HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանե Գևորգյան

Swiftera. քաղաքների՝ բարձր որակով եւ հաճախականությամբ պատկերների ապահովում տիեզերքից

Մանե Գեւորգյան

Swiftera ստարտափն ապահովում է բարձր որակով ու հաճախականությամբ պատկերներ կոնկրետ տարածաշրջանին հատուկ տվյալներ ստանալու, դրանք վերլուծելու եւ համապատասխան քայլեր ձեռնարկելու համար։

Քաղաքները քարտեզագրելու եւ, առհասարակ, տիեզերքից քաղաքների նկարներ ստանալու համար հիմնականում օգտագործվում են կամ արբանյակներ կամ դրոններ։ Բարձր որակով պատկերներ ստանալու համար տիեզերք է հարկավոր ուղարկել շատ մեծ արբանյակներ, որոնք շատ թանկ են, իսկ նկարները թարմացնելու հաճախականությունը՝ շատ ցածր։ Քանի որ քաղաքներում ամեն պահ նոր փոփոխություններ են տեղի ունենում եւ ցանկալի է ունենալ անընդհատ թարմացվող նկարներ, հաճախ օգտագործում են ավելի փոքր արբանյակներ։ Սակայն վերջիններս չեն տրամադրում բարձր որակ, ինչի արդյունքում էլ հնարավոր չէ տեսնել բոլոր անհրաժեշտ օբյեկտները՝ պատկերում կարող են երեւալ քաղաքի շենքերը, բայց ոչ, օրինակ, մեքենաները։

Swiftera-ն միավորում է տիեզերքից նկարահանող սարքերի հնարավորություններն ու դառնում մեկ ամբողջական լուծում՝ այն անհամեմատ ավելի էժան է, տրամադրում է բարձ որակով պատկերներ, կրճատում է նկարներին սպասելու ժամանակը՝ դրանք տրամադրելով ոչ թե մեկ ամսում կամ մի քանի շաբաթում, այլ մի քանի օրվա ընթացքում։

Ստարտափի համահիմնադիր եւ ղեկավար Հռիփսիմե Մաթեւոսյանը սովորել եւ մագիստրոսի կոչում է ստացել Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում, ապա որպես ասպիրանտ շարունակել կրթությունը Սկոլկովոյի գիտության եւ տեխնոլոգիայի ինստիտուտում՝ մասնագիտանալով բարդ տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում։ Ստարտափի համահիմնադիր, տեխնիկական գծով տնօրեն, կատալոնցի Իգնասի Լյուքի հետ այդ ժամանակ Horizon 2020 դրամաշնորհային ծրագրի շրջանակում փորձում էին հասկանալ օգտատերերի՝ կոնկրետ տարածաշրջանին հատուկ տեղեկություն ստանալու պահանջները։ Հետազոտություններն իրականացնում էին Եվրոպական Հանձնաժողովի Կոպերնիկուս արբանյակային ծրագրի ապագա տեխնիկական պլանավորման և զարգացման համար: Այսինքն՝ փորձում էին պարզել՝ ինչպես են մարդիկ օգտագործում արբանյակներից, դրոններից արված նկարներն ու ինչ տվյալներ կան, որոնք դրանց միջոցով չեն ապահովվում։ Մի բան ակնհայտ էր. միայն արբանյակների կիրառությամբ քաղաքների պես դինամիկ տարածքներին օգուտ տալ չես կարող:

Այդ ընթացքում թիմին է միանում կատալոնցի Ալբերտ Քաուբեթն ու երեք հիմնադիրները սկսում են դիմել տարբեր աքսելերացիոն ծրագրերի։ Արդյունքում՝ ստանում են հենց քաղաքաշինության ոլորտով հետաքրքրված URBAN-X​ աքսելերացիոն ծրագրին մասնակցելու հնարավորություն։ Վերջինս MINI/BMW եւ Urban Us հիմնադրամի համատեղ նախաձեռնությունն է։ 2017 թվականի սեպտեմբերին աքսելերացիոն ծրագիրը սկսելու համար Հռիփսիմեն ստիպված է լինում թողնել իր ասպիրանտական թեզի պաշտպանությունն ու մեկնել Բրուքլին։ Որոշ ժամանակ անց Ալբերտը դադարեցնում է իր աշխատանքը Գերմանիայի Բրեմեն քաղաքի օդատիեզերական լավագույն ընկերություններից մեկում՝ OHB-ում, Իգնասին պաշտպանում, վերջացնում է իր ասպիրանտական թեզն ու միանում Հռիփսիմեին։

Ձախից աջ՝ Իգնասի Լյուքը, Հռիփսիմե Մաթեւոսյանն ու Ալբերտ Քաուբեթը

Ստարտափը ստանում է ներդրում MINI/BMW-ից եւ Urban Us-ից ու մասնակցում վեցամսյա աքսելերացիոն ծրագրին։ Վերջինս ապահովում է բոլոր անհրաժեշտ հնարավորություններով՝ պրոդուկտը նախագծելու, զարգացնելու եւ արդյունքում աշխատող նախատիպ ունենալու, ինչպես նաեւ այն փորձարկելու համար։ URBAN-X​-ի թիմում ընդգրկված փորձառու ինժեներների խորհուրդներն ու աշխատանքային պայմանները, լաբորատորիաները թույլ են տալիս հիմնադիրներին արագ զարգացնել գաղափարն ու աքսելերացիոն ծրագիրն ավարտելուց հետո սկսել երկրորդ ներդրումային փուլը։ Այս անգամ ներդրում են կատարում Draper Associates-ը, URBAN Us-ն ու այլ վենչուրային ֆոնդեր ու «հրեշտակ» ներդրողներ (angel investor)։

Շուկան, որը փորձում են գրավել հարյուրավոր միլիարդների է հասնում: Վաճառքի հիմնական ու առաջնային ուղին տվյալների կենտրոններին պատկերները վաճառելն է, որոնց հիման վրա վերջիններս կկարողանան տվյալների վերլուծություն կատարել։ Թիմի նպատակն է այնքան զարգացնել պրոդուկտը, որ ապագայում վերլուծություններ անեն ոչ թե կենտրոնները, այլ հենց իրենց առաջարկած լուծումը։

Պրոդուկտի կիրառումը տեսնում են ապահովագրության, քաղաքաշինության և այլ ոլորտներում: Հռիփսիմեն նշում է. «ԱՄՆ-ում, օրինակ, շատ անկանխատեսելի են աշնանային ամիսները, հատկապես Ֆլորիդայի քամիները։ Մեր սարքավորման միջոցով հնարավոր է այդ շրջանում անընդհատ թարմ նկարներ տրամադրել համապատասխան մարմիններին, որոնք կկարողանան գործողություններ ձեռնարկել՝ հնարավոր վտանգները կանխելու համար»։ Այն կարելի է օգտագործել նաեւ, օրինակ, ապահովագրության ոլորտում՝ հասկանալու համար, թե ինչ վնաս է տեղի ունեցել ու ինչպես պետք է այն փոխհատուցել։ Բացի այդ, շուկայում զգալի մրցակցային առավելություն ձեռք բերելու համար հեջ ֆոնդերը որպես ֆինանսական ստանդարտ տվյալներին այլընտրանք օգտագործում են Swiftera-ի տրամադրած բարձրորակ պատկերները։

Թիմի վերջնական նպատակն է կոնկրետ տարածքներում ունենալ իրենց սարքերը՝ անընդհատ թարմացվող պատկերներ ունենալու եւ, հետեւաբար, տվյալների շարունակական հավաքագրում իրականացնելու համար։ Նպատակ ունեն նաեւ տվյալների որոշ բազաներ ժամանակի ընթացքում հանրային դարձնել։ Այսինքն՝ դառնալ մի հարթակ, որտեղ մարդիկ կարող են գտնել քաղաքի մասին իրենց հետաքրքրող տվյալներ։

Հռիփսիմեի խոսքով՝ ոլորտում կին մասնագետները քիչ են, քիչ են նաեւ, օրինակ, կին ներդրողները, որոնք հետաքրքրված են օդատիեզերական ոլորտի ստարտափներում ներդրումներ կատարելով։ Դա ոլորտում ամենամեծ մարտահրավերներից մեկն է ըստ նրա, սակայն արդյունավետ աշխատանքի շնորհիվ թիմին հաջողվել է համագործակցել իր փորձով շատ հայտնի կին հրեշտակ ներդրողի (angel investor) հետ, որը ցանկություն է հայտնել ներդրում կատարել ստարտափում։ Հռիփսիմեի համար, իհարկե, հեշտ չի եղել մասնագիտական ճանապարհը, բայց քանի որ փոքր հասակից հետաքրքրված է եղել ոլորտով, ոչինչ չի խանգարել մասնագիտանալու, սեփական ստարտափը նախաձեռնելու եւ հաջողության հասնելու հարցում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter