HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ականատես»-ի դիտորդների արձանագրած խնդիրները ընտրական գործընթացի վերաբերյալ

«Ականատես» դիտորդական առաքելության մոտ 160 դիտորդներ հսկում են Երեւանի ավագանու ընտրական գործընթացը 80 ընտրատեղամասերում՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում։

«Ականատեսի» դիտորդները քվեարկության նախապատրաստման փուլում արձանագրել են հետևյալը (խախտումների մի մասը ստուգման փուլում է)

Դիտորդների՝ տեղամաս մուտք գործելու  հետ կապված որևէ խնդիր չի արձանագրվել՝ մեկ բացառությամբ։ Բացահայտվել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում 7/10 և 7/11 տեղամասերի համար տեղադրված է սխալ հասցե՝ 84-րդ մանկապարտեզի հասցեն Հովնաթանի 23-ի փոխարեն ներկայացված է Շերամի 15, ինչի պատճառով դիտորդները երկու ժամ շարունակ չեն կարողացել գտնել տեղամասը։

Դիտարկված բոլոր տեղամասերում հանձնաժողովների առավոտյան նիստին  եղել է քվորում։ Չհրկիզվող պահարանի, քվեատուփի վիճակի կամ տեղադրման և տեխնիկական սարքի ստուգման հետ կապված խնդիրներ չեն արձանագրվել։ Քարոզչական նյութերի հետ կապված մեկ դիտարկված խնդիրը տեղում լուծվել է։

Թվով 2 (3%) տեղամասում եղել են վիճակահանության կարգի խախտումներ։

Թվով 1 (1%) տեղամասում զրոյական մասնակցության տեղեկանքը չի տպվել։

Թվով 3 (4%) տեղամասում ներկա են եղել կողմնակի անձինք՝ պահակ, հանձնաժողովի անդամի մայր և կողմնակի քաղաքացի, որոնք զգուշացվելուց հետո տվյալ փուլում դուրս են եկել:

Ընտրողների և կուսակցությունների ցուցակները փակցնելու հետ կապված խնդիրներ չեն եղել։

Թվով 47 (59%) տեղամաս հասանելի չի եղել սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող անձանց համար։

Թվով 14 (18%) տեղամասում սենյակի կահավորումը չի ապահովել քվեարկության գաղտնիությունը։

Երկու դեպքում արձանագրվել է տեղամասում գտնվելու իրավունք ունեցող անձանց իրավունքների խոչընդոտում:

Թվով 2 (3%) տեղամաս 5-15 րոպե ուշ են բացվել քվեարկության համար։

Մի շարք  խախտումների մանրամասն  նկարագրությունը ներկայացված է ստորև

Մասնավորապես՝ «Ականատես»-ի դիտորդների կողմից նկարագրվել են հետևյալ խնդիրները

Կահավորման հետ կապված խնդիրներ

2/16 տեղամասում քվեարկության խցիկի մի կողմում գտնվում է պոլիէթիլենային ծածկ, որի հետևից հնարավոր է տեսնել, թե ինչպես է ընտրողը քվեարկում: Այս մասին դիտորդը տեղեկացրել է հանձնաժողովի նախագահին և վերջինս և այլ անդամներ վստահեցրել են, որ ոչ ոք չի գալու և այնտեղից հսկի ընտրողների քվեարկությունը: Դիտորդի պնդմամբ, այս խախտումը գրանցվել է գրանցամատյանում, քվեախցիկի տեղը մնացել է անփոփոխ։

2/28 տեղամասում քվեախցերի հետևում կա դուռ, որն ըստ հանձնաժողովի նախագահի փակ է: Հանձնաժողովի անդամները ստորագրել են դատարկ թղթի վրա և այն փակցրել են դռան վրա: Ըստ դիտորդի՝ հանձնաժողովի բոլոր անդամները տեղյակ են այդ դռան գոյության մասին:

2/40 տեղամասում քվեախցիկի ետնամասում առկա է դուռ: Դիտորդը ներկայացրել է խնդիրը հանձնաժողովին, դուռը  կպչուն ժապավենով փակել են` փորձելով չեզոքացնել դռան առկայությունից ծագող հնարավոր ռիսկը:

4/28 տեղամասում քվեախցիկի ետնամասում առկա է դուռ, իսկ դրա վերևում բաց լուսամուտ։ Նախագահի պնդմամբ դուռը փակ է և այդ փաստը ստուգվել է քվեարկությունից մեկ օր առաջ։ Քվեախցիկը չի տեղափոխվել, սակայն հանձնաժողովի անդամները թղթերով և կպչուն ժապավենով փակել են լուսամուտը։ Այդ մասին  արձանագրվել է գրանցամատյանում։

5/10 տեղամասում քվեախցիկներից մեկի հետևում առկա է եղել դուռ, որի վրա եղել է բանալի: Դիտորդը խնդրել է տեղափոխել քվեախցիկը, և վերջինիս խնդրանքին ի պատասխան  հանձնաժողովի նախագահը սկզբում հրաժարվել է տեղափոխել քվեախցիկը, այնուհետև, երբ դիտորդը պահանջել է արձանագրել գրանցամատյանում խախտման վերաբերյալ իր գնահատականը, վերջինս համաձայնել է և քվեախցիկը տեղափոխվել է: Ավելի ուշ,  Տարածքային ընտրական հանձնաժողովից այցելել են տեղամաս և պահանջել նույն տեղում դնել քվեախցիկը, իսկ ետնամասում գտնվող դռան վրա փակցվել է թուղթ՝ դիտորդի ստորագրությամբ:

9/48 տեղամասում քվեախցիկների ետևի մասում աստիճաններ են ու առկա է դուռ (երեք քվեախցիկներից միայն մեկի ետևում տեղադրվել է գրատախտակ): Հանձնաժողովը պարզաբանել է, որ նախորդ օրը տարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները ներկա են եղել տեղամասում և արձանագրել, որ այլ կերպ տեղամասը կահավորել հնարավոր չէ, հետևաբար, քվեախցիկները չեն տեղափոխվելու: Հանձնաժողովի նախագահին ներկայացվել է պահանջ խնդրի վերաբերյալ գնահատականը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում արձանագրելու վերաբերյալ, ու թեև հանձնաժողովի նախագահը չի առարկել, հանձնաժողովի քարտուղարը հրաժարվել է կատարել գրանցումը։

Վիճակահանության հետ կապված խնդիրներ

2/22 տեղամասում հանձնաժողովի որոշ անդամներ ինքնակամ փոխել են վիճակահանությամբ իրենց բաժին հասած գործառույթները: Ընդ որում՝ գրանցել են և պահպանել են արդեն փոփոխված տարբերակները: Դիտորդի պահանջով միջադեպն արձանագրվել է տեղամասի գրանցամատյանում։

7/34 տեղամասում խախտվել է վիճակահանության կարգը: Վիճակահանության ժամանակ հանձնաժողովի անդամ Արամ Օհանյանին  վեց անգամ բաշխվել է նույն՝ ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնելու և քվեատուփի համար պատասխանատու լինելու գործառույթը, սակայն  վերջինս հրաժարվել է վեց անգամ նույն գործառույթը կատարելուց: Հանձնաժողովի նախագահն այդ մասին հայտնել է վերադաս տարածքային ընտրական հանձնաժողովին, և որոշվել է կրկին իրականացնել վիճակահանություն։ Դիտորդը պահանջել է գրանցել խախտումը գրանցամատյանում, սակայն Հանձնաժողովի նախագահը հրաժարվել է։

8/15 տեղամասի բացումից հետո մոտ 30 հատ ծրարի վրա հանձնաժողովի անդամի կողմից դրվել է կնիք: Դիտորդը պահանջել է խախտման վերաբերյալ իր կարծիքը գրանցել գրանցամատյանում, սկզբից հրաժարվել են գրանցել՝ պատճառաբանելով, որ այդ հարցը կդնեն քվեարկության և հանձնաժողովը որոշում կկայացնի վավեր կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ: Դիտորդի պնդումներից հետո գնահատականն ի վերջո գրանցվել է գրանցամատյանում:

Ականատես դիտորդական առաքելության հետ կապված հարցերով և լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել Հայկ Դավթյանին 093025271 հեռախոսահամարով:

0-ական մասնակցության վերաբերյալ տեղեկանքի հետ կապված խնդիրներ

8/9 տեղամասում տեխնիկական սարքը ժամանակին չի տպել զրոյական տեղեկանքը, ինչի պատճառով տեղամասը բացվել է 08:10 րոպեին: Հանձնաժողովը կազմվել է արձանագրություն, գրանցամատյանում կատարվել է համապատասխան գրառում, որից հետո տեղամասը բացվել է:

«Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնադրվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ի և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության կողմից։ Երևանի ավագանու ընտրություններին «Ականատես» դիտորդական առաքելության գործընկերն է նաև Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter