HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

«Ամերիաբանկ»-ը պարզաբանում է, թե ինչ կապ է ունեցել Վլադիմիր Գասպարյանի առանձնատան գործարքին

«Ամերիաբանկ» ընկերությունը «Հետք»-ին պարզաբանում է տրամադրել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան ձեռքբերման գործարքին բանկի ունեցած առնչության վերաբերյալ:

«Հետք»ը օգոստոսի 13-ին ներկայացրել էր, թե ինչպես է Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ տեղակայված առանձնատունը զանազան գործարքների և սխեմաների արդյունքում Գասպարյանը ձեռք բերել մոտ 200 հազար դոլարով

Բանկի պարզաբանման մեջ մասնավորապես ասված է. «Սույնով տեղեկացնում ենք, որ ձեր ինտերնետային կայքում 13.08.2018թ.-ին հրապարակված «Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել է 3 մլն դոլարանոց առանձնատան տեր» հոդվածում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին վերագրվող փաստերի մասով առկա են մի շարք անճշտություններ, որոնք կարող են սխալ կարծիք ձևավորել ընթերցողի մոտ, մասնավորապես տպավորություն կարող է ձևավորվել առ այն, որ բանկը իրականացրել է օրենքից դուրս որոշակի գործողություններ, մինչդեռ մեկ անգամ ևս ցանկանում ենք հայտարարել, որ Բանկի գործունեությունը ներկայացվածի մասով եղել է բացառապես օրինականության շրջանակներում:

Հոդվածում ներկայացվում է, որ «Բանկը 2015թ.-ին գաղտնի և ապօրինի աճուրդ է անցկացրել». նշված փաստը պարունակում է կեղծիք և միտումնավոր ներկայացնում է բանկին որպես անօրինական գործարքի մասնակից: Ներկայացված տեղեկատվությունը որևէ աղերս չունի իրականության հետ, քանի որ ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն համայնք, Վրթ. Փափազյան փողոց, թիվ 2/7 հասցեում գտնվող գույքի արտադատական բռնագանձման գործընթացի վերաբերյալ, ի թիվս այլոց, տեղեկացված է եղել նաև Աղասի Դանիելյանը՝ ով պատշաճ կարգով ստացել է բանկի կողմից ներկայացված բռնագանձման ծանուցումը /կից ներկայացվում է ծանուցման ստացման փաստը հաստատող անդորրագիրը/:

Գույքի աճուրդն իրականացվել է հրապարակային սակարկությունների/աճուրդային/ կարգով` հոլանդական եղանակով, որը կազմակերպվել է «Ֆլորես աճուրդի տուն» ՍՊԸ-ի կողմից՝ «Ակսոն» ԱՀ Բորսայի հարթակում, իսկ աճուրդի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակային ծանուցման եղանակով ներկայացված է եղել ինչպես Azdarar.am կայքում, այնպես էլ հրապարակվել է 30.04.2015թ.-ի Հայաստանի Հանրապետություն օրաթերթում:

Հոդվածում ներկայացվում է, որ «Առանձնատունը, մի քանի անգամ չվաճառվելով, էժանացել է, և ընդամենը 100 մլն դրամով վաճառվել է»: Նշվածի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ աճուրդը կազմակերպվել է հոլանդական /գնի նվազեցման/ եղանակով: Հոլանդական աճուրդի դեպքում աճուրդավարի կողմից մեկնարկային գինն իջեցվում է այնքան, մինչև մասնակիցներից որևէ մեկը, բարձրացնելով իր մասնակցի վկայականի համարին համապատասխանող քարտը, տալիս է իր համաձայնությունը հայտարարված գնով լոտը ձեռք բերելու մասին և աճուրդավարի կողմից անմիջապես համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Տվյալ դեպքում «Ֆլորես աճուրդի տուն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հրապարակային ծանուցման համաձայն՝ հոլանդական եղանակով աճուրդը իրականացվել է 18.05.2015թ.-ին, ժամը 12:00-ից սկսած յուրաքանչյուր աշխատանքային օր մինչև աճուրդի մասնակիցը բարձրացրել է քարտը և ճանաչվել է հաղթող, ինչից հետևում է, որ առանձնատան գնի իջեցումը կատարվել է թափանցիկ և օրինական:

Հոդվածում ներկայացվում է, որ «Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նրա հայցը, սակայն հետագայում վերաքննիչ դատարանը բեկանել է այն, իսկ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել բողոքը: Գրեթե նույն ճակատագրին է արժանացել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի վճիռը: Դանիելյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել»:

Նշվածի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ ինչպես Աղասի Դանիելյանն է նշում ՀՀ վճռաբեկ դատարանը երկու դեպքերում վճռաբեկ բողոքները վարույթ չի ընդունել, հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը բողոքի քննություն չի իրականացրել, և որևէ կերպ շահերի բախման խնդիր չի առաջացել, մասնավորապես համաձայն Datalex.am տեղեկատվական կայքի Աղասի Դանիելյանի կողմից թիվ ԵԱՔԴ/0070/02/15 քաղաքացիական գործով ներկայացված վճռաբեկ բողոքը բերվել է օրենքով սահմանված վճռաբեկ բողոք բերելու ժամկետի ավարտից հետո և չի ներկայացվել միջնորդություն՝ վճռաբեկ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու և ժամկետը վերականգնելու մասին, իսկ թիվ ԵԿԴ/0167/02/16 քաղաքացիական գործով ներկայացված վճռաբեկ բողոքի ընդունումը մերժվել է, քանի որ վճռաբեկ դատարանը գտել է, որ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն ՀՀ քաղաքացիական դատավարության 234-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով բողոքը քննության ընդունելու հետևության հանգելու համար:

Ավելին, նշված գործերով տարբեր դատարանների կողմից իրականացվող դատական քննության որևէ փուլում Աղասի Դանիելյանի կողմից որևէ բացարկ չի հայտնվել որևէ դատավորի` շահերի բախման առկայության մասով, ինչը ևս մեկ անգամ վկայում է ներկայացված եզրահանգումների անհիմն լինելու մասին»:

Խմբ. կողմից - Հաշվի առնելով այն, որ մեր հրապարակումից հետո հատուկ Քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել, մենք այս փուլում չենք անդրադառնա «Ամերիաբանկ»-ի տրամադրած պարզաբանման մեջ ներկայացված փաստերի արժանահավատության հարցին:

Մեկնաբանություններ (1)

Arsen
Ամերիան առաջին անգամ չէ, որ կասկածելի գործարքների մեջ է մեղադրվում։ Այդ բանկը լուրջ ուշադրության կարիք ունի, դեռ այնքա~ն բացահայտումներ կլինեն...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter