HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Startup Boost Weekend՝ գաղափարից մինչև նոր ստարտափ թիմի կազմավորում 54 ժամվա ընթացքում

Startup Boost Weekend-ը 54-ժամյա միջոցառում է, որի շրջանակում ուսանողներն ունեն իրենց ստարտափ գաղափարները հստակեցնելու, թիմեր ձեւավորելու, փորձառու մենթորների օգնությամբ կարևոր փոփոխություններ կատարելու, ձեռներեցների փորձառությանը ծանոթանալու և արդյունքում նոր ստարտափ գաղափարով ներկայանալու հնարավորություն։

Startup Boost Weekend 2018-ն իրականացվում է Catalyst հիմնադրամի եւ EPIC AUA-ի համագործակցությամբ՝ Եվրոպական միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի շրջանակում։


ՀՀ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը՝ ողջույնի խոսք ասելիս

EPIC-ի՝ ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի գործառնական մենեջեր Արամ Քեռյանը նշում է, որ Startup Boost Weekend առաջին անգամ կազմակերպվել է 2017 թվականին Հայ-ոուսական (Սլավոնական) համալսարանի և Հայաստանի Ամերիկյան համալսարանի համագործակցությամբ. «Այս տարի որպես գործընկեր համալսարաններին միացել են նաև Երևանի պետական համալսարանն ու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, սակայն միջոցառումը բաց է ոչ միայն այս չորս համալսարանների, այլև մնացած բոլոր համալսարանների ուսանողների համար։ Այս տարի մասնակցության համար դիմել է 120 ուսանող՝ Հայաստանի տարբեր մարզերից։ Միջոցառումը նախատեսված է այն ուսանողների համար, որոնք ունեն ստարտափ գաղափար, բայց չգիտեն՝ որտեղից, ինչպես ու ինչ թիմով սկսել։ 3 օրվա ընթացքում՝ շատ խիտ գրաֆիկի ու հագեցած առօրյայի շնորհիվ ուսանողները պատկերացում են կազմում ձեռներեցության ու ստարտափ հիմնադիրներին սպասվող մարտահրավերների մասին»,- ասում է Արամը։

Հարկ է նշել նաև, որ ուսանողները միջոցառման մասնակցության հայտերն ուղարկել են  Breedge հարթակի միջոցով։ Breedge-ը հայկական ստարտափ է, որի թիմը ձևավորվել է առաջին Startup Boost Weekend-ի շրջանակում։ Ստարտափի համահիմնադիր Լիանա Հակոբյանի խոսքերով՝ մեկ օրում համախմբվել են ու երրորդ կուրսի հինգ ուսանողներով առաջարկել մի գաղափար, որի կարիքը զգում էին և՛ ծրագրի մենթորները, և՛ իրենք՝ ուսանողները։ Արդյունքում՝ Breedge-ը դարձել է առաջին Startup Boost Weekend-ի հաղթողն ու ստացել իր բիզնես մոդելն EPIC ինկուբատորում զարգացնելու հնարավորություն։ Breedge-ը վերջերս մասնակցել է նաեւ Imagine Cup US World Finals 2018 միջազգային մրցույթին, իսկ հիմա արդեն, որպես գործընկեր, մասնակցություն ունի երկրորդ Startup Boost Weekend-ի կազմակերպչական հարցերում։

Միջոցառման առաջին օրը ուսանողներից յուրաքանչյուրն աշխատել է իր ստարտափ գաղափարի շուրջ, և բոլոր նրանք, ովքեր կարողացել են հստակեցնել իրենց գաղափարները, օրվա վերջում դրանք ներկայացրել են մյուս ուսանողներին։ Կարճ ներկայացումներից հետո յուրաքանչյուրը հնարավորություն է ունեցել քվեարկել 4 գաղափարի օգտին։ Քվեարկության հիման վրա ընտրվել է 14 գաղափար, որոնց շուրջ էլ ձևավորվել են թիմերը։ Երկրորդ օրը թիմերը զարգացրել են իրենց բիզնես մոդելը, անցկացրել հարցազրույցներ հավանական հաճախորդների հետ, ձևավորել հնարավոր նախատիպերն ու աշխատել pitch deck-երի ստեղծման շուրջ։ Այդ օրը թիմերի հետ են եղել նաեւ ծրագրի ավելի քան 25 մենթորները, որոնք իրենց խորհուրդներով մասնակիցներին օգնել են ավելի ճիշտ որոշումներ կայացնել ու ուշադրություն դարձնել բոլոր դետալներին, որոնք գործնական փուլերում շատ կարևոր են։ «Նմանատիպ միջոցառումներ աշխարհում կազմակերպվում են տարբեր ձևաչափերով, բայց նման բան առաջին անգամ է, երբ մեծ թվով ստարտափների հիմնադիրներ, որոնք ինչ-որ կարևոր ճանապարհ են անցել, մեկ ամբողջ օր անցկացնում են ուսանողների հետ, տալիս խորհուրդներ, փորձում օգնել գաղափարն ավելի ուժեղ դարձնելու եւ հաջողակ ստարտափ հիմնելու հարցում։ Սա շատ կարևոր է, որովհետև այս նոր սերունդն արդեն մշակույթ է փոխելու, ու այս միջոցառումն էլ հենց միտված է միավորելու Հայաստանի համալսարաններին՝ առողջ ձեռներեցություն «սերմանելու» և զարգացնելու հարցում»,- նշում է Catalyst հիմնադրամի համահիմնադիր Համբարձում Քաղկեցյանը։

Միջոցառման երրորդ օրը թիմերը ժյուրիին ներկայացրին իրենց ստարտափ գաղափարները՝ ունենալով 5 րոպե ներկայացման և ևս 5 րոպե՝ ժյուրիի հարցերին պատասխանելու համար։ Արդյունքում ժյուրին ընտրեց հաղթող թիմերին։

Առաջին տեղում Renderchain էր, որը ստացավ EPIC  ծրագրին մասնակցելու հնարավորություն, կարևոր ու հետաքրքիր գրքերի փաթեթ և 600 եվրո դրամաշնորհ։

Renderchain-ի երկու համահիմնադիրները Հայաստանի Ամերիկյան համալսարանի չորրորդ կուրսի ուսանողներ են։ «Տարբեր մոդելավորումներ, լույսեր, տեքստուրաներ, որոնք տեսնում եք ֆիլմերում, իրականում երկար ժամերի ռենդրինգի պահանջ ունեն։ Դա, բնակաբար, շատ ծախսատար է ինչպես տարբեր հայկական ընկերությունների, այնպես էլ հոլիվուդյան կազմակերպությունների ու անհատների համար։ Ի՞նչ ենք անում մենք։ Ամբողջ աշխարհով մեկ վերցնում ենք բազմաթիվ համակարգիչներ, վարձատրում մարդկանց նրանց համակարգիչների կատարած աշխատանքի համար ու դրանց միջոցով իրականացնում, օրինակ, ինչ-որ հոլիվուդյան ընկերության պատվեր։ Այսինքն՝ դառնում ենք երկու կողմերի միջեւ միջնորդ։ Այն, ինչ անում ենք, ունի մեծ պահանջարկ, որովհետեւ օրեցօր մեծանում է կազմակերպությունների՝ որակի նկատմամբ պահանջները»,- ներկայացնում է համահիմնադիր Արման Սարգսյանը։

Երկրորդ տեղում Creatr թիմն էր, որը ստացավ ինչպես գրքերի փաթեթ, այնպես էլ 400 եվրո դրամաշնորհ։ Երրորդ տեղում  IOC թիմն էր, որը ստացավ գրքերի փաթեթ։

Հիմնական մրցանակներից բացի՝ միջոցառման գործընկերներն ունեին իրենց հատուկ մրցանակները տարբեր թիմերի համար։ Startup Wise Guys-ը առաջին երեք մրցանակակիրների համար նախատեսել է իրենց առցանց նախաաքսելերացիոն ծրագիրն անցնելու հնարավորություն, Quest Tour ստարտափն առաջին մրցանակակրին տվեց իրենց խաղի միջոցով Հայաստանը բացահայտելու հնարավորություն։ Founder Institute-ը Food.net թիմին հնարավորություն տվեց անվճար մասնակցել իրենց աքսելերացիոն ծրագրին, իսկ Hero House-ը Musprod թիմին առաջարկեց ոչ միայն միանալ YԼedger-ին, այլև մեկ ամիս աշխատել Hero House-ի տարածքում։

Ժյուրիի անդամները միջոցառումը հաջողված համարեցին, որովհետև գաղափարները մրցունակ էին, ու անկախ արդյունքներից՝ Startup Boost Weekend-ը նպաստեց նոր թիմերի ձևավորմանն ու ինչ-որ գաղափարի շուրջ համախմբանը։

Լուսանկարները՝ Աշոտ Ղազարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter