ԵՄ դրամաշնորհային ծրագրերից հափշտակություն կատարելու գործում ներգրավված անձանց նույն տեղում հավաքել չի ստացվում
Եվրամիության դրամաշնորհային ծրագրերից խոշոր չափի հափշտակություն կատարելու վերաբերյալ քրեական գործով դատական նիստերը շարունակ հետաձգվում են: Այս գործում ներգրավված է 14 ամբաստանյալ ու վերջիններիս պաշտպանները, և դատավարության նման թվով մասնակիցներին մեկ տեղում հավաքել չի ստացվում:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Արման Հովհաննիսյանի, այսօր ստիպված եղավ պաշտպաններից մեկի բացակայության պատճառով հետաձգել դեռևս մեկ ամիս առաջ այս գործով նշանակված դատական նիստը:
Երեք ամսվա ընթացքում այս գործով արդեն 7 դատական նիստ է նշանակվել, սակայն դատարանը դեռ գործի նախապատրաստման փուլում է, հասցրել է ճշտել միայն ամբաստանյալների ինքնություններն ու քննարկել կալանքի տակ գտնվող միակ ամբաստանյալ Մարինե Պապյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը: Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին կայացած նիստին դատարանը որոշել էր Պապյանին 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել:
Այսօր դատավոր Արման Հովհաննիսյանը նշեց, որ գործով դատական նիստերից և ոչ մեկը դատարանի «մեղքով» չեն հետաձգվել ու պաշտպաններին հորդորեց փորձել իրենց աշխատանքն այնպես կազմակերպել, որ նիստերն այլևս մեկ կամ մի քանի պաշտպանի բացակայության պատճառով չհետաձգվեն:
Նշենք, որ նախքան նիստը հետաձգելը գործով ամբաստանյալներից երկուսը՝ Տիգրան Սուքիասյանը և Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, դատարանին խնդրեցին իրենց թույլատրել որոշակի ժամանակահատվածով բացակայել Հայաստանից: Այս ամբաստանյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված ստորագրությունը, և առանց վարույթ իրականացնող մարմնի թույլտվության երկրից բացակայել չեն կարող: Դատարանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանի միջնորդությունը քննության առնելով, որոշեց բավարարել այն, իսկ Տիգրան Սուքիասյանի հարցով որոշում կկայացնի վերջինիս կողմից համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 28-ին:
Հիշեցնենք, որ ԵՄ դրամաշնորհային ծրագրերից հափշտակության վերաբերյալ քրեական գործով մեղադրյալների թիվը 19 է, սակայն այս պահի դրությամբ անջատված վարույթով դատարան է ուղարկվել 14-ի վերաբերյալ գործը: Հափշտակված ընդհանուր գումարը միայն անջատված մասով կազմում է 907 մլն 281 հազար ՀՀ դրամ:
«Դատալեքս» համակարգում մեղադրյալներին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ առկա տեղեկատվության համաձայն` Եվրամիության դրամաշնորհային ծրագրերի ղեկավար Մարինե Պապյանը մեղադրվում է այն բանի համար, որ ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ նախնական համաձայնության է եկել մեղադրյալներ Հրայր Գյոնջյանի և Տիգրան Սուքիասյանի հետ, իսկ վերջինս իր հերթին նախնական համաձայնություն է ձեռք բերել մեղադրյալներ Ռուբինա Տեր-Մարտիրոսյանի և Արմեն Բարեղամյանի հետ, ապա վերը նշված անձինք մեղադրյալ Գևորգ Ղազարյանի օժանդակությամբ, 2012-2013 թվականների ընթացքում կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու եղանակով խաբեությամբ հափշտակել են ուրիշի՝ առանձնապես խոշոր չափերի գումարը:
Գարիկ Չիլինգարյանն, ըստ մեղադրանքի, ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով` Տիգրան Սուքիասյանի, Հրայր Գյոնջյանի և Մարինե Պապյանի հետ 2009-2010 թվականներին մշակել և «Ներդրումների պաշտպանության հիմնադրամ»-ի, «Ինովացիոն հետազոտությունների և զարգացման կենտրոն», «Նորագույն տեխնոլոգիաներ հանուն մարդկային զարգացման», «Տարածաշրջանային վերլուծությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունների անունից ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակ են ներկայացրել իրականությանը չհամապատասխանող դրամաշնորհային ծրագրեր, որից հետո հափշտակել են հատկացված դրամաշնորհային ծրագրերի առանձնապես խոշոր չափերի գումարները:
Ալեքսանդր Պողոսյանն, ըստ մեղադրանքի, նախնական համաձայնության գալով Տիգրան Սուքիասյանի, իսկ վերջինիս միջոցով՝ նաև Մարինե Պապյանի և Հրայր Գյոնջյանի հետ, 2011 թվականի ընթացքում մշակել և ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակ է ներկայացրել «Վայոց Ձորի մարզի գյուղական համայնքներում աղքատության դեմ պայքար` կաթի վերամշակման ոլորտում գյուղատնտեսական ոլորտի ակտիվ և կայուն զարգացումը խթանելու և կաթ արտադրողների և վերամշակողների համար գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումներն ու ծառայությունները հասանելի դարձնելու միջոցով» անվանումով ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող դրամաշնորհային ծրագիր:
Այնուհետև Մարինե Պապյանը նախաձեռնել է ԵՄ պատվիրակության կողմից հայտարարված դրամաշնորհների տրամադրման մրցույթին ներկայացվող ծրագրի գաղափարի և բովանդակության մշակումը և դրա ընթացքի վերահսկումը:
Սերգեյ Բալասանյանն, ըստ մեղադրանքի, ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով Հրայր Գյոնջյանի, իսկ վերջինիս միջոցով՝ Մարինե Պապյանի հետ, Կարեն Ստեփանյանի օժանդակությամբ 2012 թվականի ընթացքում մշակել և ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակ է ներկայացրել «Պատանիների պաշտպանությունը համակարգչային աշխարհում» անվանումով ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող դրամաշնորհային ծրագիր:
Կարեն Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր գործողություններով, այն է՝ կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու միջոցով օժանդակել է Հրայր Գյոնջյանի և Սերգեյ Բալասանյանի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափի՝ 69 մլն 301 հազար դրամ հափշտակությանը:
Արմեն Միքայելյանը մեղադրվում է Տիգրան Սուքիասյանի, Հրայր Գյոնջյանի և Մարինե Պապյանի հետ նախնական համաձայնության գալով` 2013-2014 թվականների ընթացքում «Արժանապատիվ ծերություն՝ աջակցություն ծերերին իրավահավասար քաղաքացիներ և հասարակության լիիրավ անդամներ մնալու գործում» ԵՄ դրամաշնորհային ծրագրով հատկացված առանձնապես խոշոր չափի գումարների հափշտակության մեջ:
Մեղադրյալ Դինա Մանուկյանն, ըստ մեղադրանքի, նախնական համաձայնության գալով Գարիկ Չիլինգարյանի, Արմեն Բարեղամյանի, Գևորգ Ղազարյանի, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանի, Մարինե Պապյանի, Հրայր Գյոնջյանի և Տիգրան Սուքիասյանի հետ` 2009-2011 թվականների ընթացքում կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու եղանակով խաբեությամբ հափշտակել է ուրիշի՝ առանձնապես խոշոր չափերի 59 մլն 054 հազար 657 դրամ:
Արման Մկրտչյանը մեղադրվում է կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու միջոցով Մարինե Պապյանին, Հրայր Գյոնջյանին, Տիգրան Սուքիասյանին և Գարիկ Չիլինգարյանին 42 մլն 838 հազար 614 դրամի հափշտակությանն օժանդակելու մեջ:
Անահիտ Ավագյանն, ըստ մեղադրանքի, նույն անձանց կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու միջոցով օժանդակել է 22 մլն 770 հազար դրամ հափշտակության հարցում:
Նելլի Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ, Մարինե Պապյանի օժանդակությամբ 2012-2016 թվականների ընթացքում հափշտակել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի կողմից դրամաշնորհային ծրագրերով հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարներ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել