HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Սասնա ծռերի» գործով նիստը մեկ ամսվա ընդմիջումից հետո երեք շաբաթով հետաձգվեց

2016թ. հուլիսին ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի գործով դատական նիստն այսօր մեկ ամսվա ընդմիջումից հետո վերսկսվեց, սակայն նիստին չէր ներկայացել փաստաբան Տիգրան Եգորյանը։ Նա դատարան գրություն էր ուղարկել, ըստ որի՝ իր պաշտպանյալ Արամ Հակոբյանը չի կարող ներկայանալ դատական նիստին, քանի որ դեռեւս գտնվում է «Գյումրի բժշկական կենտրոնում» եւ շարունակում բուժումը։ Դատական նիստին ուշացումով ներկայացավ խմբի անդամ, ամբաստանյալ Գեւորգ Իրիցյանը: Դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանի միջնորդությունը, ըստ որի՝ դատարանին խնդրում էր թույլատրել իր պաշտպանյալին այցելել Վրաստանի Հանրապետություն՝ տեսակցելու վատառողջ մորը։

Նիստին ներկա չէր նաեւ հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը, իսկ ամբաստանյալներից Թաթուլ Թամրազյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ հրաժարվում է փաստաբանների, նաեւ` հանրային պաշտպանի ծառայությունից։ Դատավոր Արշակ Վարդանյանը հայտնեց, որ դատավարության կարգի համաձայն ամբաստանյալները պետք է ունենան կամ փաստաբան, կամ՝ հանրային պաշտպան։ Իսկ քանի որ այսօրվա նիստին փաստաբանների մի մասը ներկա չէր, բացակա էր նաեւ ամբաստանյալ Արամ Հակոբյանը, նիստը հետաձգվեց։

Դատավորը հաջորդ նիստի օր նշանակեց հոկտեմբերի 5-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter