HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վան քաղաքի եկեղեցիները

Հեղինակ՝ Ռոբերտ Թաթոյեան

XIX դարի վերջերին և XX դարի սկզբներին Վան քաղաքում կար տասներկու գործող եկեղեցի, որոնցից եօթը՝ Վանի Քաղաքամէջ, հինգը՝ Այգեստան թաղամասում։

Վան քաղաքի Քաղաքամէջ թաղամասի եկեղեցիները

Սուրբ Պօղոս-Պետրոս և Սուրբ Առաքել զոյգ (յարակից) եկեղեցիներ

Սուրբ Պօղոս-Պետրոս և Սուրբ Առաքել յարակից եկեղեցիները գտնւում էին կողք կողքի, առանձնացուած էին իրարից միայն միջնապատով։ Այդ պատճառով վանեցիներն այդ եկեղեցիները սովորաբար անուանել են՝ «ժամը ժամի վրայ» կամ «ջուխտակ ժամը ժեռ քարի վրայ»։ Եկեղեցիները տեղակայուած էին Քաղաքամէջի գլխաւոր հրապարակի հիւսիսային կողմում։

Եկեղեցիների շէնքերն ու գաւիթներն ունէին հոյակապ ու ամրակառոյց հաստատութիւն, շինուած էին ամբողջութեամբ սրբատաշ քարերից։ Սուրբ Պօղոս եկեղեցին 8 x 12 մետր արտաքին չափսերով էր, ունէր ուղղանկիւն գմբէթաւոր դահլիճ տիպի յօրինուածք, նկարագրւում է որպէս «մեծ և գմբէթաւոր»։ Սուրբ Պետրոս եկեղեցին ունէր բազիլիկատիպ յօրինուածք։    

XIX դարի վերջին - XX դարի սկզբին գործող էր միայն Սուրբ Պօղոսը, իսկ Սուրբ Պետրոսը կիսաւեր վիճակում էր։ 1850-ական թթ. կէսերին Սուրբ Պօղոս եկեղեցում պաշտօնաւարում էր երկու հոգևորական [1]:

Սուրբ Նշան կամ Էջմիածին եկեղեցի

Բերդաքաղաքի կենտրոնական եկեղեցին էր, որին կից գտնւում էր Առաջնորդարանի շէնքը։ Եղել է փոքր գմբէթաւոր տիպի եկեղեցի։  Եկեղեցու նաւակատիքի տօնը նշւում էր ամեն ուրբաթ օր, երբ մատուցւում էր նաև պատարագ։ Վարագայ և Խաչվերացի տօներին եկեղեցում էին համախմբւում Քաղաքամէջի բոլոր եկեղեցիների հոգևորականները և ժողովրդի բազմութիւնը։ 1850-ական թթ. կէսերին Սուրբ Նշանում պաշտօնավարում էր երկու հոգևորական [2]:

Սուրբ Սահակ եկեղեցի

Եկեղեցին գտնւում էր Քաղաքամէջի շուկայի հիւսիս-արևելեան կողմում։ Այն յաճախում էին գերազանցապէս արհեստաւորների ընտանիքները պահքի և մեծ տօների օրերին։ Եկեղեցու շէնքը նկարագրւում է որպէս լայնանիստ ու հոյակապ տաճար, դիրքով և տեսարանով փառաւոր, պատկառելի մի սրբավայր։

Սուրբ Սահակում են յաճախ քարոզել նշանաւոր եկեղեցական գործիչներ Երեմիա Տևկանցը և Գարեգին Սրուանձտեանցը [3]։

Սուրբ Ստեփաննոս եկեղեցի

Գտնուել է Սուրբ Սահակ եկեղեցու հարևանութեամբ։ Եկեղեցին փայտաշէն էր, տեսքով պարզ և անշուք։ Ունէր միայն գաւիթ, որը յաճախ ծառայում էր որպէս արհեստաւորների ժողովասրահ, ինչպէս նաև պատարագելու սեղան։ Երբ Վանում պատահում էր ազգային և համայնական որևէ կարևոր խնդիր, ամբողջ արհեստաւորաց համայնքի և ընկերութիւնների ներկայացուցիչներն այն քննարկելու համար հաւաքւում էին Սուրբ Ստեփաննոսում։ 1850-ական թթ. կէսերին Սուրբ Սահակ և Սուրբ Ստեփաննոս եկեղեցիներում միասին պաշտօնավարում էր երկու հոգևորական [4]:

Սուրբ Ծիրանաւոր Աստուածամայր եկեղեցի

Եկեղեցին գտնւում էր Սուրբ Սահակ եկեղեցուց մօտ հինգ րոպէ հեռաւորութեան վրայ՝ ծիրանի ծառերով «ծառախիտ և կանաչազարդ» մի պարտէզի մէջ։  Չափսերով մեծ չէր. գողտրիկ և նուրբ համաչափութիւններով կառոյց էր։

Եկեղեցու տարածքում բխում էր փոքր աղբիւր, որը հռչակուած էր իր հրաշագործ բուժիչ յատկութիւններով։ «Զօրեղ և զօրաւոր է զօրութիւնն Ծիրանաւոր Աստուածամօրը, իւր հրաշքն տեսնուել է ամեն ջերմեռանդ հաւատացեալների վրայ անխտիր թուրքին և հային, որոնք խնկով ու մոմերով դիմում և լուացւում են նորա տաճարում բղխած խորի օրհնեալ ջրովն և գտնում են բժշկութիւն շատ տեսակ ցաւերի», - հաղորդւում է ժամանակակից ականատեսի վկայութեան մեջ։

Եկեղեցում պատարագ էր մատուցւում չորեքշաբթի և տօն օրերին։

1850-ական թթ. կէսերին Սուրբ Ծիրանաւորում պաշտօնավարում էր մէկ հոգևորական [5]:

Սուրբ Տիրամայր եկեղեցի

Եկեղեցին եղել է Վան քաղաքի հնագոյն սրբավայրերից մէկը։ Յուշարձանի մասին մեզ հասած առաջին տեղեկութիւնները վերաբերում են XIV դարին։ XIX դարի վերջին և XX դարի սկզբին եկեղեցական համալիրը կազմուած է եղել Սուրբ Տիրամօր և յարակից Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցիներից, և նրանց կից քաղաքի հայկական առաջին կրթական հաստատութիւնից՝  «Յիսուսեան» մայր վարժարանից։

Եկեղեցին հարուստ էր անշարժ և շարժական կալուածքներով ու գոյքով, թանկագին ոսկեայ, արծաթեայ և ականակուռ զարդ-սպասքներով։ Եկեղեցում էր պահւում «Մմար խաս» կամ «Մալխաս» հրաշագործ աւետարանը։

1850-ական թթ. կէսերին Սուրբ Տիրամայր եկեղեցում պաշտօնավարում էր երկու հոգևորական [6]:

Սուրբ Վարդան եկեղեցի

Սուրբ Վարդան եկեղեցին գտնուել է Սուրբ Տիրամօր եկեղեցուց արևելք։  Այն ըստ աւանդութեան V դարի երկրորդ կէսին հիմնադրել է Վարդան Մամիկոնեանի դուստր Շուշանը: Սուրբ Վարդանը վաղ միջնադարեան տաճարից և ուշ միջնադարեան գաւիթից կազմուած համակառոյց էր՝ արտաքուստ 8.5 х 10.4 մետր չափերով ուղղանկիւն և գմբէթաւոր:

Սուրբ Վարդան եկեղեցին ներքուստ աղիւսաշէն էր։ Ուշագրաւ էր եկեղեցու արտաքին պատերի 2 մ հաստութիւնը, որ հնարաւորութիւն էր տուել ներքին ճակատներում տեղաբաշխել 1 մ խորութեամբ որմնակամարներ:

Եկեղեցու տօնախմբութիւնը կատարւում էր բարեկենդանից յետոյ հինգշաբթի օրը՝ «հոգեկան պատրաստութեամբ և ... հոծ բազմութեամբ արանց և կանանց, դպրոցական ներկայացուցիչների»: Գէորգ Շերենցն այն անուանում է «Վասպուրականի մէջ ամենագլխաւոր տօնակատարութիւն և գլխաւոր հանդէս», որը կատարւում էր «նախօրօք պատրաստուած և խնամօք նախաձեռնութեամբ»։

1881 թ. եկեղեցուն կից ստեղծուել է Վան քաղաքի հայկական օրիորդաց առաջին Շուշանեան վարժարանը:

1850-ական թթ. կէսերին Սուրբ Վարդանում պաշտօնավարում էր երկու հոգևորական [7]:

Այգեստանի եկեղեցիները

Հայկավանից Սուրբ Աստուածածին եկեղեցի

Հայկավանից Սուրբ Աստուածածին եկեղեցին (հնում՝ վանք) յայտնի էր նաև Եօթն խորան ժամ, Հայկվանք, Հանգուցելոյ վանք և Օթեվանք անուններով։ Գտնուել է Քաղաքամէջից դէպի Այգեստան տանող երկու մեծ պողոտաների վրայ։ Եկեղեցուն կից եղել է հայկական գերեզմանատուն։ Կառուցուել է XI-XII դարերում։

Եկեղեցին եռանաւ բազիլիկ տիպի էր, առանձնանում էր ընդարձակ գաւիթով։ Կենտրոնական նաւը ծածկուած էր երեք յաջորդական հազարաշէն երդիկներով։ Եկեղեցու տանիքը եղել է հողաշէն՝ Վանայ տարածքին բնորոշ համապատասխան երդիկային բացուածքներով։

Եկեղեցու՝ «Եօթն խորան» անուան պատճառն այն էր, որ բացի սուրբ սեղանի վերևումն առկայ երեք խորաններից, ստորին հատուածում կային ներքնախորաններ՝ իւրաքանչիւրում մէկական խաչքարերով՝ «կապոյտ», «կանաչ» և «կարմիր» խաչ անուններով։ Վանեցիները հաւատում էին, որ դրանք օժտուած էին հրաշագործ յատկութիւններով. տենդ ու ջերմ ունեցող հիւանդները մտնում, ծնրադրում և լուացւում էին խորանների աւազաններում ի բժշկութիւն ցաւերի։

Անմիջապէս եկեղեցու մէջ գործում էր դպրոց, որի համար յատկացուած տարածքը բաժանուած էր աղօթասրահից փայտեայ պատնէշով:

1850-ական թթ. կէսերին եկեղեցում պաշտօնավարում էր երկու հոգևորական [8]:

շարունակությունը՝ այստեղ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter