HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ՄԻԵԴ-ը գերհարստացված ուրանի գործով Հայաստանի դեմ վճիռ է կայացրել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Վրաստանում հայտնաբերված գերհարստացված ուրանի գործով Հայաստանի դեմ վճիռ՝ կառավարությանը պարտավորեցնելով քաղաքացի Գարիկ Դադայանին վճարել 3400 եվրո փոխհատուցում: Ըստ ՄԻԵԴ վճռի՝ խախտվել է Դադայանի արդար դատաքննության իրավունքը:

Նշենք, որ 1954 թվականին ծնված Գարիկ Դադայանը 2011 թվականի մայիսի 25-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է գերհարստացված ուրանի մաքսանենգության առթիվ քննվող գործի շրջանակներում:

Դատավճռով դատարանը հաստատված է համարել, որ Գարիկ Հմայակի Դադայանը, նախնական համաձայնության գալով ՀՀ քաղաքացիներ ֆիզիկոս Հրանտ Օհանյանի և գործարար Սմբատ Տոնոյանի հետ, 2010թ. մարտի 10-ին Մոսկվա-Երևան չվերթով վերադարձել է Երևան և նույն օրը Հրանտ Օհանյանին տրամադրել ապօրինի ձեռք բերված՝ ծխախոտի տուփի մեջ տեղադրված 17 գրամ կշռով գերհարստացված ուրան ռադիոակտիվ նյութ, որից հետո Օհանյանը Սմբատ Տոնոյանի հետ 2010թ. մարտի 11-ին ռադիոակտիվ նյութը Հայաստանի մաքսային սահմանով մաքսանենգ ճանապարհով տեղափոխել են Վրաստանի Թբիլիսի քաղաք ու նույն օրը փորձել իրացնել այն, սակայն հայտնաբերվել են Վրաստանի Հանրապետության իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից:

Տավուշի մարզի ընդհանուր դատարանում քննվել է միայն Գարիկ Դադայանի վերաբերյալ քրեական գործը, իսկ Հրանտ Օհանյանի և Սմբատ Տոնոյանի վերաբերյալ գործը քննվել է Վրաստանում: Վերջիններս դատապարտվել են համապատասխանաբար 14 և 13 տարվա ազատազրկման:

Գարիկ Դադայանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, թե՛ նախաքննության ընթացքում, թե՛ դատարանում զրկված է եղել իր դեմ ցուցմունք տված անձանց հակընդդեմ հարցման իրավունքից:

Խոսքը Վրաստանում դատապարտված Սմբատ Տոնոյանի և Հրանտ Օհանյանի մասին է. վերջիններս, փաստաբան Կարեն Սարդարյանի խոսքով, Դադայանի դեմ ցուցմունքներ են տվել, որոնք դրվել են նրա մեղադրանքի հիմքում: Ըստ Սարդարյանի՝ թե՛ նախաքննության ընթացքում, թե՛ դատարանում իրենք պահանջել են, որպեսզի ապահովվի Գարիկ Դադայանի կոնֆրոնտացիայի կամ հակընդդեմ հարցման իրավունքն ու միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի Դադայանը հնարավորություն ունենա հարցեր ուղղել Տոնոյանին ու Օհանյանին, սակայն ամբաստանյալի այդ իրավունքը չի ապահովվել:

ՄԻԵԴ-ը գործը վարույթ է ընդունել հենց վերը նշված հիմքով:

Նշենք, որ Դադայանը նախկինում ևս մեկ անգամ դատապարտվել է գերհարստացված ուրանի մաքսանենգության հոդվածով: Այս պահին արդեն գտնվում է ազատության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter