HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

5 տարի հետո Գյանջիրով Հովհանյանի սպանության գործում ամբաստանյալ է ներգրավվել

Արարատում 65-ամյա Գյանջիրով Հովհանյանի մահվան մոտ 5 տարի վաղեմության գործն անցել է քննության 3-րդ շրջան: Գործը քննվում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդիի նստավայրում: Մինչ օրս, սակայն, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուիզա Հարությունյանը չի ստացել քրեական գործի նյութերը:

Այսօրվա նիստին վկաներ Ամալյան Իգնաթևոսյան, Վազգեն Կարապետյան, Ալբերտ Հարությունյանը չեն ներկայացել դատարան: Տուժողի իրավահաջորդի պնդմամբ՝ հաջորդ նիստին միջնորդություն կներկայացնեն դատարան՝ նրանց բերման ենթարկելու համար: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդը՝ Գայանե Հովհանյանը:

Գայանեն նշեց, որ քրեական գործում արդեն 3-րդ շրջափուլում մեղադրանք է առաջադրվել եղբայրներից միայն Նարեկ Ավետիսյանի նկատմամբ: «Հինգ տարի հետո մեղադրանք է առաջադրվել, որը հանցագործության հետ կապ չունի, քանի որ կատարվածը դիտավորյալ սպանություն է, իսկ առաջադրվել է ինքնասպանության հասցնելը՝ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 2-րդ մասով, մինչդեռ պիտի կիրառվեր 104-ի 2-րդ մասով»:

Նախորդ անգամ տուժողի իրավահաջորդը գործի քննությունը դուրս էր բերել Արարատի մարզից՝ պնդելով, որ Արարատում չի կարող իրականացվել օբյեկտիվ, լրիվ ու բազմակողմանի քննություն, քանի որ առաջին անգամ քննվել ու կարճվել էր հենց Արարատի մարզի քննչական վարչությունում:  

Վերաքննիչ քրեական դատարանը Գայանե Հովհանյանի կողմից բերված բողոքը բավարարելու շնորհիվ բեկանել էր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցվել էր վերացնել որոշմամբ արձանագրված իրավունքների խախտումները:

Հիշեցնենք՝ 2013թ. հունիսի 26-ին 65-ամյա Գյանջիրով Հովհանյանի դին գտնվել է Արարատ քաղաքից 3 կմ հեռու մասնավոր այգում՝ ծառից կախված վիճակում՝ բռնության հետքերով: Մահացածի դուստրը համոզված է, որ հայրը ոչ թե ինքնասպան է եղել, կամ նրան հասցրել, դրդել կամ հակել են ինքնասպանության, այլ տեղի ունեցածը սպանություն է:

Այսօրվա դատական նիստը հետաձգվել է, քանի որ ամբաստանյալը գրություն է ուղարկել դատարան, որ գտնվում է հետվիրահատական շրջանում: Գայանեն պնդում է, որ այսօրվա նիստին, թեև ամբաստանյալ Նարեկ Ավետիսյանը չի ներկայացել, սակայն չի եղել դատարանի համապատասխան որոշում:

«Նարեկ Ավետիսյանը դատարան միջնորդություն է ներկայացրել, ըստ որի՝ պետք է լքի երկրի տարածքը, սակայն դատարանը քննությունը հետաձգեց՝ հուշելով, որ ներկայացնի համապատասխան բժշկական փաստաթղթեր: Որևէ որոշում չի եղել, այնուամենայնիվ գնացել է Թուրիքա»,- ասում է Գայանեն:

Հաջորդ նիստը դատարանը նշանակել է հոկտեմբերի 16-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter