HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանական քննիչ հանձնաժողովն ուսումնասիրելու է հեռախոսային խոսակցությունների գաղտնիության ապահովումը

Խորհրդարանն արտահերթ նիստում ձևավորեց քննիչ հանձնաժողով, որն ուսումնասիրելու է արդար դատաքննության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանության հարցերը:

Հանձնաժողովը ստեղծվել է ՀՀԿ խմբակցության պատգամավորների նախաձեռնած ստորագրահավաքով՝ պատգամավորների առնվազն մեկ քառորդի՝ ԱԺ նախագահին ուղղված գրությամբ: Չնայած հանձնաժողովն արդեն իրավունքի ուժով ստեղծվել էր, սակայն պատգամավորներն ավելի քան մեկ ժամ քննարկեցին՝ հանձնաժողովի ստեղծումը սահմանադրական է, թե ոչ:

Հակասությունը հիմնականում ՀՀԿ և Ելք խմբակցությունների միջև էր: Հանձնաժողովի ստեղծման համար նախադեպ է դարձել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության տնօրենի հեռախոսային խոսակցության գաղնալսման փաստը: Հարցի հիմնական զեկուցողն էր ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Ըստ Կոստանյանի՝ նման հանձնաժողով ստեղծել են այն նպատակով, քանի որ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման դեպքից հետո յուրաքանչյուր քաղաքացու մոտ կարող է հարց առաջանալ, որ եթե ԱԱԾ տնօրենին գաղտնալսել են, ապա կարող են գաղտնալսել նաև իրեն: Կոստանյանը հիշեցրեց, որ հեռախոսային խոսակցությունների գաղտնիության ապահովումը երաշխավորված է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, և այդ ձայնագրության հրապարակումից հետո յուրաքանչյուր քաղաքացու մոտ կարող է հարց առաջանալ, թե արդյոք իր այդ իրավունքը ապահովվում է, թե ոչ:

Գևորգ Կոստանյանի համոզմամբ՝ հանձնաժողով ձևավորել են՝ քննարկելու ոչ թե կոնկրետ դեպքը, այլ խնդիրը գլոբալ առումով, թե արդյոք ՀՀ-ում երաշխավորված և պատշաճ ապահովվա՞ծ են արդար դատաքննություն իրականացնելու և հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքների ապահովումը՝ առանց քրեական գործի հանգամանքներին անդրադառնալու: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը զարմացավ, թե ինչպես ՀՀԿ խմբակցության իրավաբանները չեն նկատել ԱԺ կանոնակարգի այն հոդվածը, ըստ որի չեն կարող քննիչ հանձնաժողով ձևավորել, եթե այդ փաստի առթիվ նախաքննություն է ընթանում: Մարուքյանը հիշեցրեց, որ հեռախոսային խոսակցության գաղտնալսման վերաբերյալ երկու դեպքով քրեական գործ է հարուցվել, ուստի չի կարող հանձնաժողովը տվյալ դեպքը քննել: Կոստանյանը համաձայնեց Մարուքյանի դիտարկման հետ, որ կանոնակարգը նման սահմանափակում ունի՝ ասելով, որ հանձնաժողովը չի քննարկելու այն հարցերը, որոնց վերաբերյալ հարուցված քրեական գործեր կան:

«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն առարկեց՝ Գևորգ Կոստանյանն ինչ կերպ էլ մեկնաբանի, միևնույն է, դրանից էությունը չի փոխվելու, իրենք դեմ են հակասահմանադրական հանձնաժողովին, քանի որ երկու քրեական գործ է հարուցվել ձայնագրության փաստով: Ըստ Սիմոնյանի, եթե Կոստանյանի ուսանողը նման պատասխան տար, ինչպես ինքը այսօր, ապա հավանաբար Կոստանյանը երկու կնշանակեր վերջինիս: Կոստանյանը հակադարձեց՝ դժբախտաբար չի դասավանդել Սիմոնյանին, այլապես վերջինս քրեական իրավունքը և ԱԺ կանոնագիրքը նման կերպ չէր մեկնաբանի:

Կոստանյանը նորից հիշեցրեց՝ հարուցված քրեական գործերին չեն անդրադառնալու, առհասարակ ուսումնասիրելու են այն հարցը, թե ՀՀ-ում հեռախոսային խոսակցությունների և նամակագրությունների գաղտնիության իրավունքը ապահովված է, թե ոչ: Ալեն Սիմոնյանն արձագանքեց՝ եթե լիներ Գևորգ Կոստանյանի ուսանողը, դասերին չէր գնա և մեխանիկորեն կստանար քննությունները:

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հիշեցրեց, որ պաշտոնական լիազորությունների հնարավոր խախտման դեպքով գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել երեկ ուշ երեկոյան՝ «կանխելու խորհրդարանի կողմից իր սահմանադրական իրավունքն իրացնելը»:

«Ինչի՞ց եք վախենում, երբ նիստից մի օր շուտ գործ եք հարուցում, հերիք չէ՞ էդ մակարոնեղենը կախեք մարդկանց ականջներից»,- ասաց նա:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ներկայացրեց խմբակցության դիրքորոշումը՝ ասելով, որ ձայնագրության փաստի առթիվ նախաքննություն է ընթանում, հարուցված է քրեական գործ երկու հոդվածով, ուստի ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի նման հանձնաժողով չի կարող լինել:

ԱԺ փոխխոսնակ, Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ «Ելք»-ի որոշ գործընկերներ իրավաբանությանը չեն տիրապետում «դասի չգնալով ու մեխանիկորեն ստանալով», ապա հավելեց՝ չեն քննարկելու հանձնաժողով պետք է ստեղծել, թե ոչ, քանի որ անհրաժեշտ ստորագրությունները հավաքելուց հետո այն արդեն իսկ ստեղծվել է, իրենք այժմ պետք է քննարկեն հանձնաժողովի անդամների թիվը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը չհամաձայնեց Արմեն Աշոտյանի այն դիտարկման հետ, որ դատախազությունը քրեական գործ է հարուցել, որպեսզի կանխի հանձնաժողով ձևավորելը, քանի որ քննիչ հանձնաժողովի գործունեության արդյունքում որևէ մեկը չի կարող պատասխանատվության ենթարկվել, իսկ դատախազության գործունեության արդյունքում` կարող է: Պատգամավորի համոզմամբ՝ հանձնաժողով կարող էր ստեղծվել միայն այն դեպքում, եթե քրեական գործ հարուցված չլիներ, կամ կարճված լիներ: Ըստ Մարուքյանի՝ հանձնաժողովը դատապարտված է «պարապ» լինել, քանի որ որոշվելու է հանձնաժողով հրավիրվել մարդկանց, որոնք նախաքննությանն առնչվում են: Արփինե Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ Էդմոն Մարուքյանն իշխանությունների նախնական տրամադրվածությունը չի հայտնում հանձնաժողովի գործունեության վերաբերյալ, նաև հավելեց, որ արդարադատության իրականացման խոչընդոտման փաստով քրեական գործ չի հարուցվել: Պատգամավորը զարմացավ Մարուքյանի կանխակալ վերաբերմունքից հանձնաժողովի գործունեության վերաբերյալ, թե օրինակ ինչու դատավորը, ում անունը տրվում է գաղտնալսված խոսակցության մեջ, համաձայնում է հարցազրույց տալ, սակայն հրաժարվելու է գալ հանձնաժողովում խոսելուց:

Հիմնական զեկուցող Գևորգ Կոստանյանը կրկին հիշեցրեց, որ հանձնաժողովը ստեղծվել է հասկանալու համար` արդյոք յուրաքանչյուր քաղաքացի կարող է ստանալ այն հարցի պատասխանը, որ իրեն գաղտնալսում են, թե ոչ, ապա հստակեցրեց՝ հարուցված քրեական գործերի փաստով քննարկում չեն անելու: Կոստանյանի համոզմամբ՝ երկրի համար վտանգավոր իրավիճակ է, քանի որ եթե ԱԱԾ տնօրենին գաղտնալսում են, ապա ցանկացածին կարող են գաղտնալսել:

ՀՀԿ-ականների և Ելք-ականների բանավեճին միջամտեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ նկատելով, որ կարծես թե խնդիր է դրված, որ հաղթի Ելք-ի կամ ՀՀԿ-ի առաջարկությունը: Պատգամավորը կոչ արեց խորհրդարանին բանավեճն ավարտել և մտահոգություն ունեցող պատգամավորներին ընդգրկվել հանձնաժողովում, որպեսզի արգելեն այն հարցերի քննարկումը, որը Սահմանադրությամբ ու ԱԺ կանոնակարգ-օրենքով արգելված է:

Ի վերջո հանձնաժողովի անդամների քանակը որոշելու հարցը դրվեց քվեարկության, և ընդունվեց 47 կողմ, 14 դեմ ձայների հարաբերակցությամբ: Հանձնաժողովում կլինի 5 անդամ ՀՀԿ խմբակցությունից 3 անդամ՝ Ծառուկյան դաշինքից, 2  անդամ Ելքից և 1 պատգամավոր ՀՅԴ-ից:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter