HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր դատախազի տեղակալները հանդիպել են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միատովիչին

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ դատախազությունում կայացել է հանդիպում Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի գլխավորած պատվիրակության հետ, որին հայկական կողմից մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Արմեն Հարությունյանը, Հայկ Ասլանյանը և Դավիթ Մելքոնյանը:

Քննարկվել են Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերին առնչվող քրեական գործերով իրականացվող քննությունների օրինականության նկատմամբ դատախազական հսկողության և ներգործության միջոցների արդյունավետությանը, կանանց և խոցելի այլ խմբերի քրեաիրավական պաշտպանության իրավիճակին, կառուցակարգերին առնչվող հացրեր:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը ներկայացրել է ընտանեկան բռնությունների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կատարված և այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունները, որոնցով անկախ տուժողի կողմից բողոք ներկայացնելուց` ընտանիքում բռնության հանցագործության դեպքերում դատախազին տրվել է իրավասություն հարուցելու քրեական գործ, եթե անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը: Բացի այդ, շեշտվել է, որ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ մշակվել և ներկայումս լայնորեն գործադրվում են ընտանեկան բռնության հանցագործությունների հատկանիշների գնահատման և քրեական գործ հարուցելու հիմքերի պարզման չափորոշիչներ, ինչն էապես նպաստում է նման դեպքերով քննությունների որակի և արդյունավետության բարձրացմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի առթիվ քննվող քրեական գործի և ՀՀ ՀՔԾ պետի և ՀՀ ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործերի շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանության խնդրին:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանն նշել է, որ 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի առթիվ քննվող քրեական գործով որպես մեղադրյալներ են ներգրավվել նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ներկայումս իրականացվում է ակտիվ նախաքննություն՝ այդ դեպքերի բոլոր հանգամանքների լրիվ օբյեկտիվ և բազմակողմանի բացահայտման նպատակով: Նախաքննության օրինականության նկատմամբ իրականացվում է պատշաճ դատախազական հսկողություն, ինչի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստեղծվել է դատախազական խումբ:

Անդրադառանլով ՀՀ ՀՔԾ պետի և ՀՀ ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի գաղտնալսմանը և հրապարակմանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ավելացրեց, որ հարուցվել է երկու քրեական գործ, և  ներկայումս իրականացվում է նախաքննություն ինչպես առերևույթ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու հանգամանքների բացահայտման,  այնպես էլ պաշտոնատար անձանց կողմից հնարավոր պաշտոնեական լիազորություններն անցնելու, այդ թվում նաև պաշտոնական դիրքի օգտագործմամբ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու և պաշտոնական հանցագործությունների այլ մասնավոր դրսևորումները պարզելու ուղղություններով: 

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն իր հերթին նշել է, որ հատկապես անպատժելիության մթնոլորտ չստեղծելու նպատակով չափազանց կարևոր է հանցագործություններ կատարած բոլոր անձանց քրեական պատասխանատվության անխուսափելիության ապահովումը՝ դատավարության ողջ ընթացքում օրինականության և դատավարության բոլոր մասնակիցների իրավունքների լիարժեք ապահովմամբ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter