ կհավաքվենք, նորմալ տեսքի: Սրա նախագիծ սկսեք պատրաստել խնդրեմ, ինձ ցույց տվեք, կամ Վազգենին: Կամ Միքայելին:

Ու՞մ հանձնարարենք:

Սարհատին:

Էդ անհարմար, անճաշակ, ճոռոմ դահլիճում նստած՝ սկսեցի նիստը: Մի տասնհինգ հոգի կար. մերոնք, դավիթենք, շրջապատս:

Այնտեղ էր աչալուրջ Վազգենը՝ իմ աջ ու ձախ ձեռքը, ամեն ինչից հասկացող, միշտ տեղում, ամեն ինչ կազմակերպել կարող: Ես նրան անվանում էի կանցլեր: Մառան՝ ֆինանսական ու բիզնես հարցերում հազար ու մի գել կտրած ու կուլ տված, առանց որի ես ոչ մի տնտեսական հարց չէի լուծի: Դավիթը՝ ավագ ընկերս ու ուսուցիչս՝ Հայաստանի պետականության դասական դարձած գլխավոր խորհրդատուն, ընտանյոք հանդերձ. հոյակապ Նունեի ու տաղանդավոր Մշոյի հետ, առանց որոնց ես ոչ մի հարց չէի կարողանա լուծել:

Այնտեղ էին դեռևս ոչ բոլորը մեր հոյակապ թիմից, բայց շատ-շատերը. Հայկը, Գայանեն, Աննան, նույնիսկ Տիգրանն ու Սաթիկը: Մյուսներն էլ շուտով կհավաքվեին, արդեն պարզ էր:

Սկզբից մի քիչ զրից արինք:

Ոնց ե՞ք, ժողովուրդ:

Քեզ էինք սպասում, ասաց Դավիթը:

Դու էիր ասում, թե էս երկիրը կառավարելը մենեջմենթի հարց է: Դե արի հիմա տեսնենք:

Հա, ասում եմ ու հիմա դա քեզ հետ միասին կապացուցենք:

Չգիտեմ... Մաֆիան շատ խորն է նստած... Դեռ Հենրիկ Պողոսյանն էր ասում. Ղարաբաղը, ասում էր, շատ հեշտ է համեմատած Հայաստանի հետ: Սրա մաֆիայի շոշափուկներն աշխարհով մեկ են, Նովո Օգարյովոյից Վանկուվեր... Էդ ասում էր քսանհինգ տարի առաջ: Իսկ հիմա՝ առավել ևս... Լոս, նույնիսկ Ինդոնեզիա... Դու գիտե՞ս քանի բիզնես ունենք, ասենք, Տայլանդից կպած... Մալազիա, Ֆիլիպիններ, բան...

Լու՞րջ: Հա: Էդ սաղ պիտի իմանանք...

Բիզնեսները թաքուն են...

Լավ, ժողովուրդ, էս սաղ խոսակցությունները՝ ֆնդխ, էկեք սկզբից օրակարգ ստեղծենք: Ինչ հարցեր կան:

Անվտանգությունը, ասաց Դավիթը:

Տնտեսությունը, ասաց Վազգենը:

Կրթական համակարգը, ասաց Նունեն:

Կարճ բարդիների իրավունքների հարցը, ասաց Բելան:

Ես էլ մի հարց ավելացնեմ. գիտության հարցը, ասացի:

Իսկ մշակույթի՞, ասաց Միքայելը:

Դա՝ հետո, ասացի: Նաև՝ կարճ բարդիների հարցը հետ եմ գցում: Կրթականն էլ: Սկսենք անվտանգություն, տնտեսություն, հետո գիտություն: Սաղաթելին խնդրում եմ կանչեք: Գորիկի հետ իմաստ ունի՞ խոսել (կամացուկ հարցնում եմ Դավթին): Իմաստ ունի իհարկե, շատ բան գիտի, ասում է: Լավ, ասում եմ:

Սաղաթելն է ներս մտնում. անտեշամբրում սպասում էր: Ապրի քարտուղարը:

Պարոն Սաղաթել, ասում եմ, զեկուցեք, ինչ հրատապ հարցեր կան:

Համենայն դեպս մենք բանակը հանել ենք բարձր տագնապի, ասաց: Առայժմ առանձնակի աշխուժություն հակառակորդի կողմից չի նկատվում:

Տարօրինակ է, ասում եմ: Մի հատ Բենոյին կանչեք: Կամ եթե հեռու է՝ միացրեք հեռախոսով:

Ժողովուրդ, ասում եմ, ես իրանց տեղը լինեի՝ հարձակվելու էի, համ ստուգեի, համ ուժս ցույց տայի, համ... Ինչի՞ չեն հարձակվում:

Նախ, մի քանի ժամից գուցե սկսեն, ասաց Սաղաթելը:

Դա մի պլան: Ինչ ենք անում էդ դեպքում: Ինչ կա որ պետք է պատրաստվել:

Հետո՝ գուցե իրենք չգիտեն ձեր հովանավորն ով է, հիմա տագնապած փորձում են հասկանալ:

Մենք էնտեղ ռազվեդկա ունե՞նք: Օրինակ հիմա գիտեմ ինչ անել. եկեք էստեղի դեսպաններին հարցնենք, մեր պարտնյորներն էնտեղի դեսպանների հետ էս պահին հանդիպում են թե ոչ: Տագնապ կա թե ոչ, ինչ տրամ է: Եթե սրանք ընկեր են՝ չեն խաբի, կասեն:

Բենիամինը հեռախոսի մոտ է, ասաց քարտուղարը:

Բենիամին ջան, բարև: Գևորգն է: Ուրեմն խնդրում եմ մի երեսուն հոգի մարդ կազմակերպես, քո ընկերներից: Եթե պետք է Միքայելը կօգնի, հիմա կողքս կանգնած է, որ վերջացնենք՝ իր հետ կապվիր: Ուրեմն գնացեք ողջ ֆրոնտով մեկ՝ ավտոներով, արագ, միանգամից, ու ինձ իմաց տվեք ինչ է կատարվում: Դու ու Միքայելը որպես կենտրոնական ֆիգուրներ, անձամբ ինձ զեկուցեք ամեն ինչ, հանգիստ վիճակներն էլ: Ուրեմն էսօր ժամը չորսից սկսած սպասում եմ ձեր զեկույցներին: Միշ ջան, սկսիր զբաղվել, բայց դու անձամբ հետ կգաս, կողքս կլինես: Բենոյին էլ ասա՝ թող շատ հեռու չգնա: Սաղաթել, քանի՞ ուղղաթիռ ունենք խոդի վրա:

Մի տաս հատ կունենանք, բայց հաշվի առեք որ ամեն կեսժամանոց թռիչքը երկու հազար դոլար է:

Իսկ օդաչու ունե՞նք, որ լավն են, խմած չեն:

Իհարկե:

Ուրեմն Միքայելի հետ ֆրոնտի քարտեզի վրա նշեք՝ Բենոյի տղերքը որտեղ գնան ուղղաթիռով, որտեղ՝ ավտոյով, ու խնդրում եմ կազմակերպեք: Եվ խնդրում եմ Դավթի հետ նայեք ցուցակը ձեր լավագույն սպաների, ում որ դու անձամբ վստահում ես ու որոնք որ լավն են ու կարևորագույն, ու ով որ մոտիկ է՝ թող պատրաստ լինի գալ ինձ հետ հանդիպելու, ժողով կանենք էսօր ժամը ութի կողմերից սկսած: Երեկոյան ինձ զեկուցեք, քանի հոգի ստացվեց ու քանի հոգի կգա: Վահագն ջան դու էլ կկազմակերպես որ ճիշտ օրակարգն արդեն ձևավորված լինի: Դավիթ ջան քեզ խնդրում եմ Սաղաթելի կողքին լինես, հարցերի մեջ մտնես: Դեսպանների հե՞տ ինչ անենք: Արման Կիրակոսյանին կանչե՞նք:

Կարելի է:

Քարտուղարին ասում եմ. Վահագն ջան, շտապ գրիր Արմանին թող հետ գա: Հենց այսօր, գիշերվա ռեյսով:

Ռուսներից ինչ կա, հարցրեց Դավիթը:

Էդ եմ զարմանում, որ դեռ ոչինչ: Մառ ջան Կզոյից մի հատ թուղթ ա եկել, խնդրում եմ դու նայես ու զբաղվես: Թե պետք լինի՝ Հեղինեի հետ խորհրդակցիր:

Պուտինին զանգիր, ասաց Դավիթը:

Զանգեմ ինչ ասեմ: Սկզբում Օբամային զանգեմ:

Լավ, Օբամային:

Վահագն ջան մի հատ օբամայենց իմաց տուր որ հետներն ուզում եմ խոսել: Ով էլ լինի, ով էլ կարող է՝ շտապ է: Դեսպանի միջոցով, չմոռանաս:

Կներեք, պարոն Գևորգ, Լևոն Բարսեղյանն է դրսում, խնդրում է ընդունել:

Կանչեք:

Ախպեր էս ինչ հաշիվ ա: Էն սենյակումդ լիքը մարդ կա:

Հեչ ո՞վ կա: Մի հատ ցուցակը բերեք:

Էլ Սակունց, էլ...

Սակունցն ինչ գործ ունի էնտեղ կանգնած: Ասեք թող ներս գա: Ինչ կա այ ախպեր:

Հեչ, ասցի մի հատ գամ տեսնեմ էդ կարճ բարդիների հարցը ոնց ես լուծելու...

Էդ հարցով՝ Բելկայի հետ խոսիր:

Բա էս Լյովա Գասպարյանի դատական գո՞րծը:

Էդ էլ քեզ եմ վստահում, խնդրում եմ մինչև վերջ հասցնես:

Մի քանի նոր օրենք է պետք...

Էդ պահիր պառլամենտի հետ հանդիպմանը: Դու գնա հանդիպում նախապատրաստիր: Առանց ինձ հանդիպիր ինչ որ պետք է քննարկիր, որ ժամանակ չկորի: Ի միջի այլոց մի քանի թափուր տեղ կա, նոր եմ իմացել, դու ու Լյովը պտի առաջադրվեք, Բորյան, Նունեն... Մարդը պիտի ներսից գա, հիմա իհարկե ով էլ ասենք՝ կանցնի, բայց հետո՝ տեղական ընտրություններին՝ պիտի գտնենք նրանց որոնք իրանց հողից, գեղից, թաղից են ու փչացած չեն ու ճիշտ գործ են արել ու հիմա ավել կանեն: Դրա համար էլ Լյովին խնդրեցի էդ գիծը կուռացիա անել: ՀԿ-ներին էլ կխնդրեմ: Կօգնես չէ՞: Լարիսան ինչ է անու՞մ: Մի հատ հետը խոսեք տեսեք, հետը խոսող կլինի՞: Դավիթ Ամիրյանին կանչեք: Հա, Վահագն ջան, քանի հիշել եմ. ինձ շտապ պետք են Իսրայելի հետ հարաբերություններ: Ով է լավագույն մասնագետը, Արմանը Ակոպյա՞ն: Մենք ունենք չէ՞ հրեական համայնք: Մի հատ... Վազգեն ջան գուցե դա էլ քեզ խնդրեմ... Ուրեմն ինձ ինչ է պետք նրանցից. հոյակապ միջպետական հարաբերություններ՝ դա մեկ, մեկ էլ՝ պատերազմի իրենց տեխնոլոգիաները: Շտապ ուսուցման էնտեղ մեկնեն մի քանի մեր լավագույն սպաներից: Եթե իհարկե իրենք ընդունեն: Դուք հասկանում ե՞ք ինչ նկատի ունեմ. պրովոկացիաները դեմն առնելը պրևենտիվ հարվածով: Դրանում նրանք սինե կուա նոն են:

Լևոն ջան, մի հատ դու ինքդ նայիր էս ցուցակը, տես, ով իմաստ ունի ներս կանչես: Քեզ խնդրում եմ շրջանների հարցերով սկսես զբաղվել:

Ինչ է պետք անել:

Պաշտպանության հարցերը մենք առանձին ենք անում, բայց դու էլ աչքաթող մի արա, գլխավորը՝ իմանալ թե ինչ է կատարվում, ու որ ոչ մի անարխիա չլինի: Հիսթերիկա բան արգելված է: Սուրենչիկին կանչեք ստեղ: Կարա՞ս իրա հետ: Մեկ էլ Վահանին:

Ինչ Վահան: Հա, հասկացա: Բա անտունների հետ ինչ անենք:

Դու մի ձև գիտե՞ս: Փող չկա է...

Փող լիքը կա: Քաղաքի տոնի փողերը՝ Գյումրիում՝ անտունների համար ֆոնդ ստեղծենք:

Լավ, մենակ էլ ավելի մեծ կախվածության մեջ չընկնեն:

Չէ, ես կնայեմ:

Դահլիճի դռան արանքից երևում են Նունիկը, Բորյան:

Ներս եկեք, տնաշեններ: Նուն ջան, մենք հիմա ուրեմն սենց ենք որոշել. անվտանգություն հարց համար առաջին, տնտեսություն՝ երկրորդ, գիտություն՝ երրորդ: Ինչ եք կարծում ուրիշ ինչ հրատապ հարց կա: Բոր ջան դու մի հատ պրես կոնֆերանս կկազմակերպես, ժամը երեք անց կեսի կողմերը, կբացատրես ժողովրդին ինչ ա կատարվում, լա՞վ:

Լավ:

Նուն ջան, ուրիշ ինչ հարց ենք բաց թողել:

Գևորգ ջան չգիտեմ: Ես ինչ անեմ:

Մի հատ չես ուզում բժիշկների հետ հանդիպում կազմակերպել:

Լավ:

Նուն ջան (մյուս Նունեին) չնայած կրթական հարցը հետո ենք բարեփոխելու՝ բայց դու էլ մի հատ ուսուցչա- դասախոսա- և այլնի հետ, խնդրում եմ, լա՞վ: Էդ նախարարության տեղակալներից ով կա մնացած նորմալ մարդ: Մի հատ տղա կար՝ ես ճանաչում էի:

Ես գիտեմ, մի անհանգստացիր, կկազմակերպեմ:

Տակ: Մի հատ կոֆե սարքեք էլի: Ուրեմն սենց... Ամեն ինչ սկսվում է նպատակից: Նպատակը կա՞, զգու՞մ ենք, շոշափու՞մ ենք: Ես պրոցեսի մասնագետ եմ, գիտեմ որ պրոցեսը ճիշտ կազմակերպես՝ նպատակները կսկսեն շարվել դիսցիպլինիռվննի ձևով իրար հետևից:

Բայց նպատակը գիտե՞ք:

Մեջս կա էլի: Չնայած... Էդ միշտ պետք ա քննարկել:

Մեզ պետք ա կատախագռացիա:

Ի՞նչ: Ինաուգուռացիա՞:

Չէ: Ձեր ուշքն ու միտքն արդեն էդ ա՞: Կատախագռացիա, հիշու՞մ եք:

Հա՜: Էդ ինչ է՜ր: Մի հատ հիշացրու էլի: Դե էդ արդեն էղավ էլի:

Էդպիսի բառերից լավը չկա աննկարագրելին արտահայտելու համար: Պատը կոտրում է մեր ստերեոտիպների ու իրական աշխարհի միջև: Մի պահ:

Բայց ես ինչ էի ասում: Նպատակը կողմնորոշում է, կարգավորում է առաջնահերթությունները, ֆիլտրում է, հասկանու՞մ ես:

Իսկ աննպատակը՞, հարցրեց Միսաքը:

Դա լավ է, դա ազատություն է, դա նաև թույլ է տալիս՝ հանգստանալ, դիտել ու նպատակին հասնելու նոր ուղղություններ կուտակել, նոր նպատակներ մակաբերել...

Բայց նպատակը միայն մե՞կն է:

Չէ, հիշու՞մ ես Հարսնաքարի խաղը...

Չէ, ես էնտեղ չկայի...

Նպատակների դաշտ գոյություն ունի, և այն ունի առանձնահատկություններ. կան ենթանպատակներ, բնականաբար, որոնց պիտի հասնես հաջորդին հասնելու համար, բայց դաշտը՝ նպատակների համակարգ է, փափուկ, այնտեղի ցանկացած նպատակ, որևիցե նպատակի որ հասնում ես՝ մի քանի այլերն էլ են կամ իրագործվում, կամ ակտուալությունը կորցնում: Դրանից բացի՝ շատ կարևոր է՝ խաղալ միայն այն խաղերը՝ որոնց ցանկացած լուծում արդեն ի սկզբանե քո օգտին է:

Իսկ այդպես լինու՞մ է:

Շատ հաճախ, եթե ուշադիր լինել:

Իսկ չի լինու՞մ, որ ամեն ինչ ճիշտ անես ու պարտվես, փուստ գնա: Կարծես որ ճիշտ ես անում, համոզված լինես ու՝ ֆնդխ...

Դե դա էլ բախտի հարց է, իսկ ճշտությունը ստուգել մենք գիտենք:

Ո՞նց:

Կրեատիվ խաղով:

Հիմա դուք... մենք բախտ ունե՞նք թե չէ:

Էս երկիրն ունի: Ինքը առաձգական, պինդ, մեծ, լիքը բան արդեն սարքած երկիր է: Իրա բախտի իներցիային հենվելով՝ պիտի էնպես անենք որ չվատանա: Ու որ ձգտենք որ լավանա՝ կստացվի:

Իսկ ո՞նց եք պատրաստվում կառավարել բացի կրեատիվ խաղերից: Բոլոր հարցերը հանրաքվեո՞վ: Շվեյցարիայի, Իսլանդիայի պե՞ս:

Ինչու ոչ:

Կգնա՞ք նախագահ:

Չէ բայց ձեզ, ջահելներից մեկին կաջակցեմ: Էդ եթե որոշենք որ սիստեմը նախագահական է:

Բայց դուք որն եք գերադասում:

Ես չգիտեմ, ես էնքան եմ ձգձգելու՝ մինչև պարզ, հասկանալի դառնա որն է ճիշտը: Պրոկրաստինեյթ եմ անելու: Ես տեխնիկական համակարգ եմ ուզում ստեղծել, ոչ խարիզմատիկ:

Լավագույն տեխնիկականը լավագույն խարիզմատիկն է լինում սովորաբար: Իսկ պաշտպանությու՞նը. չի տուժի՞ հանկարծ տեխնիկականից:

Չպիտի որ: Չի խանգարի. հիշիր Լևոնի դերը պատերազմում:

Իսկ հիմա ի՞նչ անենք առաջին հերթին:

Հեշտ. Ուկրաինայի ռեֆորմների ցուցակը նայեք: Մեկ էլ՝ մեր էս հեղափոխությանը մի անուն դրեք:

Դե էդ ժուռնալիստները կանեն:

Լավ:

Քթերի հեղափոխություն:

Ինչի քթերի:

Որտև ժողովուրդը կամ քիթը կտրած աղջիկ էր՝ կամ քթավոր հայ:

Դե ոնց որոշեն: Մամաս մի հատ դասախոս ուներ՝ անունը Քիթ Մխո: Մի հատ Ֆրանսիայի հետ խոսա էլի:

Լավ: Ուրի՞շ:

Ուրիշ՝ ես մեր հռետորներին եմ ուզում. Ռոլանդ, Վիոլետ, Մարինե... Ասա թող գան ու սկսեն խոսել, բացատրել, գրել...

Հետո՞:

Հետո՝ ասում ես ինչ անել՝ պետք է որոշել տասը գլխավոր բան, տասը գլխավոր բիզնես, տաս այն ոլորտները՝ որոնք ամենա- ամենա- ոլորտներն են ռեալ էս Հայաստանում: Ում ինչ է պատկանում ևն: Պակռիշկա, տամոժնյա, կզաքիս...

Հասկացա:

Հենց որ էդ ցուցակը կազմես՝ ինձ կտաս: Մյուսը՝ կապվեք Լևոն Լազարևի ընտանիքի հետ, տեսեք թե հնարավոր է արդյոք նրա քանդակները տեղափոխել Հայաստան: Ուզեք կատալոգ՝ կնոջ մոտ ինչ կա: Որտեղ են քանդակները՝ Պիտեռ, Գերմանիա... Մարինեին թե խնդրենք չի անի՞:

Նա կազմակերպիչ չէ:

Դե ուրեմն նրա ու Կարենի ցուցահանդեսն է պետք մի հատ արագ կազմակերպել: Արիկին ասեք: Հետո՝ Կովկասը. ես ուզում եմ որ այստեղ հրավիրվեն արագ Բատալը, Ջանան, Լարիսան, Էդիկը, Այռան:

Լսում եմ:

Սահմանները. ով է գալիս-գնում, ինչ անուններ, ինչ փողերով, խնդրում եմ հսկողություն հաստատել: Եթե ինչ-որ հարց, ծանոթ հայտնի անուն, մեծ փող՝ Վազգենին, Մշոյին, Դավթին զեկուցեք:

Հասկացա:

Վահագն. Նուլանդն է հեռախոսի մոտ...

Եկա, եկա: Բարև ձեզ, պարոն դեսպան:

Օ, ինչ օր է... Ինչ օր է...

Ձեռքս է սեղմում երկար:

Տիկին Նուլանդ, բարև ձեզ:

Բարև ձեզ: Ես ձեր մասին շատ եմ լսել:

Տիկին Նուլանդ, շատ շնորհակալ եմ, հիմա բավական լարված իրադրություն է, ինչպես կարող եք հասկանալ: Ուրախ կլինեմ ցանկացած խորհրդի: Պարոն Օբամային խնդրում եմ հաղորդել որ ես պատրաստ եմ այս խոսակցությունից հետո կապվել պարոն Պուտինի գրասենյակի հետ: Ձեր պարոն դեսպանն ահա այստեղ է:

Մենք դա հաշվի կառնենք: Այո, խնդրում եմ, դուք ճիշտ եք մտածել: Հաշվի առեք նաև խնդրում եմ ռուսական բանակի դիրքավորվածությունը:

Հասկացա: Ուրախ կլինեմ ձեզ և ձեր կոլեգաներին, էլ չասած պարոն Պոտուսին ընդունել մոտակա ժամանակներս:

Ես ձեզ իմաց կտամ շատ արագ:

Տիկին Նուլանդ, հուսով եմ մեր երկու երկրների միջև կլինի ուղիղ կապ, առանց հապաղումների: Խնդրում եմ անձամբ ինձ հետ կապվել օրվա ու գիշերվա ցանկացած ժամի:

Շատ շնորհակալ եմ: Ես կհաղորդեմ նախագահին: Հաջողություն:

Ռուսաստանի դեսպանն էստե՞ղ է:

Այո:

Հրավիրիր: Դավթին ու Բորիսին ասա՝ թող գան էստեղ: Սաղաթելին էլ: Միքայելին էլ, եթե էստեղ է:

Բարև ձեզ պարոն դեսպան:

Բարև ձեզ:

Ուրախ եմ ձեզ ընդունել:

Ինչ ունեք ինձ ասելու:

Կուզեի պարոն Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալ:

Ես կհաղորդեմ:

Խնդրում եմ նաև հաղորդել, որ ես հույս ունեմ, որ Հայաստանի քաղաքականության մեջ այս փոփոխությունը չի անդրադառնա մեր երկու երկրների հարաբերությունների վրա:

Մենք ունեինք շատ խորը համագործակցություն:

Այո: Այդ բոլոր հարցերը կվերանայվեն, բարյացակամորեն, և մեր ռազմավարական համագործակցությունը, համոզված եմ, միայն կխորանա:

Եթե ուզում եք որ այն խորանա, ուրեմն պիտի նախկին կառավարությանը հրավիրեք մեր խորհրդակցություններին:

Հուսով եմ դրա կարիքը չի լինի: Չնայած եթե պետք է՝ խնդրեմ, գտեք նրան և բերեք ձեզ հետ: Ես պրոբլեմ չունեմ: Թույլ տվեք ձեզ ներկայացնել պարոն Բորիսին և պարոն Դավթին:

Մենք ծանոթ ենք:

Ավելի լավ: Խնդրում եմ բոլոր ընթացիկ հարցերով դիմել նրանց: Եթե ուզում եք անձամբ ինձ հետ կապվել՝ պարոն Վահագնը միշտ պատրաստ է առանց հապաղելու...

Ես ինչ ասեմ պարոն նախագահին:

Ասացեք, որ ուզում եմ անձամբ հարգանքներիս հավաստիքը հայտնել: Ասացեք, որ մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն անխախտ է մնալու հուսով եմ: Ասացեք, որ այս պահին ստաբիլությունը, որի երաշխիքն է մեր ժողովուդների բարեկամությունը, իմ կողմից գնահատած ամենամեծ նվերներից է, մեր բարեկամական հարաբերությունների հարգանքների հավաստիք է ինձ համար: Ասացեք, որ Ռուսաստանի դերը Հայաստանում զարգանալու է և ամրապնդվի, և հակառակը, և պատրաստ ենք օգնել Ռուսաստանին նրա բոլոր արդար նկրտումներում, ինչպես միշտ և երբեք:

Դեսպանը հրաժեշտ տվեց, դուրս գնաց:

Թթված էր:

Բա չէ: Համենայն դեպս, Վահագն, զանգ տուր ուղղակի Կրեմլ և ասա, որ պատրաստ եմ խոսել պարոն Պուտինի հետ: Ասա որ դեսպանին հենց նոր հայտնեցինք:

Միքայելն է ուզում բան ասել:

Ինչ կա Միշ:

Տավուշի վրա կրակոցներն ուժեղացել են:

Վահագն ջան մի հատ զանգիր Մինսկի խմբից մեկնումեկին ու ասա որ ես ուզում եմ Իլհամի հետ խոսել: Նաև զանգիր Բաքու ուղղակիորեն: Դու թիմ ունե՞ս: Սաթիկ ջան, խնդրում եմ Վահագնի հետ մի տաս հոգանոց կապավորների թիմ կազմակերպեք: Տեսեք ինչ կա՝ ավելացրեք:

Բորիս ջան, մինչև Արմանը գա՝ խնդրում եմ ՄԻԴի կողմից կապվես Վրաստանի ու Թուրքիայի հետ: Դավիթ ջան, դու էլ՝ Իրանի: Բոլորին ասել, որ մենք իրանց բոլորին շատ հարգում ենք: Եվրոպայի դեսպանների հետ, Բոր, դու կկազմակերպես, հա՞:

Վահագն. Պարոն ոստիկանապետն է ուզում ձեզ տեսնել:

Տակ... Նվարդին մի հատ կանչեք, մեկ էլ Բելկային ու Լյովին: Լյովն արդեն գնա՞ց: Լավ: Ժողովուրդ, ուրեմն ձեզ խնդրում եմ՝ ոստիկանության հետ էս բոլոր հարցերը ձեր ժամանակավոր պատասխանատվության տակ: Դուք ձեր մեջ բաժանեք, հա, ով ինչ է անելու: Եթե հարցեր լինեն՝ ինձ ուղղակիորեն: Բել ջան հետո մի հատ մանրամասն կբացատրես կարճ բարդիների հարցը: Նվարդ ջան, դու պիտի կուսակցությանդ հետ համաձայնեցնե՞ս:

Իսկ դա պե՞տք է:

Ես չգիտեմ, գլխավորը՝ ժամանակ չկորի ու լրիվ լիազորություն ունենաս, նենց չլինի որ պետք է որոշում ընդունել իսկ դու հապաղում ես, որտև չգիտես իրավունք ունես թե ոչ:

Էդ դեպքում ավելի լավ է չհամաձայնեցնել:

Դու գիտես:

Իսկ դուք պատրաստվու՞մ եք կուսակցությունների հետ հանդիպել, հարցնում է Բելան:

Այո, իհարկե, բայց հետո, շատ հետո, հիմա ինձ կոնկրետ մարդիկ են պետք:

Ես մի լավ ոստիկանապետացու գիտեմ, ասում են Բելան ու Նվարդը միաբերան:

Շատ լավ, մի հատ էս ընկերոջ հետ խոսեք՝ հետո նրանց հրավիրեք, թող Վազգենը հետները խոսի, լա՞վ: Ձեր հետ միասին: Ինտերվյու անցկացնի:

Բայց իզուր անձամբ չես հանդիպում, ասաց Դավիթը:

Այս պահին գլուխ չունեմ:

Սխալ ես անում: Անպայման պիտի հանդիպես:

Թող դա էլ իմ սխալը լինի: Դու հանդիպիր, խնդրում եմ: Հետո ես էլ կհանդիպեմ:

Դե լավ, գլուխ չունես՝ չունես:

Իսկ ինչ հարցով է ուզում հանդիպել, Վահագն:

Բռչոյի 14 դղյակների հարցով:

Ինչ 14 դղյակ:

Դե Բռչոյի կլանը ցվրվելուց 14 դղյակ է անտեր թողել Հայաստանում:

Էդքան դղյակ կա՞ Հայաստանում: Լսիր կարող ա՞ դրանք այլմոլորակային էին, թողին գնացին Զոնայի պես: Բա ի՞նչ անենք:

Չգիտեմ:

Դավ ջան դե մի հատ հանդիպիր հետը խոսի, ասա շուտով ես էլ կհանդիպեմ էլի, ներողություն խնդրիր:

Լավ: Իսկ եթե դու նրանցից խորշում ես, բա ո՞նց ես հասնելու նրան, որ մոտդ ամեն ինչ ստացվի:

Չեմ խորշում, ուղղակի վախտը չի հասունացել, զգում եմ:

Հիմա ռեֆլեքսիաների ժամանակ չի:

Դե հա ես էլ էդ եմ ասում: Չէ, ես բոլորին նախօրոք լավ եմ տրամադրված: Ում հետ չստացվի՝ չի ստացվի, բայց միշտ կլինի հերիք մարդ, որոնց հետ կստացվի: Չեմ պատժելու, գրեթե: Միայն՝ նախատելու, բայց լրջով: Պիտի կարողանան հասնել, մակարդակը պահել:

Վահագն. Եհովայի վկաների պատգամավորներին կընդունե՞ք:

Սկսվեց: Ասեք Հովոյին թող զբաղվի էլի: Վահանին էլ Իշխանյան, Ստեփանին...

Լավ: Իսկ սիրիահայերի՞ն:

Իրանք էլ ե՞ն եկել:

Բա ինչ են արել:

Ասեք թող Հայկակը զբաղվի էլի երևի վայ թե:

Լավ: Իսկ մի հատ էլ անհատական հայցվոր կա. ասում է անձնական իրավունքների գործով:

Իրան էլ Սակունցի մոտ ուղարկեք: Վահագն ջան, ժամը քանի՞սն է:

Երկուսը:

Արիկին մի հատ միացրու ու ինձ համար մի հատ լանչ կազմակերպի՝ ում հետ հարցերը քննարկեմ: Վազգենի ու Մառայի, չէ՞: Տնտեսական: Ու Դավթի:

Ախպեր ջա՞ն: Մի հատ տես ուրեմն ինչ ես կազմակերպում. ձախ արվեստագետների հետ հանդիպում, թե ինչ: Իմացիր ինչ է պետք իրենց, ես ուզում եմ արվեստ, լուրջ արվեստ, իսկական արվեստ, մեծ արվեստ: Մտածեք մի քանի բիենալլեների մասին մինագամից. երկու ամիսը մեկ: Չնայած չգիտեմ էդ ինչ ա: Դե դու կիմանաս: Ես ուզում եմ արվեստի տուրիզմ: Լրջով: Էն Ոսկե ծիրաններին, Փարաջանովի թանգարանին, բոլորին կազմակերպիր: Բոլորին խնդրում եմ հանդիպես ու կազմակերպես: Մարինեին, Զառային, Ռուբենին, Կարսլյանին, Բուդումյանին, Կբեյանին, Անտաշյանին, Գիլանցին...

Ես իրենց չգիտեմ:

Սիրանուշին խնդրիր, Մկրտիչի ու Նազարեթի հետ կկազմակերպի: Վիոլետ, Վահան, Արման, Մեժլումյան, Տաիշ, Աննա, Աննա, Աննա, ոչ մեկին չմոռանաս: ՆՓԱԿ, Նարեկացի... Էն Սարհատի քրոջը... Բուն թիվի... Պասկին ասա թող ֆիլմ նկարի Միկոյանի մասին: Էն ռեժիսոր օպերատոր տղայի հետ: Պոետիկ: Մեժլումյանին ասա ուրախ կլինեմ հանդիպել:

Լավ:

Մեկ էլ ուրեմն մի հատ Ուկրաինայի էն նախկին դեսպանին գտիր, պարոն Բոժկոյին, և Բորիսին Եղիազարյան, ու ուղղակի կապ հաստատիր հա ինձ համար նրանց հետ: Նա նախկին չի, լավ էլ արդիական է: Եվ ձեր Փոքր Խորհրդի բոլոր նյութերի կոնսպեկտը պատրաստիր. մյուս շաբաթ պետխորհրդին կզեկուցես: Վահագն ջան գրի առար չէ՞: Ի միջի այլոց, Վահագն, Սարհատի հետ կապվեցի՞ք:

Այո:

Էստեղ է՞:

Այո, նայում է:

Մի հատ ասա գա: Սարհատ ջան, ուրեմն խնդրում եմ ճարտարապետների հավաք կազմակերպես, Վահագնի հետ կհամաձայնեցնեք, երբ, որ ես էլ կարողանամ գամ: Մոտակա ժամանակները: Միսաքին իմաց տվեք, չմոռանաք: Նարեկին ասա՝ ինքը գործից հանված է: Շինարարության նախարար ունե՞նք մենք: Ասա թող գա մոտս:

Տեսնում ես, Միշ ջան, ասում էի մշակույթը հետո՝ բայց հետո չի ստացվում: Բայց դա ավելի հեշտ ա քան գիտությունը, ֆիզիկայից-բանից ես շատ բան չեմ հասկանում: Ուրեմն գիտության վերաբերյալ՝ թող գան էդ կոմպյուտերային այթիական ժողովուրդը՝ Եվան և այլն: Մերգելյան, ֆիզիկայի ինստիտուտ, Բյուրական, Արագածի ֆիզիկներին էլ բեր... Էն Գառնու ճամփին մի հատ Վիկտոր Համբարձումյանի պատ կա, էդ պատի մոտ մի հատ չոբան իրա հոտն ա արածացնում, էդ չոբանին էլ բեր, հոտն էլ հետը: Ու մի քիչ նստենք մտածենք, թե էլ ով կա: Քիմիա, կենսաբանություն, բան, մենակ համեմատաբար ջահելներ: Թումոյից մարդ բերեք: Գիտության կազմակերպիչ մենք ունե՞նք: Բերեզովսկու պես: Ի միջի այլոց խնդրում եմ ինձ համար ատոմակայանի վերաբերյալ մի հատ զեկույց պատրաստեք: Անգլերեն: Թե չէ ինչ պլան, ինչ բան, էսօր կանք՝ վաղը չկանք: էդ էլ հո մենակ աստծո ձեռը չի. պտի մտածենք ինչ անենք: Աշխարհի հետ:

Խնդրողականներից դադար չկար:

Մի մարդ է եկել, ասում է Վահագնը. յոթ ու կես օր է ընտանիքը սոված է:

Արմինե Պետրոսյանին թող դիմի:

Իսկ այս մեկի իրավունքը խախտել են:

Այդ բոլոր դեպքերն առայժմս՝ Սակունց ու Լևոն Բարսեղյան:

Մի պատվիրակություն է խնդրում ընդունել:

Ի՞նչ հարցով:

Կարմիր գծերի:

Սակունց ու Լևոն: Սակունց ու Լևոն:

Մի հատ ինժեներ է առավոտից սպասում: Ասում է ես հավերժական շարժիչի նախագիծ եմ արել, որ միայն պարոն Տեր-Գաբրիելյանին ցույց կտամ:

Վահագն ջան, ասացի, հավերժական շարժիչ չկա:

Ինչպես թե, ասաց:

Այդպես, ասում եմ, հնարավոր բան չէ: Դու հավատում ես հավերժական շարժիչի՞:

Դե տենց չեմ ասի որ հավատում եմ, բայց մարդն ասում է հայտնագործել է... Ասում է քսան տարի աշխատել է...

Եվ իհարկե հայը պիտի հայտնագործի հավերժական շարժիչը:

Ինչու ոչ:

Դե ուրեմն հենց դու էլ ստուգիր: Ես քեզ եմ հանձնարարում: Լենինի պես ինսուլտ կխփի թե ես էսքան մարդ ընդունեմ:

Արտասահմանում սովորած հարսնացուների «Որմիզդուխտ» ասոցիացիան ուզում է պարտիա ստեղծել հանուն ձեզ:

Ասա ինչ ուզում են թող անեն, բայց ոչ հանուն ինձ, մեկ էլ սև կալգոտկա կրելն արգելվում է:

Նստեցինք լանչի:

Ժողովուրդ ջան, ուրեմն ինչ ենք անում տնտեսության վերաբերյալ: Մառ, դու նայեցի՞ր Կզաքիսն ինչ ա գրում:

Նայեցի: Հեչ: Ինձ թվում է նա վախենում է, որ իր ձեռքից կառնեն Վանաձորը, Վանն ու Ղարաքիլիսան:

Ինչ անենք նրա հետ:

Ոչ մի բան: Չտեսնելու տանք:

Բա մուռ չի հանի՞: Սաբոտաժ, բան:

Միշ մի հատ բելայենցից հարցրու, որևէ հակա-մեզ ժողովրդական շարժման հետք կա՞: Հետո եթե տենց բան Կզաքիսը կազմակերպի՝ էնա կփլվի էլի: Պիտի ուրեմն լուրջ պատճառ լինի:

Օրինա՞կ:

Դե օրինակ՝ աշխատավարձի կրճատում, երաշտ...

Ուրեմն հնարավո՞ր է արդյոք օլիգարխների կողմից կազմակերպած սաբոտաժ:

Իհարկե հնարավոր է:

Ինչ անել ուրեմն:

Պետք է օլիգարխ՝ որը մեր կողմն անցնի:

Լավ: Ոնց անենք դա: Ես նրանց հետ խոսել չեմ սիրում:

Դավիթ. Ես կխոսեմ:

Բորյային ու Նունեին էլ պետք է ասել: Վազգեն ջան, խնդրում եմ համակարգել:

Լավ: Բայց դուք պիտի նրանց հետ հանդիպեք նույնպես:

Դե դուք կազմակերպեք ես մի րոպեով կմտնեմ կբարևեմ: Ուրիշ ինչ տնտեսական հրատապ հարց կա:

Փողի հարցը:

Ինչ կա:

Բռչոն  երկրի փողերը հավաքել փախել է:

Ոնց թե:

Էդպես: Գանձարանը դատարկ է:

Չի կարող պատահել:

Չէ, իրոք:

Ինչքան փող կա:

Դե մի երկու հարյուր միլիոն՝ էն էլ նախանշված:

Պարզ է: Բա ինչ ենք անելու:

Դե մենք մի քանի հարյուր միլիոն դեռ կգտնենք...

Ձեզ տեսնեմ, Մառ ջան: Մի կերպ դիմանանք՝ մինչև ամեն ինչ դզվի: Փողը ոնց ա տատանվում էսօր: Տիգրանին ասեք թող մեզ միանա էլի: Տիգրան ջան փողից ինչ կա:

Նորմալ ա:

Կարող ա՞ փլվի:

Ոչ մի տենց հետք հլա որ չկա:

Իսկ ով ա դրանով զբաղվում:

Կենտրոնական բանկը:

Էդ բանկն ինչ անենք:

Ամերիկայից խնդրի թող մի նորմալ մարդ ուղարկեն որպես խորհրդատու:

Լավ բայց ես հետները պիտի խոսեմ մինչև համաձայնելը թեկնածուին: Իսկ Տիգրանի հետ իմաստ չունի՞ խորհրդակցել:

Հեղինեին ասա թող կապվի հետը:

Վայ թե հենց իրան էլ հետ ուղարկեն:

Ոչինչ, թող ինձ ամեն ինչ բացատրի: Իսկ գուցե էն տղու՞ն: Վահե թե Վաչե:

Կարելի ա... Ինքը վաբշե վատ տղա չի...

Մի հատ, Վահագն ջան, կազմակերպի, կանչի հետը խոսենք: Թե արտասահմանում ա՝ հեռախոսով ինձ կապիր:

Իսկ էն մյուսի՞ն:

Չէ...

Իսկ էն Կարինեի՞ն:

Դրան ես տենց էլ չհասկացա: Կարող ա՞ դրածո ա:

Չէ հա: Ուղղակի էդպես գիտե: Իսկ էկոնոմիկայի նախարարը՞:

Դրանց չգիտեմ:

Գևորգ, կարելի է ես մի բան ասեմ, հանկարծ ասում է Մառան:

Իհարկե, ասում եմ, ասա:

Ես էս թղթերը նայեցի, գիտեք, եթե մենք ուրեմն էս պայմանագիրը մի քանի օրից կարողանանք վավերացնել, փոքր ու միջին ձեռնարկությունների ազատ առևտրի հարցը հեչի պես կլուծվի:

Դրանից մենք ինչ օգուտ ունենք:

Դրանից մենք... Մի տարվա ընթացքում... Կարող է մի երկու հարյուր միլիոն կամ ավելի փող ստանանք գանձարան: Դոլար:

Էս ինչ է ասում: Տիգրա՞ն:

Ինչ:

Ճիշտ է՞ ասում Մառան:

Դե եթե հաշվենք որ կա մի ասենք հազար էդպիսի ակտիվ բիզնես...

Ակտիվ բիզնես ավել կլինի...

Ու իրենց գլխին ոչ ոք չի նստում...

Դե ասա է ասա: Ախչի բա խի էիր լռում:

Դե սա դեռ պետք ա լրջով հաշվել:

Ժողովուրդ ուրեմն ես տենց բաներ եմ ուզում: Ինչքան փող կա գանձարանում, կոնկրետ: Ինչքան պարտք կա, ում: Ոնց որ ձեր տան հաշիվն եք անում: Ինձ պետք ա իմանալ, էղա՞վ, Մառ ջան, Տիգրան ջան, Նելլի ջան: Կոնկրետ: Ումից ինչքան ա սպասվում: Ինչքան ռեալ փող կա, ինչքան պիտի լինի, ինչքանն ա գորշ, ինչքանն ա սև ու սպիտակ ու չի գալիս, և այլն: Մինչև ե՞րբ կարաք էդ թղթերը պատրաստեք:

Եթե դոստուպ ունեցանք՝ մի երեք շաբաթում երևի:

Ուրեմն մյուս շաբաթ... Վահագն ջան գրիր խնդրեմ... օրը կասես բոլորին... Մի հատ աուդիտ եք անում: Զեկուցում եք ինձ սրա մասին: Ոչ մի գաղտնիք ձեզնից չպիտի լինի: Ամեն ծակուծուկ պիտի իմանաք: Եվ ևս մի երեք հատ էդպիսի նորարարական գաղափար, եղա՞վ: Ինչ ֆանտաստիկ բան մտքներովս անցավ՝ թույլատրվում է: Իննովացիաներ եմ ուզում: Գիտնականների հետ խորհրդակցեք: Էլ քամու էներգիա, քարից թել, Իլոն, Մասկ, բան, պորտատիվ աղբամշակման զավոդներ... Եղա՞վ: Խորհրդակցեք ում հետ ուզում եք, մենակ թե ոչ մի խոստում մի տվեք առանց ինձ: Սաղաթել ջան, կարող ե՞ս օգնել որ մերոնք դոստուպ ստանան:

Ու՞ր պիտի գնան: Եկամուտների կոմիտե՞: Հա, մեկ էլ երևի կենտրոնական բանկ, ֆինանսների նախարարություն: Կարաք նաև էդ զարգացման բանկին հարցնեք, իննովացիաների խորհուրդ էին ստեղծել վերջերս... Մի երկու հատ վենչուռնի ֆոնդ կա աշխարհում, հայկական ինչ-որ բաներով զբաղվում են...

Ու էդ մեզ բարյացակամ տրամադրված օլիգարխին էլ մեր կողմ քաշեք թող իրա տեղեկատվությունը տա, լա՞վ:

Եթե քաշենք...

Իսկ դուք մի սպասեք. Հովակիմին հարցրեք, ձեր ծանոթներին, ձեր ուղեղն օգտագործեք: Դավիթն ասում է՝ «ՕՕՕ Արմենիա»: Մի հատ իրենից հարցրեք, թե դա ինչ է նշանակում: Եղա՞վ: Լավ, բայց սրանից բացի, ժողովուրդ, կոնկրետ որն ա ամենակարևոր հարցը:

Որ տվյալ պահին ոչինչ չփլվի:

Ինչ կարա փլվի:

Գազի մատակարարումը: Լյուբոյ իմպորտ էքսպորտ:

Էդ Ռուսաստանից ա կախված:

Հա:

Կապեք ինձ Կարենի հետ Կարապետյան:

Լավ:

Ուրի՞շ:

Գաստարբայտերները:

Հա, մի հատ մտածեք ինչ կոչ արձակենք նրանց վերաբերյալ՝ Մանուչարի ոճով: Դեկրետ: Մի հատ վսյո ժե Ծառուկյանի հետ անձամբ ես պիտի հանդիպեմ՝ Լուկաշենկոյի հաշվով: Կազմակերպեք:

Լավ: Ուրի՞շ:

Մեկ էլ մի մոռացեք՝ վարսավիրուհիները:

Հա, իհարկե, լավ: Ճիշտ ես նկատել: Ու մի հատ տնտեսությունից լավ հասկացող մի խումբ գտեք: Մառ ջան, Վազգեն ջան, ուրեմն մի հատ հավաք եք կազմակերպում ու վարում. «Հայաստանի տնտեսության հիմնախնդիրները տվյալ իրավիճակում»: Շտապ: Ու հրավիրում եք ձեր ընտրությամբ՝ բոլորի հետ քննարկելով՝ ում որ պետք ա: Սփյուռքահայերին չմոռանաք: Վահագն Խաչատրյան, Բագրատյան, Բագրատ, բոլորին հրավիրեք ու հարցրեք, այսինքն Հեղինեին ասեք թող մի հարցաթերթ ստեղծի ու օրը մեջ իրենց հարցնի իրադրության մասին, կենտրոնական բանկն ու նախարարությունն էլ հետը: Ին վինո, Ցենտրալ, Արտբրիջ, Քլաբ, Մարիոթ. բոլորի՛ն:

Սփյուռքահայ ասեցիր հիշեցի. եկեղեցուն հրավիրում ե՞նք:

Իհարկե: Բոլոր ուժեղներին:

Դե նայիր: Իրականում ես տնտեսությունը սենց եմ պատկերացնում. կա մի քանի մաֆիա: Եկեղեցին, բանակը, ոստիկանությունը, գողականությունը, առանձին օլիգարխական կլաններ, որոնցից ոմանք նստած են տեղանքի վրա՝ ասենք մարզի, մյուսները՝ իմպորտ-էքսպորտի: Կա սփյուռքը, ու մի քանի ուժեղ բիզնես որոնք էս բոլորին չեն պատկանում: Ու բոլորն իրար միահյուսված են հիմնականում էս կամ էն ձևի: Ոմանք լավն են, ասենք աերոպորտը Էռնեկյանի: Ոմանք՝ վատը, ասենք հանքայինները: Դա է:

Լավ, հիմա էս հարցով ինչ անել:

Խորհրդակցել: Հրավիրել խորհրդակցության՝ խաղի կանոնները ճշտելու համար:

Վազգեն ջան, Ամերիկյան համալսարանին էլ չմոռանաս: Միշ, քանի հիշել եմ՝ Ֆրանսիայի ու Գերմանիայի դեսպանների հետ հանդիպում կազմակերպեք, Վահագնը թող ասի երբ: Իրենց համալսարաններին էլ հրավիրեք, ու մերն էլ: Բրիտանացուն ես ինքս կզանգեմ:

Իսկ Եվրամիության դեսպանի՞ն:

Բրիտանացուն կասեմ՝ թող միասին գան: Եվ Ճապոնիան: Որպես հաջորդ քայլ: Ու Չինաստանը: Հենց որ Արմանը եկավ՝ սա հանձնարարեք խնդրում եմ:

Ուրեմն տնտեսական սաբոտաժ հնարավոր է կամ ներսից, կամ դրսից՝ Ռուսաստանից: Ինչ ենք անում դրա վերաբերյալ:

Ինձ թվում է դու անձամբ պիտի մի հատ շտապ խոսես ռուսական կայազորի հրամանատարի հետ: Ու հետո շտապ էդ խորհրդակցությունը: Ու ռուսների վրա նոր կապեր:

Ռուսներից տեղեկություն չկա՞:

Սպասում ենք թե Պուտինը երբ կբարեհաճի:

Մեկ էլ պետական գվարդիան:

Էդ ով է: Ներքին զորքերը՞: Վահագն ջան, կազմակերպիր:

Բայց լավ է որ իրենք փողկապավորներին կալանավորում են, հանկարծ ասաց Գայանեն:

Ի՞նչ: Ո՞վ: Ինչու՞:

Պետական գվարդիան, հիշու՞մ եք, մի ամիս առաջ՝ արդեն ճգնաժամի նախաշեմին՝ հրաման արձակեց բոլոր փողկապավոր անձանց անխտիր եթե փողոցում տեսնեն՝ կալանավորեն:

Հիշում եմ: Իսկ ի՞նչն էր դրա լավ:

Դե ճիշտ էր էլի դա:

Դաա... Մտազբաղ ասացի ես: Ճիշտ էր որ... Մարդու իրավունքների խախտում էր... Էն էլ ինչ մասշտաբի... Հետո՝ բա մեղք չէին...

Մեղք էին իհարկե, բայց մեկ է ճիշտ քայլ էր: Հետո՝ ինչն էին մեղք՝ մի քիչ նստեցին կուտուզկայում...

Կատալաժկայում...

Այո... կապեզեում, այսինքն սիզոյում մի քիչ նստեցին ու՝ պրծ... Ինչու արտասահմանում փողկապ կտրելու կառնավալ կանցկացնեն՝ մեզ մոտ ոչ:

Ճիշտ ես ասում բայց գիտես... Էդ ազգային գվարդիան սկսեց դուրըս գալ: Արի էդ հրամանը պահպանենք: Հերիք է շան պես աշեյնիկով գործի դուրս գան մարդիկ՝ որ քծնեն ու ցույց տան, որ հպատակ են: Աշխարհի ոչ մի երկրում էդքան փողկապավոր չեմ տեսել, ինչքան էս քոսոտ խեղճուկրակ փոքր կենտրոնում: Ա՛յ դրա համար եմ պարսիկներին սիրում. փողկապ չեն կրում...

Մի հատ Նունեի հետ ինձ կապեք: Նուն ջան, մի հատ խնդրանք ունեմ: Ուզում եմ իմ հետ պրես կոնֆերանսը դու վարես: Չէ, Բորյայինը ուրիշ ա: Ինքը վարելու ա ուրիշ հարցերով: Իսկ դու իմ հետ՝ մեր պլանների մասին, սկզբունքների, սենց անձնական... Երբ կարաս կազմակերպես: Հա էսօր, ուղիղ հեռարձակմամբ, ժամը յոթի կողմերը հա՞ երևի, Վահագն ջան: Հա: Ուզում ես Սեդային ասենք՝ օգնի պրես րիլիզի և այլնի հարցերում: Չէ ինքը կանի որ ասեմ: Լավ: Շատ մերսի: Հա, թող գան ստեղ: Չէ՞, Վահագն: Ստեղ թող գան: Թող շուտ գան որ ստուգվեն: Մերսի: Ուրեմն Վահագն ջան իրանց լավ կստուգեք դռան մոտ բայց հատուկ ներողություն խնդրեք մի հատ ցուցանակ փակցրեք բացատրելով թե ինչու են պրոցեդուրաները հատկապես խիստ: Մերսի: Ժողովուրդ: Դուք գիտեք չէ՞ ամեն մեկն ինչով պիտի զբաղվի: Դե գնացինք զբաղվենք: Մերսի: Լավ լանչ էր: Ս բոգոմ: Ուրեմն խնդրում եմ բոլորին, ովքեր էստեղ են՝ ներկա լինել պրես կոնֆերանսին, կարող է ես հարցի պատասխան չունենամ՝ ձեզ խնդրեմ պատասխանել: Էդ մեր տասնհինգ հոգանոց խումբը խնդրում եմ մոտավորապես պահպանել: Մենք մենեջմենթի մեթոդի մասնագետ ենք, եկեք ազնիվ լինենք, համենայն դեպս տնտեսությունից այդքան էլ չենք հասկանում, ոչ թե որովհետև մասնագետ չենք, այլ որովհետև մայրիկը լացացված է և՛ մեր տնտեսության, և՛ աշխարհի մեթոդների՝ տնտեսությունը հասկանալու: Խելքը պիտի օգտագործենք, խե՛լքը: Ոնց որ մեր սեփական տունը, մեր տան տնտեսությունը լինի... Բնազդը... Տեր կանգնենք... Էդ դեռ Հրանտն էր ասում... Ես էն ժամանակ լավ չէի հասկանում ինքն ինչ նկատի ունի... Տերն իրան վնաս բան չի անի: Ու էն բանին՝ ինչին տիրություն է անում:

Իսկ ձեր տեսլականը որն է:

Ես հիմա դեռ շատ մանրամասն տեսլական չունեմ, բացի տարրական բաներից: Մոտավորապես սենց. առաջին շրջանում մենեջմենթի լավացման շնորհիվ մի 10-12 տոկոս աճ ենք տեսնում: Մի քանի տարի էդպես. տարեկան մի էդքան աճ: Սա զուտ մենեջմենթի բարելավմամբ կարելի է ապահովել: Փոքր բիզնեսի հարկ ու վարկի հարց, մեծ բիզնեսի հարկավորում ու ազատագրում, մոնոպոլիաների հարցի լուծում: Զուգահեռաբար՝ պետական ծախսերի բնույթի փոփոխում, ճիշտ տեղեր ուղղորդել այդ ծախսերը, որոշ կադրային ռեֆորմներ, ամրապնդել ոստիկանությունն աշխատավարձով ու բարձրորակ կադրերով, գլխավորը՝ բարեկիրթ ու բարի, բանակի հետ: Գիտության ու իննովացիայի ու կրթության զարկ: Գյուղապրանքի շուկայի լավ կազմակերպում: Էդ՝ սկզբից: Սուտ ասելը՝ քրեական պատիժ:

Դրանից ավել ինձ թվում է լուրջ չէ պատկերացնել տվյալ պահին: Բայց էստեղ ուրիշ էֆեկտ է սկսում ազդել. հենց որ մի քիչ լավացավ՝ գումարվելու է իրար, ակումուլյացիայի էֆեկտն է սկսվելու, այսինքն երեք տարուց ոչ թե էլի տաս տոկոս՝ այլ մի հիսուն տոկոս թռիչք կլինի: Բայց դեռ չեմ ուզում էդպիսի նպատակներ ու փուլեր հայտարարել: Կապրենք կտեսնենք: Մոտդ գրիր. ինչ-որ պահին միջազգայինների հայ կոնտինգենտին պիտի հավաքենք: Ներսի և դրսի... Առաջին տարուց հետո բյուրոկրատիան կրճատում ենք, քննություն անցկացնում, աշխատավարձերը լավ բարձրացնում ու պաշտոնյաների քանակը մի չորս անգամ կրճատում: Ապաբյուրոկրատացնելու ենք երկիրը: Նոր գործազուրկները վտանգավոր են լինելու, բայց մենք արտասահմանից կխնդրենք իրանց համար տրենինգային աջակցություն, բիզնես և այլն զարգացնելու համար: Թող ՀԿ հիմնադրեն՝ նույն գործով զբաղվի, մենակ թե իմաստավոր: Եվ արտոնություններ կտանք, թե իմաստ ունենա:

― Армения приветствует вас товарищ Путин

― Слушаю вас

― Хотел просто лично выразить свои наилучшие пожелания. С товарищем послом мы уже общались

― Вы коммунист?

― Нет, но я бывший советский человек

― Многоликий вы человек. Но лично по телефону общение не совсем получается

― Готов прибыть в любой момент, когда вам удобно и технически возможно

― Прилетайте хоть завтра

― Слушаюсь. До завтра. Мои ребята дадут вашим знать, когда прибываю. Михал Иваныч, а как вы считаете, в чём смысл жизни?

― Хороший вопрос. По этому вопросу я бы хотел сказать следующее. Вот вы говорите: майдан-шмайдан... Перевороты там, шмеревороты… А между тем... Ведь с одной стороны необходимо действовать, а с другой стороны друзья – это ж святое... Вот наши партнёры: чудят, мутят – а вытянуть не могут. Каких-то подонков нам подставляют, годами, а сами хоть бы хны. Ну правда ж подонок, прости господи. А они: элементы демократии, то, сё... Дерьмократии, я бы сказал, элементы, а не демократии, дорогие коллеги. Среди нас, матросов, мы в своё время таких называли «головастика сморщить». И приходится, так сказать, разбираться... А мы должны инновацией, обеспечением безопасности, реагированием на вызовы глобализации и ни-в-коем-случае не через пень-колоду... Эти времена прошли... Поднятием уровня образования, сельского хозяйства... Ведь времена-то какие. Только через совместную идею, только через взаимодействие на всех уровнях, по терроризму, там, нанотехнологиям, по спецслужбам... Бордюжа... Чтоб и дальше цвела Россия и иже с ней... Впрочем, об этом можно долго. Вы там упомянули болевую точку, фактически... Был у нас среди матросов такой анекдот в молодости: выходит боцман на палубу в белоснежном кителе... Ну и так далее. Что вас ещё интересует?

Վահագն ջան, ուրեմն շտապ կազմակերպիր իմ թռիչքը, վաղը երևի առավոտ շուտ: Բելան էստեղ է՞: Դավիթ, ուզում եմ խոդ կոնյոմ անեմ: Վաղը կգա՞ս հետս:

Իհարկե եթե պետք է:

Իսկ Լևոնին եթե խնդրենք որ ինքն էլ գա՞:

Դու համոզված ե՞ս որ դա ճիշտ է:

Այո: Միակն է, ում կարելի է խնդրել շարունակականությունը ցուցաբերել: Բել ջան, մի հատ մի բան արա, շտապ ուզում եմ Լևոնին այցելել: Գործ կա: Ուզում եմ որ վաղը հետս գա Մոսկվա:

Բայց դա ծանր հրետանի տանել չի՞: Վերջին ունեցվածք չի՞:

Դե Լևոնն ավելի շուտ սիմվոլիկ ծանր հրետանի է: Իսկ իրական ծանր հրետանի ոչ ինքը ունի, ոչ մենք ռուսների դեմ: Թե համաձայնեց գա՝ հետաքրքիր իրադրություն կստեղծվի:

Վահագն. Վարյան է եկել:

Ապրի: Ճիշտ ժամանակին: Վարյային մի հատ կանչեք էստեղ: Վարյա ջան, բարև ազիզ ջան: Ինչ լավ ես արել որ եկել ես: Վար ջան, մի հատ շտապ, Մառայի ու Գայանեի օգնությամբ, կազմակերպում եք ուրեմն հանդիպում՝ համաշխարհային բանկի, Իբիարդիի, Յուենի և այլ կարևոր միջկառավարականների հետ: Կարող ես, չէ՞: Մերսի:

Վահագն. Նիկոլ Փաշինյան:

Խնդրիր, իհարկե խնդրիր ներս: Դավիթ ջան, ես մտածելու ժամանակ չունեմ: Մի հատ շատ եմ խնդրում, դու իմ տեղակ էլ մտածես ու բոլոր հետևություններն անես, լա՞վ: Իսկականից շատ եմ խնդրում:

Դե որ տենց ասում ես...

Մեջս տեղ չկա: Ես ավտոմատի վրա էս ամեն ինչը կանեմ ինչ որ պետք ա՝ դու տեղը պահի, լա՞վ: Միտքը պահիր, մտքի ընթացքը: Խնդրում եմ: Ու ուշադիր, խնդրում եմ, սխալ չգնա: Նիկոլ ջան, բարև: Շատ մերսի որ եկար: Ես էլ հենց ուզում էի քեզ զանգ տայի:

Դու ինչ ե՞ս պատրաստվում անել:

Ճիշտն ասած ինքս էլ լավ չգիտեմ առայժմս միջին մեխանիզմները: Կարճաժամկետը հստակ է. պահպանել ստաբիլությունը և նախադրյալներ ստեղծել՝ նորմալ պետական նոր համակարգ ձևավորելու համար: Երկարաժամկետն էլ է հստակ. երկիր, պետություն՝ ինչպիսին որ միշտ երազել ենք՝ ազնիվ, արդար, գեղեցիկ, աշխարհի գոհարներից: Այ մեջտեղի հարցն է, թե հիմա կոնկրետ ինչ ժամկետների մեջ, ինչ որոշենք, ինչպիսի համակարգ ձևավորենք:

Ինձ թվում է դու պիտի շտապ զբաղվես լեգիտիմության հարցով: Տվյալ պահին դուք փաստորեն լեգիտիմ չեք, մեյդան եք, ոչ մի լեգիտիմություն չունեք:

Բայց Պուտինն արդեն հետս խոսեց:

Հա՞:

Ի միջի այլոց, Նունեին Բորիսին ասեք թող շտապ տարածեն որ տեղի է ունեցել հեռախոսազրույց Պուտինի ու իմ միջև:

Դա դեռ ոչինչ չի նշանակում:

Իհարկե Նիկոլ ջան գիտեմ որ չի նշանակում: Ինչ ես առաջարկում: Արի միասին նստենք քննարկենք ինչ անել:

Ինձ թվում է շուտափույթ կերպով արտահերթ ընտրություններ է պետք ազդարարել:

Լավ, ուրեմն էլի պահպանում ենք հա՞ էս համակարգը:

Բա ինչ ես առաջարկում:

Գուցե պառլամենտակա՞ն: Կամ խունտայակա՞ն, ասենք՝ երեք նախագահ, երեք հաստլիկների պես: Վարդան Պետրոսյանին ասեք թող տնային կալանքի փոխեն հենց այս պահից: Մերսի: Ես ուղղակի մտածել եմ ուզում, սենց շանս էլ կարող ա ուղղակի չլինի:

Խունտայականը ձեր մոտ հիմա ա: Չգիտեմ ինչքան կդիմանաք: Մեկնումեկը դուրս եկավ ասեց լեգիտիմ չեք՝ Ուկրաինայի պես...

Ինչ ա, Զանգեզուրը կանջատվի՞:

Տո Զանգեզուրն էլ, Գյումրին էլ, Շամշադինն էլ...

Ընդգրկե՞նք քեզ մեր խունտայի մեջ: Վահագն ջան, Արսենին ասա, թող գա ստեղ լինի էլի, մեր միջև կապը պահպանի ամեն վայրկյանին: Վրաստանում հիմա կարելի է առանց իրեն յոլա տանել: Իր մայրիկին էլ ասա, թող գա ստեղ էլի: Այստեղ գործ շատ կա: Ասեք թող պատրաստվի թափուր տեղերի համար ընտրությունների: Իսկ դու, Վահագն ջան, ուրեմն մի բան էլ էլի քո ուսերին. մի հատ հանդիպում ես կազմակերպում խորհրդարանի հետ. դա վաղը կամ ուշ գիշեր՝ երբ Մոսկվայից վերադարձա, կամ մյուս օրը: Նիկոլ ջան, ասա ինչ անենք, ոնց որոշենք:

Եկեք քննարկման դնենք իրոք:

Այո: Իսկ հիմա մի խնդրանք. ասում են ամենաթեժ մասը կարող է Տավուշը լինել: Մի հատ չես զբաղվի՞: Հանկարծ դրանք չհարձակվեն հանկարծակիի գանք: Էն որ մինչև հիմա հարաբերական փոփոխություն չկա ինձ շատ է անհանգստացնում: Էս մոբիլայինիս համարը, ինձ հետ ուղիղ կապի մեջ, խնդրում եմ: Տեխնիկական ինչ օգնության կարիք կա՝ Վահագնին կամ Միքայելին դիմիր:

Նիկոլը դուրս է գնում:

 

Վերջ առաջին մասի

(շարունկություն)

Մեկնաբանություններ (1)

Սահակ
Աստված վկա, փորձեցի կարդամ, չստացվեց, չկարողացա ինքս ինձ ստիպել: Կարծում եմ մի բան գրողը նախ պիտի է մի երկու խոսքով գլխի գցի ընթերցողին թե խոսքը մոտավորապես ինչի մասին է, սլաքը որ կողմ է նայում եւ այլն, որպիսզի մարդը որոշի արժե իր ժամանակը վատնել տվյալ նյութի վրա: Իհարկե, կարելի է եւ ասել՝ «իմ գիրը թթու թան չի, ամեն մարդու բան չի» ..

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter