
Հովիկ Աբրահամյան. «ՀՔԾ-ում ինձ անհիմն մեղադրանք առաջադրեցին»
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ իրեն մեղադրանք է առաջադրվել: Նախկին վարչապետը գրել է, որ Հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել որպես վկա, ապա նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել։
«ՀՔԾ-ում ինչ-որ շինծու քրեական գործով ինձ նախ հարցաքննեցին որպես վկա, ապա դրանից անմիջապես հետո անհիմն մեղադրանք առաջադրեցին և ստորագրություն վերցրեցին՝ երկրից չհեռանալու մասին: Զավեշտալի է, երբ ոչ ականջահաճո հարցազրույցից հետո մարդուն հրավիրում են ՀՔԾ, ակնհայտ կեղծ մեղադրանք առաջադրում՝ նպատակ ունենալով լռեցնել ցանկացած այլակարծություն »,-գրված է գրառման մեջ։
Հովիկ Աբրահամյանը ՀՔԾ-ի գործողությունները որակել է որպես փաստերի շղաթայական խեղաթյուրում, որի թիրախը եղել է ինքը։
ՀՔԾ-ն դեռևս չի հաստատում՝ նախկին վարչապետին մեղադրանք առաջադրվե՞լ է, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն օգոստոսի 29-ին հաղորդագրություն տարածեց, ըստ որի` «Ավազահատիկ» ՍՊԸ-ի տնօրենի ներկայացրած հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է, որ 2008 թ.-ին բարձրաստիճան պաշտոնատար անձինք պահանջել են ընկերության բաժնեմասերի 60%-ը, ընդ որում, պահանջվել է այն ձեւակերպել երկու տարբեր անձանց անունով՝ յուրաքանչյուրին 30%:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանցից նշվել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու նրա եղբոր՝ Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանի, նախկին ոստիկանապետ, ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանի անունները։
Մեկ այլ գործով օգոստոսի 8-ին ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գեւորգյանի անվամբ ձևակերպված՝ Արարատի մարզի Մխչյան համայնքի նախկին մեխանիկավերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:
ԱԱԾ-ի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել էր Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը, ապա դատարանի որոշմամբ կալանավորվել։
Մեկնաբանել