HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ՊՆ-ին և հատուկ ծառայություններին կապված 27 անձանց և 6 ընկերությունների դեմ

ԱՄՆ պետդեպարտամենտը պատժամիջոցների ցանկում է ներառել Ռուսաստանի 27 քաղաքացիների և 6 ընկերությունների, որոնց հետ համագործակցողների վրա նույնպես պատժամիջոցներ կսահմանվեն: Ցանկում ընդգրկվածները առնչություն ունեն ՌԴ պաշտպանական ոլորտի և հատուկ ծառայությունների հետ:

«Սև ցուցակը» կազմվել է «Պատժամիջոցներով Ամերիկայի հակառակորդների վրա հակազդեցության» մասին ԱՄՆ օրենքի հիման վրա: 

Պատժամիջոցների ցանկում է հայտնվել «Վագների մասնավոր ռազմական ընկերությունը» (ЧВК Вагнера), որի գոյությունը Մոսկվան հերքում է: Ըստ մամուլում առկա հրապարակումների՝ այդ խմբավորման զինյալները պատերազմել են Ուկրաինայի արևելքում, Սուդանում և Սիրիայում: Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև գործարար Եվգենի Պրիգոժինը, ով համարվում է «Վագների մասնավոր ռազմական ընկերության» գլխավոր հովանավորը: Ավելի վաղ Պրիգոժինը հայտնվել էր նաև ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցանկում:

«Սև ցուցակում» են ընդգրկվել նաև Եվգենի Պրիգոժինին փոխկապակցված այլ ընկերություններ, որոնցից են Concord Catering-ը և «Ինտերնետ-հետազոտությունների գործակալությունը», որին ԱՄՆ-ում մեղադրում են 2016 թվականի նախագահական ընտրություններին միջամտելու մեջ:

Պատժամիջոցների ցանկում կան նաև մի շարք անձինք, որոնք ըստ պետդեպի՝ առնչություն ունեն ռուսական հատուկ ծառայությունների հետ: Նրանց թվում են ռուսական ռազմական հետախուզության ենթադրյալ սպաներ և «Ինտերնետ-հետազոտությունների գործակալության» աշխատակիցներ: «Սև ցուցակում» են ներառվել նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմաշինարարական համալիրի մեջ մտնող "Оборонлогистика" ընկերությունը և Ամուրի Կոմսոմոլսկի ավիացիոն գործարանը:

ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունում ասվում է, որ որոշումն ընդունվել է տարբեր երկրներում ռուս զինվորականների և հատուկ ծառայությունների «վնասակար գործողությունների» առնչությամբ:

Հավելենք, որ սեպտեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը թույլ է տալիս պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ-ում ընտրություններին միջամտելու համար: Պատժամիջոցները իրենցից ներկայացնում են ակտիվների սառեցում, ամերիկյան ֆինանսական կառույցների հասանելիության սահմանափակում և ընտրությունների միջամտությանը կապված ընկերություններում ներդրումների արգելք ԱՄՆ քաղաքացիների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter