
Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում առաջադրվել է Կարեն Կարապետյանի թեկնածությունը
Խորհրդարանում այսօր ներկայացվեց Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հայտարարեց, որ Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ներկայացվել է Կարեն Կարապետյանի թեկնածությունը:
«Կարեն Կարապետյանը Վերահսկիչ պալատում աշխատանքի մեծ փորձ ունի, և այդ փորձը թույլ կտա նոր պաշտոնում լիիրավ ներդնել իր կարողությունները: Նա պետական մարմիներում ևս աշխատանքային փորձ ունի»,- ասաց Գագիկ Մինասյանը:
Կարեն Կարապետյանի թեկնածությունն առաջադրել է ՀՀԿ խմբակցությունը, այլ խմբակցություններ թեկնածուներ չեն առաջադրել:
Տեղեկացնենք, որ Կարեն Կարապետյանը 2000-2001 թվականներին աշխատել է խորհրդարանում, 2001-2004 թվականներին Ջրային տնտեսության պետական կոմիտեում, 2004 թվականից աշխատել է Վերահսկիչ պալատում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, 2016-17 թվականներին աշխատել է Հայկական ատոմային էլեկտրակայան ՓԲԸ-ում:
ԱԺ Հաշվեքննիչ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը տեղեկացրեց, որ քվեարկությունը լինելու է վաղը՝ ժամը 11.00-ին՝ խորհրդարանի նիստերի դահլիճի հարակից դահլիճում, փակ-գաղտնի ընթացակարգով:
Մեկնաբանել